17 րոպեի ընթերցում
Երևանի և Ուրումչիի միջև ուղիղ ավիաչվերթների մեկնարկը նոր օդային կամուրջ է ստեղծել Հայաստանի և Չինաստանի Սինծիանի Ույղուրական ինքնավար շրջանի միջև՝ միավորելով երկու տարածաշրջան, որոնց պատմությունն անքակտելիորեն կապված է հնագույն Մետաքսի ճանապարհի հետ։
Դարեր շարունակ Մետաքսի ճանապարհը կապել է Արևելքն ու Արևմուտքը՝ ապահովելով ապրանքների, մշակույթների և մարդկանց ազատ տեղաշարժը մայրցամաքներով։ Այսօր Երևան-Ուրումչի օդային երթուղին այդ պատմական կապը վերակենդանացնում է ժամանակակից ձևաչափով՝ կրկին միավորելով երկու ուղղությունները, որոնք ժամանակին կարևոր դեր են ունեցել այս պատմական առևտրային ճանապարհի վրա։
Հայաստանի համար Ուրումչիի հետ ուղիղ օդային հաղորդակցությունը նոր հնարավորություններ է ստեղծում զբոսաշրջության զարգացման, գործարար կապերի ընդլայնման և առհասարակ հայ-չինական շփումների ակտիվացման համար։
Ուղիղ չվերթի առկայությունը ոչ միայն հեշտացնում է ճանապարհորդությունները, այլև զգալի ներուժ է ստեղծում առևտրի, լոգիստիկայի, ներդրումների և մշակութային համագործակցության խորացման ուղղությամբ։
China Southern Airlines-ի կողմից արդեն շաբաթական վեց անգամ իրականացվող չվերթները յուրատեսակ կերպով խորհրդանշում են, թե ինչպես է ժամանակի ընթացքում փոխակերպվել Մետաքսի ճանապարհը։ Եթե նախկինում քարավանները անապատներով և լեռնանցքներով տեղափոխում էին մետաքս, թանկարժեք քարեր, համեմունքներ և այլ արժեքավոր ապրանքներ, ապա այսօր մարդկանց և տնտեսությունները մերձեցնում են ավիացիան, լոգիստիկան և ժամանակակից տրանսպորտային ենթակառուցվածքները՝ Հայաստանը և Չինաստանը դարձնելով առավել փոխկապակցված։
Չինաստանի հյուսիս-արևմուտքում գտնվող Սինծիանի Ույղուրական ինքնավար շրջանը երկրի ամենախոշոր վարչատարածքային միավորն է։ Երկար տարիներ այն հայտնի էր որպես դարպաս դեպի Կենտրոնական Ասիա։ Այսօր այս տարածաշրջանը զգալի տնտեսական զարգացում է ապրել՝ ամրապնդելով իր դերը որպես Չինաստանը, Կենտրոնական Ասիան և Եվրոպան կապող կամուրջ և դառնալով «Գոտի և ճանապարհ» նախաձեռնության կարևոր հանգույցներից մեկը։
Սահմանակցելով Աֆղանստանին, Ղազախստանին, Ղրղզստանին, Մոնղոլիային, Պակիստանին, Ռուսաստանին, Տաջիկստանին և Հնդկաստանին՝ Սինծիանը զբաղեցնում է Չինաստանի՝ ռազմավարական տեսանկյունից ամենակարևոր աշխարհագրական դիրքերից մեկը։
Շրջանի վարչական կենտրոնը՝ Ուրումչին, Սինծիանի քաղաքական, տնտեսական և մշակութային կենտրոնն է։ Այն նաև Չինաստանի արևմտյան հատվածի գլխավոր տրանսպորտային և լոգիստիկ հանգույցներից է՝ ապահովելով երկրի կապը Կենտրոնական Ասիայի շուկաների և միջազգային տրանսպորտային ցանցերի հետ։
«Ուրումչի» անվան ծագման վերաբերյալ գիտնականները տարբեր վարկածներ են առաջ քաշել, որոնցից մեկը ենթադրում է, որ այն մոնղոլական ծագում ունի։ Լայն տարածում գտած ավանդության համաձայն՝ Չինգիզ խանը, որոնելով խոտհարքեր, հասել է այս տարածաշրջան և այն բնութագրել որպես «գեղեցիկ արոտավայր», ինչից էլ, ըստ այդ վարկածի, առաջացել է քաղաքի անվանումը։
