ՀՀ կառավարությունը պետական աջակցություն կտրամադրի Արարատի և Արմավիրի մարզերի ձկնաբուծարաններին
4 րոպեի ընթերցում

Հայաստանի կառավարությունը հուլիսի 30-ի նիստում հաստատեց Արարատի և Արմավիրի մարզերում գործող ձկնաբուծարաններին պետական աջակցության միջոցառումը հաստատելու մասին հարցը։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ որոշումն ընդունվեց միաձայն։
Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը զեկուցելով հարցի վերաբերյալ՝ նշեց, որ նախագծով նախատեսվում է աջակցություն տրամադրել Արարատի և Արմավիրի մարզերում գտնվող արդյունագործական ձկնաբուծության 135 տնտեսություններին, որոնք զբաղվում են իշխան և թառափ ձկնատեսակների բուծմամբ, ինչպես նաև բեղմնավորված ձկնկիթի ու խավիարի արտադրությամբ, բայց միևնույն ժամանակ պարտադիր պետք է հանդիսանան ԱԱՀ (ավելացված արժեքի հարկ) վճարող։
Ըստ նրա, աջակցությունը տրամադրվելու է միանվագ փոխհատուցման ձևով՝ հետևյալ բանաձևով․
«2026 թվականի առաջին կիսամյակի ընթացքում ձեռք բերված ձկան կերի 1 ամսվա միջին արժեքի 20 տոկոսի չափով։ Ընդ որում, 1 կիլոգրամի համար հաշվարկել ենք 900 դրամ արժեքը։ Անհրաժեշտությունն այս ծրագրի պայմանավորված է ձկան և ձկնամթերքի արտահանման սահմանափակումների արդյունքում ծագած որոշակի ֆինանսական դժվարություններով, որոնք ունեն ձկնարդյունաբերողները։ Պետք է մեղմենք դրանք (խմբ․– դժվարությունները), որպեսզի նրանք ինքնարժեքն իջեցնելով՝ հնարավորություն ունենան ներքին շուկայում որոշակի իջեցնել գները։ Միևնույն ժամանակ՝ ինքնարժեքի իջեցմամբ հնարավորություն ունենան նոր շուկաներ մուտք գործել»,- նշեց նախարարը։
Գևորգ Պապոյանն ընդգծեց, որ ծրագրի շրջանակում կարևորվելու է ձկան կերի սերտիֆիկացված լինելը և դրա համապատասխանությունը ԵԱՏՄ և ԵՄ չափանիշներին։
Ծրագրի մյուս կետերն, ըստ նրա, վերաբերում են մեխանիզմներին, որոնցով տնտեսվարողները կարող են դիմել այս աջակցությունից օգտվելու համար։
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդգծելով տրամադրվելիք աջակցության կարևորությունը՝ անդրադարձավ նաև ոլորտում առկա խնդիրներին։ Նա արձանագրեց, որ չնայած տնտեսական կապերը բազմազանեցնելու անհրաժեշտության մասին տարիներ շարունակ հնչող ուղերձին և դրա իրականացման համար կառավարության տրամադրած լայն գործիքակազմին՝ դիվերսիֆիկացում հիմնականում տեղի չի ունեցել։
Նիկոլ Փաշինյանը նշեց նաև՝ ըստ ՊԵԿ-ի տվյալների՝ ձկնաբուծությամբ զբաղվող տնտեսությունները տարեկան 2․5-3 մլրդ դրամի հարկ են վճարում, ինչը ոլորտում ստվերի հնարավոր առկայության վերաբերյալ հարցեր է առաջացնում։ Վարչապետը նշեց, որ Կառավարությունը հետամուտ է լինելու նաև այս հարցի ուսումնասիրությանը։
Հարցեր է հարուցում նաև Արարատյան դաշտի արտեզյան ջրերի օգտագործման արդյունավետությունը և արտադրված ձկնամթերքի որակի հարցը:
«Տասնյակ անգամներ խոսել եմ ստանդարտների մասին։ Որքանո՞վ է արտադրանքի որակը համապատասխանում ստանդարտներին։ Ընդ որում, պետք չէ ամբողջացնել․ կան, արտադրողներ, որոնք համապատասխանեցնում են, բայց կան արտադրողներ, որոնք՝ ոչ։ Ես, օրինակ, իմ անձնական փորձը ասեմ։ Կրքեր կբորբոքեմ դրանով, բայց վաղուց աճեցված ձուկ չեմ օգտագործում, շատ վաղուց»,- հայտարարեց վարչապետը։
Կառավարության ղեկավարը, կարևորելով պետական աջակցությունը դժվար կացությունում հայտնված տնտեսվարողներին՝ նշեց նաև, որ դա պետք է ուղղված լինի տվյալ ոլորտների զարգացմանը։
Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ հայկական արտադրանքի արտահանման հետ կապված ներկայիս խնդիրը համարում է ոչ թե ճգնաժամ, այլ տնտեսությունը զարգացնելու, արտադրանքը միջազգային ժամանակակից պահանջներին համապատասխանեցնելու հնարավորություն, որից անհրաժեշտ է լիարժեք օգտվել։
Նաև հայտարարվեց առկա խնդիրները տնտեսվարողների հետ անմիջական հանդիպումների և քննարկումների ձևաչափով քննարկելու՝ Կառավարության պատրաստակամության մասին։