Մամուլի սրահ

Երևանում 5-րդ անգամ կանցկացվի «Գարեջրի օրեր» փառատոնը

3 րոպեի ընթերցում

Երևանում 5-րդ անգամ կանցկացվի «Գարեջրի օրեր» փառատոնը

Գարեջրի սիրահարները կրկին կհավաքվեն մեկ տեղում, մեկնարկում է «Գարեջրի օրեր 2026» փառատոնը, որն արդեն 5-րդ անգամ է անցկացվում Երևանում։ «Արմենպրես»-ի մամուլի սրահում հրավիրված ասուլիսում փառատոնի կազմակերպիչ «ԷվենտՏուրա» ընկերության համահիմնադիր Նունե Մանուկյանը նշեց, որ մեկնարկը լինելու է հուլիսի 17-ին ժամը 16։00-ին Երևանի Զաքյան փողոցում։ Այն անցկացվելու է 3 օր՝ հուլիսի 17-ին, 18-ին և 19-ին։

«Սա պարզապես ժամանցային փառատոն չէ, այն նպատակ ունի ինչպես խթանելու զբոսաշրջային ակտիվությունը, այնպես էլ ընդգծելու Հայաստանի գարեջրագործական ավանդույթները, առաջխաղացման հարթակ ստեղծել գարեջուր արտադրող ընկերությունների համար»,-ասաց Նունե Մանուկյանը։

Փառատոնի տարածքը բաժանված է լինելու մի քանի գոտիների՝ գարեջրի, խաղային, սննդի, երաժշտական։ Անցկացվելու են մրցույթներ, խաղարկություններ։ Նախատեսվում է 200-ից ավելի արժեքավոր նվերների խաղարկություն։ Բոլոր օրերին միջոցառումներն ուղեկցվելու են համերգային ծրագրով։

«Այցելուները հնարավորություն ունեն ոչ միայն լավ ժամանակ անցկացնելու, այլև գարեջրի բազմաթիվ տեսականի վայելելու։ Եթե սկզբում շատ քիչ թվով տեղական արտադրողներ էին մասնակցում, այսօր արդեն պատկերն այլ է։  Մասնակցում է գարեջրի 12-ից ավելի տեղական արտադրող, ներկայացնում են մեկը մյուսից հետաքրքիր տեսականի։ Կնշեմ մեկ օրինակ՝ բալի գարեջուր է առաջարկվելու, մնացածը կթողնեմ, որ այցելուները գան ու տեղում բացահայտումներ անեն»,-ասաց Նունե Մանուկյանը։

Երևանի քաղաքապետարանն այս տարի աջակցում է փառատոնի անցկացմանը։ Քաղաքապետարանի մշակույթի և տուրիզմի վարչության պետի տեղակալ Հայկ Մկրտչյանը նշեց, որ քաղաքապետարանը մեծածավալ աշխատանքներ է իրականացնում միջազգային զբոսաշրջային քարտեզում Երևանի ճանաչելիությունը բարձրացնելու ուղղությամբ։ Այդ նպատակով իրականացվում են բազմաթիվ միջոցառումներ տարբեր ուղղություններով՝ մշակութային, սպորտային, զբոսաշրջային։

««Գարեջրի օրեր»-ն այն կարևոր փառատոններից է, որը սպասված է թե տեղացիների, թե զբոսաշրջիկների շրջանում։ Այն լավ հնարավորություն է մեր գարեջրագործների համար։ Ակնհայտ է, որ նման միջոցառումները մեծ նպաստ են ունենում Երևանի ճանաչելիության բարձրացման գործում։ Դրանք նաև տնտեսական նշանակություն են ունենում, չէ՞որ նույն այցելուները, զբոսաշրջիկները գումար են ծախսում փառատոնի շրջանակում, այցելություններ են ապահովվում մոտակայքում գտնվող ռեստորաններ, սրճարաններ։ Ու քանի որ կան այցելուներ, որոնք գալիս են Հայաստան կոնկրետ որևէ փառատոնի մասնակցելու նպատակով, բնականաբար շահում են նաև հյուրանոցները»,-ասաց Հայկ Մկրտչյանը։

Փառատոնի մուտքն ազատ է։ Գարեջրի համտեսներին, Craft Beer Quest-ին, խաղերին և գլխավոր խաղարկությանը մասնակցելու համար անհրաժեշտ է ձեռք բերել գարեջրի համտեսման փաթեթ։

Կարդացեք հոդվածը` 中文
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում