16 րոպեի ընթերցում
Բրյուսելում ծնված և հայկական ընտանիքում մեծացած Աիդա Կազարյանը երբեք չի փորձել իր հայկական ինքնությունը հատուկ կերպով արտացոլել իր գեղանկարչության մեջ։ Այն պարզապես միշտ եղել է նրա արվեստի մի մասը՝ բնական ու աննկատ։ Հայկականությունը միշտ ներկայություն է ունեցել նրա ստեղծագործություններում՝ առանց երբևէ պարտադրված կամ ցուցադրական լինելու։ Աիդա Կազարյանի արվեստում արմատները սահմանափակում չեն։ Դրանք կենդանի նյութ են՝ հիշողություն, զգացողություն և ստեղծագործական ներշնչանքի աղբյուր, որը սերունդների միջով շարունակում է իր ճանապարհը։
Երբ Աիդա Կազարյանին խնդրում ես մի քանի բառով ներկայացնել ինքն իրեն, պատասխանը գալիս է գրեթե զինաթափող պարզությամբ՝ «պարզապես նկարիչ»։
Բրյուսելում ծնված, այնտեղ մեծացած, բելգիական և եվրոպական գեղանկարչությունից խորապես ներշնչված արվեստագետ։ Սակայն այդ համեստ բնորոշման հետևում բացվում է մի ամբողջ պատմություն՝ տարբեր երկրներով, լեզուներով, տեղահանություններով ու երբեմն չբարձրաձայնված հիշողություններով։ Նկարչությունից առաջ գորգերն էին։
Աիդա Կազարյանը մեծացել է արևելյան գորգերի մեջ, որոնք նրա ծնողները վերականգնում էին իրենց բրյուսելյան արհեստանոցում։
Նրա հայրը Խորհրդային Հայաստանից էր։ Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին նա ծառայել էր ԽՍՀՄ բանակում, ապա փախել և երկար ու անհավանական ճանապարհից հետո հասել Բելգիա։ Խորհրդային Միություն վերադառնալն այլևս անհնար էր։ Նա մնաց Բրյուսելում և սովորեց արևելյան գորգերի վերականգնման արհեստը։
Աիդայի մոր ընտանիքի պատմությունն այլ էր։ Նրա մոր ծնողները Կոստանդնուպոլսից էին։ Նրանք լքել էին Օսմանյան կայսրությունը, հասել Մարսել, ապա տեղափոխվել Փարիզի մերձակայքում գտնվող Ալֆորվիլ։ Այնտեղ Աիդայի մայրը նույնպես սովորել էր արևելյան գորգերի վերականգնում։
Աիդայի ծնողների ճանապարհները հատվեցին Փարիզում կազմակերպված հայկական պարահանդեսներից մեկում։ Նրանք հանդիպեցին, սիրահարվեցին և միասին հաստատվեցին Բրյուսելում, որտեղ հետագայում բացեցին իրենց արհեստանոցը։
Այսպես Աիդան մեծացավ թելերի, գույների, զարդանախշերի ու հին իրերի աշխարհում։ Այն ժամանակ նա դեռ չէր կարող իմանալ, որ իրականում արդեն նայում էր իր ապագա գեղանկարչությանը։
Մինչև վեց տարեկանը հայերենը գրեթե նրա առաջին լեզուն էր, որով հաղորդակցվում էր հոր, մոր և Փարիզում ամառներն անցկացնելու ժամանակ՝ տատիկի հետ։
Հետո եկավ դպրոցը, և նրա կյանք մտավ ֆրանսերենը։ Ժամանակի ընթացքում ֆրանսերենը, բելգիական և եվրոպական մշակույթը դարձան նրա ինքնության կարևոր մասերից։
Տասներկու տարեկանում Բրյուսելի լիցեյում Աիդան առաջին անգամ իսկապես բացահայտեց աբստրակտ արվեստը՝ մասնավորապես Բերտ Դյուբայի և Ժո Դելահոյի միջոցով։ Դա կարևոր բախում էր։
