Մեր ռազմավարությունն է էներգետիկ 100 տոկոսանոց անկախություն ունենալը. Նիկոլ Փաշինյան
3 րոպեի ընթերցում

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ Հայաստանն առաջիկայում կարող է ունենալ էլեկտրաէներգիայի պահանջարկ՝ հաշվի առնելով Հայաստանում արհեստական բանականության գործարանների մեծ տեմպերով զարգացումը։
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այդ մասին ասել է ՀՀ կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ՝ արձագանքելով Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի այն հայտարարությանը, թե TRIPP-ի շրջանակներում դիտարկվում է Հայաստանի տարածքով դեպի Նախիջևան էլեկտրահաղորդման գծեր անցկացնելու ծրագիրը։ Ալիևը նաև հայտարարել էր, որ դա օգտակար կլինի նաև Հայաստանի համար, քանի որ Հայաստանի ատոմակայանը վաղ թե ուշ փակվելու է, և երկիրը էլեկտրական էներգիայի պահանջարկ է ունենալու, իսկ դա կարող է Հայաստանի համար էլեկտրաէներգիայի այլընտրանքային աղբյուր լինել։
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հստակեցրել է, որ էներգետիկ առևտրի վերաբերյաօլ երկու ուղղություն է պետք հաշվի առնել.
«Եթե մինչև բոլորովին վերջերս մենք խոսում էինք նրա մասին, որ Հայաստանն ունի էլեկտրաէներգիայի ավելցուկ, հիմա մենք պիտի խոսենք նրա մասին, որ Հայաստանը կարող է ունենալ էլեկտրաէներգիայի պահանջարկ, որովհետև ինչպես տեսնում եք, մեծ տեմպերով զարգանում են արհեստական բանականության գործարանները, իսկ դրանք մեր պատկերացումներից անդին ծավալներով էլեկտրական էներգիա են սպառում։ Իհարկե, այս պահի դրությամբ բնականաբար, մեր մեծ իրադրության մեջ բան չի փոխվել, բայց այն պլանները, որ մասնավորապես ներդրողներն ունեն Հայաստանում արհեստական բանականության նոր գործարաններ կառուցելու առումով, մեզ ստիպում է, որ նորից վերանայենք մեր էներգետիկ ռազմավարությունները, որպեսզի այս նոր պայմաններին և ակնկալիքներին համապատասխան կարողություններ ունենանք»,- ասել է Փաշինյանը։
Նա շեշտել է, որ ՀՀ կառավարության ռազմավարությունն էներգետիկ 100 տոկոսանոց անկախություն ունենալն է։
«Ինչպե՞ս։ Հայաստանում արևային կայանների և կուտակիչ կայանների զարգացման ճանապարհով. արևային ռեսուրսներով Հայաստանն առավել քան հարուստ է։ Բայց սա չի նշանակում, որ մենք դուրս ենք մնալու էլեկտրաէներգիայի միջազգային առևտրից։ Երբեմն մենք կարող ենք արտահանել, երբեմն ներկրել, այդ թվում՝ Ադրբեջանի հետ կարող ենք ունենալ գործընկերություն և գործակցություն այդ թվում էլեկտրաէներգիա արտահանելու և ներմուծելու մասով, ինչպես մնացած բոլոր երկրների հետ՝ Թուրքիայի հետ, Իրանի հետ, Վրաստանի հետ և այդպես շարունակ»,- ասել է Փաշինյանը։