Գտնվելով հյուսիսում Գուրբանթունգութ անապատի, իսկ հարավում՝ Թաքլամական անապատի միջև՝ Ուրումչին իր աշխարհագրությամբ և բազմադարյա պատմությամբ արտացոլում է Սինծիանի յուրահատուկ աշխարհագրական ու պատմական առանձնահատկությունները։
Պատմական Մետաքսի ճանապարհի խաչմերուկներում
Դարեր շարունակ Սինծիանը եղել է հնագույն Մետաքսի ճանապարհի սրտում, այստեղ են հատվել այդ ճանապարհի հյուսիսային, կենտրոնական և հարավային ցամաքային երթուղիները։ Ուշագրավ է, որ իր գոյության սկզբնական շրջանում այն ավելի շատ նեֆրիտի առևտրի ճանապարհ էր, քան մետաքսի, ինչի պատճառով էլ ուներ Նեֆրիտի ճանապարհ անվանումը։
Շատ երկար տարիներ ձգված այս փոխանակումներն ու փոխհարաբերություններն էին, որ պայմանավորեցին տարածաշրջանի էթնիկ և մշակութային բազմազանությունը։ Ույղուրները Չինաստանի՝ պաշտոնապես ճանաչված 55 ազգային փոքրամասնություններից մեկն են։ Չինաստանի Սինծիանի Ույղուրական ինքնավար շրջանի բնակչությունը գերազանցում է 20 միլիոնը։ Ույղուրներից բացի, այստեղ բնակվում են նաև բազմաթիվ այլ ազգություններ, այդ թվում՝ հաներ, ղազախներ և այլ էթնիկ խմբեր։
Ուրումչիի ամենահայտնի տեսարժան վայրերից է «Սինծիանի միջազգային մեծ բազարը» (Xinjiang International Grand Bazaar)՝ իսլամական ճարտարապետական ոճով կառուցված շուկան, որը համատեղում է ավանդական ճարտարապետությունը, ազգային առևտուրը, զբոսաշրջությունն ու ժամանցը։ Այն հաճախ ներկայացվում է որպես աշխարհի խոշորագույն շուկաներից մեկը և արտացոլում է ինչպես Մետաքսի ճանապարհի հարուստ ժառանգությունը, այնպես էլ Սինծիանի մշակութային բազմազանությունը։
Այսօր Ուրումչին ժամանակակից և արագ զարգացող քաղաք է, որն ընդունում է այցելուների ինչպես Չինաստանի տարբեր շրջաններից, այնպես էլ արտերկրից։ Իսկ «Մեծ բազարը» շարունակում է մնալ քաղաքի ամենասիրված և ամենաշատ այցելվող տեսարժան վայրերից մեկը։
Ամեն օր հազարավոր մարդիկ գալիս են շուկա՝ գնումներ կատարելու և քաղաքի մթնոլորտը զգալու համար։ Մեծաթիվ տաղավարներում և խանութներում վաճառվում են բուրավետ համեմունքներ, բարձրորակ նեֆրիտ, գունեղ մետաքսե հագուստ, հայտնի տեղական մրգեր և ավանդական ուտեստների լայն ընտրանի․սրանցից շատերը ժամանակին վաճառվում էին հնագույն Մետաքսի ճանապարհի երկայնքով։
Յուրահատուկ զգայական փորձառություն է շուկայով զբոսնելը։ Օդը լցված է խորոված գառան մսի բույրով, թարմ աղացած համեմունքները տարածում են իրենց առանձնահատուկ բուրմունքը, իսկ ավանդական հագուստ կրող ույղուրները երաժշտության և պարի միջոցով նոր աշխուժություն են հաղորդում բանուկ փողոցներին։ Ժամանակակից ռեստորանների կողքին այցելուները կարող են համտեսել Սինծիանի լոշիկը՝ Կենտրոնական Ասիայի ավանդական բարակ հացը, որը մինչ օրս ույղուրական և այլ էթնիկ համայնքների ամենօրյա սննդի կարևոր մասն է։ Շուկայի տարածքում գործում է նաև թանգարան՝ նվիրված լոշիկի պատմությանը և դրա պատրաստման ավանդական եղանակներին։