Տանը գեղանկարչությունը մինչ այդ հիմնականում սրբապատկերների, հին իրերի ու ծնողների հավաքած նկարների տեսքով էր ներկա։ Աբստրակցիան նրա առաջ բացեց միանգամայն այլ տարածք։ Աիդան աստիճանաբար սկսեց տեսնել զուգահեռներ։
Գորգի զարդանախշն էլ կարող է պատմություն պահել։ Այնտեղ կարող են լինել նշաններ, ռիթմեր, գաղտնիքներ։ Ինչ-որ բան կարելի է պատմել առանց պատկերային, ֆիգուրատիվ ներկայացման՝ ճիշտ այնպես, ինչպես աբստրակտ արվեստում։ Այս զգացողությունն այլևս երբեք չլքեց նրան։
Հետագայում եկավ Նյու Յորքը և ամերիկյան գեղանկարչության բացահայտումը՝ Ջեքսոն Փոլոք, Մարկ Ռոտկո, Բարնեթ Նյուման։ Այլ չափումներ։ Գեղանկարչությանը այլ կերպ հարցեր ուղղելու ձևեր։
Նրա աշխարհում նաև Մոնեն էր, «Ջրաշուշանները», ներկի շերտերի վերադրման կախարդանքը։ Այդ ամբողջ գեղարվեստական տիեզերքը, ինչպես ինքն է ասում, սնուցում էր աշխարհի և կյանքի մասին իր հայացքը։
Բայց մինչ նրա գեղարվեստական մտածողությունը ձևավորվում էր Բելգիայի, Ֆրանսիայի ու Միացյալ Նահանգների միջև, հայկականությունը կարիք չուներ որոնվելու. այն պարզապես այնտեղ էր, լեզվի մեջ, խոհանոցում, շարժումների մեջ, տան մեջ։ Հայերենը երկար ժամանակ նրա համար «գաղտնի, մտերմիկ, խորքային լեզու» էր։
Նրա մանկության Բրյուսելում այն գրեթե չէիր լսի հանրային տարածքում։ Իր սերնդի հայերից շատ քչերն էին հայերեն խոսում։ Որոշ ընտանիքներ նույնիսկ գիտակցաբար չէին փոխանցել լեզուն երեխաներին՝ կարծելով, թե լիարժեք ինտեգրումը պահանջում է նաև լեզվից հրաժարվել։ Կազարյանների ընտանիքում հայերենը մնաց։
Եվ մի օր այդ գաղտնի լեզուն հանկարծ դարձավ հանրային աշխարհի լեզու։ Աիդան տասնյոթ տարեկան էր, երբ որոշեց մորական տատիկի հետ մեկնել Հայաստան։ 1970 թվականն էր։ Խորհրդային Հայաստան։
Հայրը չէր կարող վերադառնալ։ Մայրը վախենում էր։ Բայց Աիդան ուզում էր տեսնել այն երկիրը, որի լեզուն կրում էր իր ներսում՝ առանց իսկապես ճանաչելու այդ երկիրը։
Նրանք իր տատիկի հետ Փարիզից մեկնեցին Մոսկվա, ապա Մոսկվայից՝ Երևան։ Եվ հենց այդ ինքնաթիռում տեղի ունեցավ մի բան, որը նա այլևս երբեք չմոռացավ։ Առաջին անգամ կյանքում նա հայերեն լսեց հանրային տարածքում։ Ինքնաթիռում հայտարարությունները հնչում էին ռուսերեն և հայերեն։ «Այդ պահին, կարծես, մի բան բացվեց գլխումս․ իմ ներսում հայկական ինչ-որ բան կա»։ Զգացմունքը նախ և առաջ եկավ լեզվի ձայնից, ոչ թե ինքնության մասին տեսությունից, ոչ էլ պատմության գրքից, ուղղակի ձայնից։ Այդուհանդերձ, այդ ճանապարհորդությունը հեռու էր ռոմանտիկ վերադարձ լինելուց։
Երիտասարդ Աիդան զգում էր խորհրդային միլիցիայի մշտական հսկողությունը։ Նա փորձում էր գտնել հոր հարազատներին, մինչդեռ Հայաստանում հայրը մահացած էր համարվել։
Հյուրանոցում նրան հարցաքննում էին՝ ո՞ւմ է հանդիպել, ո՞ւր է գնացել, ինչո՞ւ է ուշ վերադարձել։ Սակայն միաժամանակ նա բացահայտում էր մեկ այլ Հայաստան։ Մատենադարանում ձեռագրերն ու մանրանկարները ցնցեցին նրան։ Նա նաև բացառիկ հնարավորություն ունեցավ տեսնելու Մարտիրոս Սարյանին, որն արդեն շատ ծեր էր։ Սարյանը նստած էր իր տան առջև, և Աիդան պարզապես մոտեցավ ու սեղմեց նրա ձեռքը։
Շարժումը փոքր էր, հիշողությունը՝ հսկայական։ Հետո եկան Հայաստանի բնապատկերները, շոգը, ուղղահայաց լույսը, գույները, կտրուկ հակադրությունները։
Եվ հանկարծ Սարյանի կտավները նրա համար բացվեցին այլ կերպ։ Նա դրանք տեսավ հենց բնապատկերների մեջ։
Տարիներ անց Նյու Յորքում նա նույնքան ուժեղ հակադրություններ կտեսնի քաղաքի մեջ և ամերիկյան գեղանկարչության որոշ գործերում։ Թերևս, սա նրա հայացքի հիմնական առանձնահատկություններից մեկն է՝ տեսնել կապերը տարածքի և այնտեղ ապրած ու ստեղծած արվեստագետների միջև։
Ինչպե՞ս է լույսը դառնում գեղանկարչություն։ Ինչպե՞ս է քաղաքը մտնում նկարչի աշխատանքի մեջ։ Ինչպե՞ս է տարածքը վերջապես վերածվում ձեռքի շարժման։
Վերջին հարցի պատասխանը Աիդա Կազարյանը շատ ավելի ուշ պիտի գտներ։ Գեղարվեստի ակադեմիայում նա ստացել էր դասական կրթություն։ 1990-ականների սկզբին, սակայն, ինչ-որ բան փոխվեց։ Նա այլևս իրեն չէր գտնում այդ մեծածավալ, գրեթե իրական չափերի պատկերներում։ Ու սկսեց դրանք ծածկել։
Արվեստանոցը նայում էր դեպի այգի, և նա իր հսկայական գործերի վրա սկսեց այգիներ նկարել։ Աշխատում էր սպունգերով, իր ձեռքով ստեղծված գործիքներով, թողնում էր հետքեր ու դրոշմներ։ Եվ անընդհատ կրկնում էր մի շարժում, մինչև որ մի օր նրա կյանքի ընկեր Պանան ուշադրություն դարձրեց այդ շարժմանը։
Այն հիշեցնում էր բուստրոֆեդոն՝ շարժում, երբ գիծը գնում է մի ուղղությամբ, հասնում վերջնակետին և հաջորդ շարքում վերադառնում հակառակ ուղղությամբ։ Եվ հենց այդ պահին Աիդան հասկանում է։ Նա հազարավոր անգամներ տեսել էր այդ շարժումը։
Դա իր մոր ձեռքի շարժումն էր, երբ նա վերականգնում էր խիստ վնասված գորգը, նորից կառուցում էր հիմքն ու հենքը, հետո հանգույց առ հանգույց վերականգնում ամբողջ հատվածը։ Նա գնում էր մի ուղղությամբ, հետո վերադառնում մյուս կողմ, հետո կրկին։
Աիդան ամբողջ մանկությունն անցկացրել էր այդ շարժմանը նայելով։ Նա երբեք գիտակցաբար չէր սովորել այն։ Կամ այդպես էր կարծում։ Տասնամյակներ անց նրա նկարչի ձեռքը նույն շարժումն էր կրկնում։
«Սա է իմ հայկական արմատը։ Իմ արմատը՝ գորգի մեջ»։ Այդ պահին ժառանգությունը դադարում է վերացական գաղափար լինելուց։ Այն դառնում է մարմնի շարժում։ Այդուհետ Աիդան որոշում է գիտակցաբար շարունակել այն շարժումը, որը սկզբում ծնվել էր անգիտակցաբար և դրանում տեսնում է նաև հարգանքի տուրք իր մորը։
