Հայաստանում կսահմանվեն աղետների մասին տեղեկությունների փոխանցման հստակ ժամկետներ
4 րոպեի ընթերցում

Հայաստանում նախատեսվում է սահմանել աղետների ռիսկի կառավարման և բնակչության պաշտպանության վերաբերյալ տեղեկությունների հավաքման, մշակման ու փոխանակման միասնական կարգ։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ՀՀ ներքին գործերի նախարարության մշակած որոշման նախագիծը հրապարակվել է Իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքում։
Կարգը կտարածվի արտակարգ իրավիճակների կանխարգելման և հետևանքների վերացման համակարգում ներգրավված պետական կառավարման, տարածքային կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինների, կազմակերպությունների ու պաշտոնատար անձանց վրա։
Տեղեկությունների հավաքումը կիրականացվի շուրջօրյա՝ հերթապահ դիսպետչերական ծառայությունների, մոնիթորինգի և կառավարման ավտոմատացված համակարգերի միջոցով։ Դրանք կդասակարգվեն ըստ սպառնալիքի մակարդակի՝ հանրապետական, մարզային, համայնքային և տեղային, ինչպես նաև, ըստ անհետաձգելիության՝ օպերատիվ, ընթացիկ և վերլուծական։
Մարդու կյանքին սպառնացող վտանգի և օպերատիվ տեղեկության դեպքում տվյալները պետք է հաղորդվեն անհապաղ՝ առավելագույնը 10 րոպեի ընթացքում։ Արտակարգ իրավիճակի առաջացման կամ դրա սպառնալիքի մասին տեղեկությունները պետք է փոխանցվեն 30 րոպեի, իսկ իրավիճակային վերլուծական տվյալները՝ 24 ժամվա ընթացքում։
Իրավիճակի կտրուկ փոփոխության դեպքում ճշգրտված կամ լրացված տեղեկությունները պետք է հաղորդվեն անհապաղ, իսկ իրադարձությունների դինամիկ զարգացման փուլում՝ առնվազն երկու ժամը մեկ։
Արտակարգ իրավիճակի սպառնալիքի դեպքում տեղեկությունն անմիջապես պետք է փոխանցվի ՆԳՆ 112 օպերատիվ կառավարման կենտրոնին։ Պետական մարմինները կենտրոնին անվճար մշտական հասանելիություն կապահովեն անհրաժեշտ տվյալներ պարունակող տեղեկատվական համակարգերին՝ պահպանելով տեղեկատվական անվտանգության և անձնական տվյալների պաշտպանության պահանջները։
112 օպերատիվ կառավարման կենտրոնը շուրջօրյա կընդունի, կգրանցի և կմշակի հաղորդումները, կիրականացնի դրանց նախնական գնահատումը և անհրաժեշտության դեպքում անհապաղ կփոխանցի համապատասխան մարմիններին ու կազմակերպություններին։
Փրկարար ծառայությունը կհամակարգի տեղեկությունների հավաքումն ու փոխանակումը, կիրականացնի արտակարգ իրավիճակների հաշվառում և յուրաքանչյուր տարի մինչև մարտի 15-ը Կառավարություն կներկայացնի բնակչության ու տարածքների պաշտպանության վիճակի վերաբերյալ տարեկան զեկույց։
Բնակչության, այդ թվում՝ խոցելի խմբերի իրազեկումը նախատեսվում է իրականացնել ազդարարման համակարգերի, պետական մարմինների պաշտոնական կայքերի, բջջային հավելվածների, SMS և Cell Broadcast հաղորդագրությունների, ինչպես նաև հեռուստատեսային ու ռադիոհաղորդումների ընդհատման համակարգերի միջոցով։
Նախագծով սահմանվող տեղեկությունների աղբյուրների թվում են Փրկարար ծառայությունը, «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը», «Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայությունը», պետական և համայնքային մարմինները, վաղ նախազգուշացման համակարգերը, լրատվամիջոցները, ինչպես նաև քաղաքացիների ու կազմակերպությունների ահազանգերը։
Ներկայում աղետների ռիսկի կառավարման և բնակչության պաշտպանության մասին տեղեկությունների հավաքման, հաղորդման ու մշակման միասնական գործող կարգ սահմանված չէ։
Որոշումը նախատեսվում է ուժի մեջ դնել 2027 թվականի հունվարի 1-ից, իսկ դրանից բխող ենթաօրենսդրական ակտերը պետք է ընդունվեն մինչև 2027 թվականի մարտի 1-ը։ Նախագծի ընդունմամբ պետական բյուջեի եկամուտների կամ ծախսերի փոփոխություն չի նախատեսվում։
Նախագծի հանրային քննարկումը կշարունակվի մինչև օգոստոսի 9-ը։