Թեև սուրճը պատմականորեն տարածաշրջանի մարդկանց առօրյայի մաս չի կազմել, սակայն վերջին տարիներին հատկապես երիտասարդների շրջանումսուրճի հանդեպ սերը գործի է դրել տեղական հացթուխների երևակայությունը՝ փորձելու նոր գաղափարներ։ Դրանցից մեկը այսօր արդեն լայն տարածում ստացած լոշիկով սուրճն է, երբ էսպրեսոն կամ լատեն մատուցվում է թարմ թխված լոշիկի՝ բաժակի ձևով փորված հատվածի մեջ։ Այս համադրությունը ցույց է տալիս, թե ինչպես են տեղական խոհարարական ավանդույթները քայլում ժամանակին համընթաց՝ պահպանելով տարածաշրջանի մշակութային արմատները։
Իսկ Ուրումչիի կենտրոնից փոքր-ինչ դուրս գտնվող խոշոր թանգարանը ներկայացնում է Սինծիանի զարգացման պատմությունը՝ ցույց տալով տարածաշրջանի վերափոխումները ենթակառուցվածքների, արդյունաբերության, մշակույթի և հանրային ծառայությունների ոլորտներում։ Նախկինում թերզարգացած գյուղերի արդիականացմանը, նավթարդյունաբերության աճին, մշակութային ժառանգության պահպանմանը և պետական լայնածավալ ներդրումներին նվիրված ցուցադրությունների միջոցով թանգարանը ներկայացնում է այն խոշոր փոփոխությունները, որոնք վերջին տասնամյակներում ձևավորել են Սինծիանի ներկայիս կերպարը։
Ժամանակակից համայնք
Տնտեսական զարգացմանը զուգահեռ՝ Ուրումչին ընդլայնել է հանրային ծառայությունները համայնքային մակարդակում։
2022 թվականի հուլիսի 13-ին, Տյանշանի շրջանում գտնվող Գույուանսյան համայնք կատարած այցի ընթացքում, Չինաստանի նախագահ Սի Ծինփինը հանդիպել է տարբեր էթնիկ խմբերի ներկայացուցիչների հետ։ Սի Ծինփինը տեղական պաշտոնյաներին ներկայացրել է մի շարք հանձնարարականներ՝ ընդգծելով բոլոր էթնիկ խմբերի ներկայացուցիչների նկատմամբ հոգատար վերաբերմունքի կարևորությունը։
Սի Ծինփինը նշել է, որ բոլոր էթնիկ խմբերը պետք է սերտորեն միավորված լինեն՝ ինչպես «նռան հատիկները»։ Նա նաև ընդգծել է, որ «մշակութային ինքնությունը ինքնության ամենախոր ձևն է։ Այն էթնիկ միասնության արմատն է և բոլոր էթնիկ խմբերի հոգին»։
Իշխանություններն այսօր մեծ ջանքեր են գործադրում տարածաշրջանի բնակիչներին գործնական աջակցություն տրամադրելու, որակյալ ծառայություններ մատուցելու և համայնքային խնդիրները լուծելու նպատակով։
Քաղաքի տարբեր հատվածներում համայնքային սպասարկման կենտրոնները բնակիչներին առաջարկում են պետական, իրավական, զբաղվածության և սոցիալական ծառայությունների լայն շրջանակ՝ մեկ պատուհանի սկզբունքով գործող համակարգերի միջոցով, որոնք միտված են ավելի հարմարավետ դարձնել առօրյան։
Այդպիսի օրինակ է Տյանշանի շրջանում գտնվող Հեյցզյաշան փողոցի Յուեջին փողոցի հարավային համայնքը։ Մոտ 1500 տնային տնտեսություն և տարբեր էթնիկ պատկանելության ավելի քան 4000 բնակիչ ունեցող թաղամասը վերջին տարիներին լայնածավալ վերակառուցման է ենթարկվել։
