Աշխարհ

Հայտնի է Իսրայելում խորհրդարանական նոր ընտրությունների անցկացման օրը

2 րոպեի ընթերցում

Հայտնի է Իսրայելում խորհրդարանական նոր ընտրությունների անցկացման օրը

Իսրայելում խորհրդարանական ընտրությունները կանցկացվեն հոկտեմբերի 27-ին։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ, այս մասին հայտարարել է վարչապետ Բենիամին Նեթանյահուի կոալիցիան։ Սրանք լինելու են առաջին ընտրությունները 2023 թվականի «Համաս»-ի հարձակումից և դրան հաջորդած Գազայի, Լիբանանի ու Իրանի հետ պատերազմներից հետո։

Քվեարկության հստակ ամսաթիվը մինչ այժմ անորոշ էր, քանի որ Իսրայելի խորհրդարանը մայիսին քվեարկել էր ինքնալուծարման օգտին՝ մեծացնելով վաղաժամ ընտրությունների անցկացման հավանականությունը։ Սակայն կոալիցիայի ղեկավար Օֆիր Կացը հուլիսի 12-ին խորհրդարանական հանձնաժողովում հայտարարել է, որ օրենքով սահմանված նախնական՝ հոկտեմբերի 27-ի ամսաթիվը կպահպանվի։

Հարցումների շարքը ցույց է տալիս, որ ընտրություններում Նեթանյահուի՝ ազգայնական և կրոնական կուսակցություններից կազմված կոալիցիան կարող է պարտվել։

Reuters-ի փոխանցմամբ, հարցումները ցույց են տալիս, որ շատ իսրայելցիներ դժգոհ են Նեթանյահուից նաև Իրանի դեմ պատերազմի արդյունքների պատճառով։

Իսրայելում հազվադեպ են կառավարությունները ավարտում ամբողջական քառամյա ժամկետը։ Նեթանյահուն երկրի ամենաերկար պաշտոնավարած առաջնորդն է և բազմիցս ապացուցել է իր քաղաքական դիմակայունությունը։ Նա վարչապետի պաշտոնը զբաղեցրել է 1996-1999 թթ․, 2009-2021 թթ․ և 2022-ից մինչ օրս։

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում