Ուզում եմ, որ մենք խիզախ գործենք «Սիոն»-ի դեմ խաղում. Սանդրո Պերկովիչ
2 րոպեի ընթերցում

Երևանի «Նոա» ֆուտբոլային ակումբի գլխավոր մարզիչ Սանդրո Պերկովիչը ցանկանում է, որ իր գլխավորած թիմը Կոնֆերենցիաների լիգայի որակավորման երրորդ փուլի «Սիոն»-ի դեմ խաղում խիզախ գործի։
«Մենք վերլուծել ենք «Սիոն»-ի ուժեղ և թույլ կողմերը։ Մենք մոտիվացիայի կարիք չունենք, քանի որ նման խաղերում դրա կարիքը չկա։ Մենք հնարավորինս լավ ենք նախապատրաստվել։ Սակայն չենք կարող հույս դնել մեզ համար շատ կարևոր ֆուտբոլիստների վրա»,- «Արմենպրես»-ի թղթակցի հաղորդմամբ՝ շվեյցարական Սիոն քաղաքում կայացած նախախաղային մամուլի ասուլիսի ժամանակ ասաց Պերկովիչը։
Մարզչի խոսքով՝ իր համար առաջնային ու կարևոր է, որ «Նոա»-ն մրցակցային խաղ ցուցադրի և պայքարի յուրաքանչյուր պահի համար։
«Ուզում եմ, որ մենք խիզախ գործենք «Սիոն»-ի դեմ խաղում։ Պայքարելու ենք, տալու ենք ամեն ինչ, ինչ կարող ենք։ Ինչպես «Սիոն»-ի մարզիչը, այնպես էլ ես այն կարծիքին եմ, որ երկու թիմերն էլ հավասար շանսեր ունեն։ Լիահույս եմ, որ առաջիկա խաղում առանձին որակական հատկանիշներով հանդես կգանք»,- առանձնացրեց նա։
Ֆուտբոլի Կոնֆերենցիաների լիգայի որակավորման երրորդ փուլի երկրորդ խաղում Հայաստանի գավաթակիր «Նոա»-ն արտագնա խաղում կմրցի շվեյցարական «Սիոն»-ի հետ։ Հանդիպումը կկայանա օգոստոսի 13-ին՝ Երևանի ժամանակով 20:15-ին։