Թուրքիա

Թուրքիայի ՊՆ-ն ներկայացրել է «Մեքքայի համաձայնագրի» ռազմական բաղադրիչի մանրամասները

5 րոպեի ընթերցում

Թուրքիայի ՊՆ-ն ներկայացրել է «Մեքքայի համաձայնագրի» ռազմական բաղադրիչի մանրամասները

Թուրքիայի, Սաուդյան Արաբիայի և Պակիստանի միջև ստորագրված «Մեքքայի համատեղ պաշտպանության համաձայնագիրը» նախատեսում է երեք երկրների միջև ռազմական համագործակցության աստիճանական խորացում՝ ցամաքային, ռազմածովային և ռազմաօդային ուժերի, հակաօդային պաշտպանության ու անօդաչու համակարգերի ներգրավմամբ համատեղ զորավարժությունների անցկացմամբ։

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով թուրքական «Հուրիեթ» պարբերականը, համաձայնագրի մանրամասները ներկայացրել է Թուրքիայի պաշտպանության նախարարության մամուլի և հասարակայնության հետ կապերի խորհրդական, նախարարության խոսնակ Զեքի Աքթյուրքը։

Նրա խոսքով՝ համաձայնագրի նպատակն է Թուրքիայի, Պակիստանի և Սաուդյան Արաբիայի միջև առկա հարաբերությունները պաշտպանության և անվտանգության ոլորտներում դարձնել առավել ինստիտուցիոնալ և կայուն։

«Համաձայնագրի հիմնական նպատակն է նպաստել տարածաշրջանային անվտանգությանն ու կայունությանը, զարգացնել մեր երկրների միջև ռազմական համագործակցությունը և ուժեղացնել հնարավոր ճգնաժամերի դեպքում համատեղ գործելու կարողությունը։ Համաձայնագիրը պաշտպանական բնույթ ունի և որևէ երկրի չի սահմանում որպես ընդհանուր թշնամի կամ հակառակորդ»,- ասել է Աքթյուրքը։

Նրա փոխանցմամբ՝ նախատեսվում է ստեղծել ռազմաքաղաքական ռազմավարական մեխանիզմներ՝ երեք երկրների պաշտպանության և արտաքին գործերի նախարարների, ինչպես նաև գլխավոր շտաբների պետերի կամ զինված ուժերի հրամանատարների մասնակցությամբ։ Դրանք պետք է ապահովեն երեք երկրների միջև համակարգումը բարձրագույն մակարդակով։

Ռազմական համագործակցությունը նախատեսվում է զարգացնել փուլային եղանակով։ Սկզբնական փուլում նախատեսվում են հրամանատարաշտաբային և դաշտային զորավարժություններ, իսկ հետագայում՝ ցամաքային, ռազմածովային և ռազմաօդային ուժերի, ՀՕՊ-ի և անօդաչու համակարգերի մասնակցությամբ համատեղ զորավարժություններ։

Թուրքիայի ՊՆ-ի ներկայացուցչի խոսքով՝ դրանց նպատակն է հնարավոր ճգնաժամերից առաջ բացահայտել առկա կարիքներն ու բացերը, ձեռք բերված փորձը ներառել ռազմական դոկտրինների, ուսուցման և պլանավորման գործընթացներում և շարունակաբար զարգացնել համատեղ գործողություններ իրականացնելու կարողությունը։

Համաձայնագրի կարևոր ուղղություններից է նաև պաշտպանական արդյունաբերության ոլորտում համագործակցությունը։ Այն նախատեսում է ոչ միայն սպառազինության և համակարգերի մատակարարումներ, այլև դրանց համատեղ մշակում և արտադրություն, տեխնոլոգիական համագործակցություն, ինչպես նաև տեխնիկական սպասարկման և լոգիստիկ աջակցության կայուն համակարգերի ձևավորում։

Առաջնահերթ ոլորտների շարքում նշվել են անօդաչու և ինքնավար համակարգերը, ռադիոէլեկտրոնային պայքարի միջոցները և արհեստական բանականության վրա հիմնված ռազմական կարողությունները։

Թուրքիայի ՊՆ-ն միաժամանակ ընդգծել է, որ «Մեքքայի համատեղ պաշտպանության համաձայնագիրը» չի դիտարկվում որպես ՆԱՏՕ-ի այլընտրանք կամ մրցակից։

«Այն գնահատվում է որպես միջազգային անվտանգության ճարտարապետությունը լրացնող մեխանիզմ, որը նպաստելու է տարածաշրջանային անվտանգությանն ու կայունությանը»,- նշել է Աքթյուրքը։

Նրա խոսքով՝ մեխանիզմի զարգացմանը զուգահեռ, համապատասխան համաձայնության առկայության դեպքում, կարող է քննարկվել նաև այլ երկրների միանալու հնարավորությունը։

Թուրքիայի ՊՆ-ն համաձայնագրի վերջնական նպատակ է համարում այնպիսի ինստիտուցիոնալ մեխանիզմի ստեղծումը, որը խաղաղ պայմաններում արդյունավետ կգործի, պատրաստ կլինի հնարավոր ճգնաժամերին և անհրաժեշտության դեպքում կկարողանա ապահովել կոնկրետ ռազմական աջակցություն։

Աքթյուրքն անդրադարձել է նաև Կարմիր ծովում անվտանգության ապահովման նախաձեռնությանը։

Նրա փոխանցմամբ՝ Բաբ էլ Մանդեբի նեղուցում նավարկության ազատությունն ապահովելու նպատակով Սաուդյան Արաբիայի նախաձեռնությամբ քննարկվում է բազմազգ ծովային պաշտպանության կոալիցիայի ստեղծումը։ Հուլիսի 28-ին Էր Ռիադում այդ հարցով անցկացվել է տեխնիկական մակարդակի, իսկ հուլիսի 30-ին՝ գլխավոր շտաբների պետերի մակարդակով հանդիպում։ Օգոստոսի 12-13-ը Ջիդդայում ընթացող համակարգման հանդիպմանը մասնակցում է նաև Թուրքիան։

Անկարան, ըստ Թուրքիայի ՊՆ-ի, Սաուդյան Արաբիայի հետ շարունակում է աշխատանքները Պարսից ծոցի տարածաշրջանում լարվածության նվազեցման և միջազգային առևտրի անխափան ընթացքն ապահովելու ուղղությամբ։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում