3 րոպեի ընթերցում
Հայաստանում նախատեսվում է սահմանել արտակարգ իրավիճակներում առաջնորդվելու համար հանրային վայրերում, պետական և մասնավոր կազմակերպությունների շենքերում ու շինություններում տեղադրվող կողմնորոշիչ ցուցանակների միասնական բովանդակությունն ու պահանջները։
Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, համապատասխան հրամանի նախագիծը հանրային քննարկման է ներկայացրել Հայաստանի ներքին գործերի նախարարությունը։ Այն նախատեսվում է ուժի մեջ մտցնել 2027 թվականի հունվարի 1-ից։
Նախագծով ցուցանակները պետք է տեղադրվեն տվյալ շենքին կամ տարածքին բնորոշ վտանգների և ռիսկերի գնահատման արդյունքների հիման վրա։ Դրանց միջոցով քաղաքացիներին տեղեկություններ կտրամադրվեն հնարավոր վտանգների, տարահանման երթուղիների, ապաստարանների, հավաքակայանների, առաջին օգնության կետերի, վթարային ելքերի և անվտանգության այլ միջոցների վերաբերյալ։
Ցուցանակները կբաժանվեն հինգ հիմնական խմբի՝ նախազգուշացնող, արգելող, պարտադիր գործողություն սահմանող, տեղեկատվական և ուղղորդիչ, ինչպես նաև տարհանման ու անվտանգության միջոցների տեղորոշման։
«Ցուցանակները նախատեսված են մարդկանց արագ կողմնորոշումն ապահովելու, խուճապն ու անկանոն տեղաշարժը կանխելու, ինչպես նաև փրկարարական և այլ անհետաձգելի աշխատանքների արդյունավետությունը բարձրացնելու համար»,- նշված է նախագծում։
Օտարերկրյա քաղաքացիների հաճախակի այցելության վայրերում տեղեկությունները կներկայացվեն հայերեն, ռուսերեն և անգլերեն։ Նախատեսվում է նաև հաշմանդամություն ունեցող անձանց համար շոշափելի և լուսաձայնային տարբերակների կիրառում։
Ցուցանակների վրա հնարավոր կլինի տեղադրել նաև QR կոդեր, որոնց միջոցով քաղաքացիները հասանելիություն կստանան տարհանման երթուղիների և քարտեզների, արտակարգ իրավիճակներում գործողությունների հաջորդականության, բազմալեզու, տեսաձայնային և այլ լրացուցիչ նյութերի։
Նախագծում ներկայացված են նաև երկրաշարժի, ջրհեղեղի, սողանքի, սելավի, քարաթափման, կայծակի, կարկուտի, ուժեղ քամու, ձնաբքի, անտառային հրդեհի, քիմիական վթարի, ճառագայթային վտանգի, համաճարակի և հրդեհի դեպքում քաղաքացիների գործողությունների վերաբերյալ ցուցումների բովանդակությունը։
Ցուցանակների գույները, պատկերագրերը և պայմանական նշանները կհամապատասխանեն ISO միջազգային ստանդարտների պահանջներին։ Կանաչ գույնը կնշանակի անվտանգություն և տարահանման ուղղություն, կարմիրը՝ արգելք կամ հրդեհային անվտանգության միջոց, դեղինը՝ վտանգի մասին նախազգուշացում, իսկ կապույտը՝ պարտադիր գործողություն։