Տեղական պաշտոնյաների խոսքով՝ նախկինում այստեղ հիմնականում կիրառվում էին ածուխով ջեռուցման համակարգեր, չկային բարեկարգ ճանապարհներ, գործում էր հնացած ջրամատակարարման և կոյուղու ենթակառուցվածքներ։ Հեյցզյաշանը եղել է Ուրումչիի քաղաքային վերափոխման ծրագրի շրջանակում վերակառուցման համար ընտրված առաջին թաղամասերից մեկը։
«Ինչպես տեսնում եք՝ այսօր տարածքն ամբողջությամբ վերափոխվել է՝ ժամանակակից բարձրահարկ բնակելի շենքերով, հարմարավետ կենսապայմաններով և լավ զարգացած հանրային ենթակառուցվածքներով»,– համայնքային կենտրոն կատարած այցի ընթացքում «Արմենպրես»-ին ասել է տեղի պաշտոնյաներից մեկը։
Մեկ պատուհանի ծառայության կենտրոնը միավորում է հանրային ծառայությունների լայն շրջանակ՝ ներառյալ պետական կառավարման, հասարակական անվտանգության, կոմունալ ծառայությունների աջակցության, իրավական օգնության, զբաղվածության և համայնքային հաշտեցման ոլորտները։ Կենտրոնը նաև առաջարկում է մասնագիտական ուսուցման ծրագրեր, ճկուն զբաղվածության հնարավորություններ և ձեռներեցության խթանման նախաձեռնություններ՝ ի աջակցություն տեղի բնակիչներին։
Համայնքը առանձնահատուկ ուշադրություն է դարձնում կրթությանը։ Իրականացվող ծրագրերից մեկն էլ երեխաների համար անգլերենի դասընթացներն են։ Անգլերենի ույղուր ուսուցչուհի Գրեյսը նկատում է, որ անգլերենի իմացությունը շարունակում է կարևորվել երիտասարդների շրջանում։
«Ես ավարտել եմ համալսարանը 2000-ականների սկզբին։ Այդ ժամանակ անգլերենի ուսուցումը շատ պահանջված էր։ Բոլորը քոլեջներում սովորում էին անգլերեն, իսկ ավելի ուշ ստեղծվեցին նաև ուսումնական կենտրոններ։ Ես անգլերենն ընտրեցի մագիստրոսական կրթության համար։ Այնուհետև չորս տարի աշխատեցի Ուրումչիի տարրական դպրոցներից մեկում։
Այսօր ևս երեխաներին անհրաժեշտ է սովորել անգլերեն՝ իրենց ապագա մասնագիտական գործունեության համար»,– պատմել է նա «Արմենպրես»-ի հետ զրույցում՝ ցույց տալով իր սաների ստեղծագործություններով ձևավորված դասասենյակը։
Կրթությունից բացի, կենտրոնն ապահովում է նաև երեխաների խնամքի, տարեցների աջակցության ծառայություններ, երիտասարդական և կամավորական ծրագրեր։ Այն նաև պարբերաբար կազմակերպում է մշակութային միջոցառումներ և համայնքային հանդիպումներ, որոնք նպաստում են տարբեր էթնիկ խմբերի ներկայացուցիչների միջև շփմանն ու փոխգործակցությանը։
Բնական պաշարներ և արդյունաբերություն
Բացի իր պատմական նշանակությունից՝ Սինծիանը Չինաստանի՝ բնական պաշարներով ամենահարուստ տարածաշրջաններից է։ Տարածքի զգալի մասը զբաղեցնում են Ալթայի, Կունլունի և Տյան Շանի լեռնաշղթաները։ Տարածաշրջանն ունի նաև ածխի, նավթի և բնական գազի մեծ պաշարներ։