Հայկական գորգը նրան գրավում է նաև այն պատճառով, որ դրա մեջ կարող են լինել գրություններ, անուններ, թվականներ, ստորագրություններ։ Գորգը կարող է դառնալ հետք։
Աիդան հիշեցնում է, որ Ցեղասպանությունից հետո գորգագործությունն ու հյուսելը շատերի համար նաև վկայություն թողնելու ձև էին։ Հետքի գաղափարը անցնում է նաև նրա սեփական արվեստի միջով։ Նա շատ է աշխատում դրոշմների և հետքերի հետ։
Եվ այստեղ ևս իմաստը հաճախ գալիս է շարժումից հետո։ «Դրոշմ թողնելը նշանակում է ժամանակի վրա նշան անել, հետք թողնել։ Իսկ այդ հետքը կապված է հիշողության հետ»։
Հետքերը կուտակվում են և վերջապես ստեղծում ներկայություն։ Իսկ այդ ներկայությունն ի՞նչ է, եթե ոչ հիշողություն։ Աիդա Կազարյանի համար հայկական ինքնությունը երբեք գեղարվեստական ծրագիր չի դառնում։ Նա գրեթե բնազդորեն մերժում է այդ գաղափարը։
Նա երբեք կտավի առաջ չի նստել այն մտքով, թե այսօր հայկականություն պիտի նկարեմ։ Որովհետև ապրած ինքնությունը միշտ չէ, որ կարիք ունի հայտարարվելու։ Այն լեզվի մեջ է, ուտելիքի մեջ, հոտերի մեջ, շարժումների մեջ։ Այն նույնիսկ իր այգում աճող այն խաղողի վազի մեջ է, որը ժամանակին տնկել է տատիկը։
Եվ նույնքան բնական կերպով այդ ինքնությունը գոյակցում է ֆրանսերենի հանդեպ նրա սիրո, Բելգիայի հանդեպ կապվածության և ամբողջ եվրոպական մշակույթի հետ, որը ձևավորել է նրան։ «Մեկը մյուսին չի աղքատացնում։ Ընդհակառակը՝ հարստացնում է»։
Թերևս, հենց այս միտքն է շատ բան ասում նրա ինքնության մասին։ Այստեղ ընտրության խնդիր չկա։ Այստեղ շերտերի գումարում կա։
Երբ Աիդա Կազարյանին հարցնում ես՝ ինքն ի՞նչ է փոխանցել իր երեխաներին, նա մի պահ կասկածում է։ Նրա երեխաները՝ Սելինն ու Արազը, հայերեն խոսում են։ Նրանք կապված են հայկական մշակույթին, խոհանոցին, այդ ամբողջ աշխարհին։
Սակայն երբ Աիդան փորձում է անվանել ամենակարևոր բանը, որ ստացել է ծնողներից և փոխանցել իր երեխաներին, նա չի ընտրում ո՛չ լեզուն, ո՛չ ավանդույթը, ո՛չ պատմությունը։
Նա ասում է․ «Սեր։ Բայց սերը՝ մեծատառ Ս-ով»։ Հետո, կարծես, ինքն էլ ժպտում է իր պատասխանի վրա․ գուցե, նույնը կասեր, եթե հնդկուհի լիներ, որովհետև սերը, վերջիվերջո, ոչ հայկական է, ոչ բելգիական։ Պարզապես սեր է։
Այն, ինչ նա ուզում էր փոխանցել, նաև ամեն ինչ հնարավորինս լավ և սիրով անելու ցանկությունն է՝ սիրով պատրաստել, սիրով մեծացնել երեխաներին, սիրով նկարել։
Ոչ այն պատճառով, որ սերը երաշխավորում է կատարելությունը, այլ որովհետև այդպես ստեղծածիդ մեջ մնում է ինչ-որ ճշմարիտ բան։ Իսկ երբ նրան հարցնում ես՝ հայկական ո՞ր ավանդույթն է ամենից շատ սիրում, պատասխանը կրկին վերադառնում է առօրյա կյանքին։ «Երգել, սեղանի շուրջ բաժակ բարձրացնել, տոնել»։