Այս բնական պաշարները կարևոր դեր են ունեցել Սինծիանի տնտեսական զարգացման գործում՝ նպաստելով, որ տարածաշրջանը դառնա Չինաստանում բնական գազի խոշորագույն արտադրողը և երկրի ռազմավարական էներգետիկ բազաներից մեկը։ 2025 թվականին իշխանությունները Ուրումչիի օդանավակայանում բացեցին ուղևորների համար նախատեսված նոր տերմինալ, իսկ նախկին տերմինալները վերափոխվեցին բեռնափոխադրումների գործողությունների համար՝ համընթաց գնալով «Գոտի և ճանապարհ» նախաձեռնության շրջանակում առևտրային հոսքերի ընդլայնմանը։
Թեև Սինծիանը ավանդաբար հայտնի է եղել գյուղատնտեսությամբ, տարածաշրջանի տնտեսությունը վերջին տարիներին դարձել է ավելի բազմազան։ Այն բամբակի արտադրության համաշխարհային առաջատարներից մեկն է, ինչպես նաև վերածվել է արևային վահանակների բաղադրիչների արտադրության խոշոր կենտրոնի։
Զարգացում է ապրել նաև խաղողագործությունը։ Չինաստանի խոշորագույն գինեգործական ընկերությունը՝ Changyu-ն, Շիհըզի քաղաքում աշխատեցնում է Château Changyu Baron Balboa գինեգործարանը, որը դարձել է հայտնի զբոսաշրջային ուղղություն այցելուների շրջանում։
«Գոտի և ճանապարհ» նախաձեռնության զարգացող հանգույց
Սինծիանը հետևողականորեն ամրապնդում է իր դիրքերը՝ որպես Չինաստանի «Գոտի և ճանապարհ» նախաձեռնության առանցքային հանգույցներից մեկը։ 2022 թվականին Ուրումչիի միջազգային ցամաքային նավահանգստի տարածք կատարած այցի ընթացքում Չինաստանի նախագահ Սի Ծինփինը նշել է, որ «Գոտի և ճանապարհ» նախաձեռնության առաջընթացով պայմանավորված՝ Սինծիանն այլևս հեռավոր սահմանային շրջան չէ, այն վերածվել է առանցքային և կարևոր հանգույցի։
Իր ռազմավարական դիրքի, հարուստ բնական պաշարների, ընդլայնվող արդյունաբերական բազայի և զարգացող լոգիստիկ ենթակառուցվածքների շնորհիվ Սինծիանը շարունակում է խորացնել Չինաստանի կապերը Կենտրոնական Ասիայի և Եվրոպայի հետ։
Երևան–Ուրումչի ուղիղ ավիաչվերթների մեկնարկը ևս մեկ անգամ ընդգծում է այս զարգացող փոխկապակցվածությունը՝ ստեղծելով Հայաստանի և արևմտյան Չինաստանի միջև նոր օդային կամուրջ և միաժամանակ հիմնվելով հնագույն Մետաքսի ճանապարհի երկայնքով ձևավորված պատմական կապերի վրա։
Զբոսաշրջություն
2020-ական թվականներից ի վեր Սինծիանը դարձել է Չինաստանի ներքին զբոսաշրջության առաջատար ուղղություններից մեկը՝ այցելուներին գրավելով իր տպավորիչ բնապատկերներով, հարուստ մշակութային ժառանգությամբ և Մետաքսի ճանապարհի պատմական հուշարձաններով։
Անծայրածիր անապատներից և լեռնաշղթաներից մինչև դարերի պատմություն ունեցող շուկաներ ու բազմազան մշակութային ավանդույթներ՝ Սինծիանը մեկտեղում է հնագույն պատմությունը ժամանակակից զարգացման հետ՝ ամրապնդելով իր դերը որպես Չինաստանի դարպաս դեպի Կենտրոնական Ասիա և ժամանակակից Մետաքսի ճանապարհի կարևորագույն հանգույց։
Եթե նախկինում քարավանները հատում էին անապատներն ու լեռնանցքները՝ Արևելքի և Արևմուտքի միջև ապրանքներ տեղափոխելով, ապա այսօր կապերը ձևավորվում են ավիացիայի, լոգիստիկայի և թվային ենթակառուցվածքների միջոցով՝ նոր հնարավորություններ ստեղծելով Հայաստանի և Չինաստանի միջև առավել սերտ հարաբերությունների զարգացման համար։