Կրկին՝ ինքնությունը չի հայտարարվում։ Այն ապրում են։
Բոլոր գույներից Աիդա Կազարյանն առաջին հերթին ընտրում է սպիտակը՝ հայկականությունը նկարագրելու համար։ Որովհետև սիրում է ձյունը, գրեթե անտեսանելին, լռությունն ու ներքին տարածքը։
«Սպիտակի մեջ ես ամեն ինչ կարող եմ տեղավորել։ Այն ամբողջ լույսն ունի իր մեջ»։
Հետո գալիս է վարդագույնը՝ կապված Քրիստիան Բոբենի մի մտքի հետ, բայց նաև տատիկի վարդենու և վարդի թերթիկներից պատրաստվող մուրաբայի հիշողության հետ։
Այսպիսով՝ մեկ գույնի մեջ կարող են միաժամանակ լինել գրող, այգի, տատիկ, համ և մանկություն։
Սակայն սպիտակը լրիվ այլ խորություն է ստանում, երբ Աիդան խոսում է հայկական հիշողության մասին։
2015 թվականին՝ Հայոց ցեղասպանության հարյուրերորդ տարելիցի առիթով, Բելգիայի Թագավորական ակադեմիայի անդամ Աիդա Կազարյանը մեծ գիտաժողով կազմակերպեց՝ հիշատակելու այդ տարելիցը։ Նրա հայկական ինքնությունը դրսևորվում է նաև նման գործողություններով։
Սակայն նա հատուկ ընդգծում է՝ երբեք ինքն իրեն չի սահմանել միայն Ցեղասպանության միջոցով։ Մանկության տարիներին այդ մասին քիչ էին խոսում։ Նրա տատիկն ապրել էր այդ ժամանակաշրջանը Կոստանդնուպոլսում, բայց չէր պատմում դրա մասին։
Աիդան պատկանում է այն սերնդին, որը մեծացել է աղետի անմիջական հիշողության կողքին, սակայն այդ հիշողության մեծ մասը ծածկված էր լռությամբ։
Ավելի ուշ նրա դուստրը՝ Սելինը, ավելի շատ հարցեր կտա իր մեծ տատիկին և, գուցե, լսի այնպիսի պատմություններ, որոնք Աիդան երբեք չէր լսել։ Աիդան այդ լռությունը չի դատում։ Նա հասկանում է։
«Կան բաներ, որոնց միջով մենք անցնում ենք և երբեք չենք պատմի դրանց մասին»։ Եվ հանկարծ ամբողջ զրույցը վերադառնում է ավելի վաղ ընտրած գույնին։ Սպիտակին։ Այլևս ոչ միայն լույսի կամ ձյան սպիտակին, այլ այն ամենի սպիտակին, ինչ չի պատմվել՝ երկու սերունդների միջև մնացած սպիտակ տարածությանը։ Այն սպիտակ էջին, որի վրա հաջորդ սերունդը, գուցե, կարողանա սկսել գրել։
«Դրա համար էլ՝ սպիտակը հայկականության իմ գույնն է»։
Աիդա Կազարյանի համար արմատները, ի վերջո, ոչ քարացած տարածք են, ոչ էլ մշտական ինքնահաստատում։ Դրանք ավելի շատ նման են այն թելերին, որոնց նա նայում էր մանկության տարիներին ծնողների արհեստանոցում։
Որոշ թելեր տեսանելի են, մյուսներն անցնում են մակերեսի տակով։ Մի մասը գալիս է Բրյուսելից, մյուսը՝ Կոստանդնուպոլսից, Ալֆորվիլից, Երևանից կամ Նյու Յորքից։ Եվ երբ ամբողջ պատկերը պատրաստ է, այլևս անհնար է հստակ ասել՝ որտեղ է սկսվում մեկը և որտեղ ավարտվում մյուսը։ Գուցե, հենց սա է ինքնությունը՝ ըստ Աիդա Կազարյանի․ այն, ինչ կարծում ենք, թե մոռացել ենք, բայց մեր ձեռքը երբեմն դեռ հիշում է։