Մայա Սանդուն Մոլդովայի վարչապետի պաշտոնում առաջադրել է ուկրաինաբնակ բանկիրի թեկնածությունը
2 րոպեի ընթերցում

Բանկիր և գործարար Վասիլի Տոֆանը, որը բնակվում է Ուկրաինայում, կարող է դառնալ Մոլդովայի նոր վարչապետը։
«Գործողության և համերաշխության կուսակցության» անդամների հետ խորհրդակցելուց հետո ես ստորագրել եմ հրամանագիր, որով Վասիլի Տոֆանին առաջադրել եմ վարչապետի թեկնածու»,- ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ ասել է Մոլդովայի նախագահ Մայա Սանդուն։
Նրա խոսքով՝ նոր կառավարությունը պետք է կենտրոնանա տնտեսական զարգացման, ներդրումների ներգրավման, ինչպես նաև արդարադատության համակարգը կոռուպցիայից «մաքրելու» վրա։
Օրենքի համաձայն՝ վարչապետի թեկնածուն պետք է իր թիմն ու ծրագիրը խորհրդարանին ներկայացնի 15 օրվա ընթացքում։ Նա կհաստատվի, եթե ստանա 101 պատգամավորներից առնվազն 51-ի աջակցությունը։ Իշխող կուսակցությունը խորհրդարանում ունի 63 մանդատ։
Հուլիսի 3-ին հայտնի դարձավ, որ հրաժարական է տվել Մոլդովայի վարչապետ Ալեքսանդրու Մունտեանուն։ «Այսօր իմ վարչապետական ժամկետն ավարտվում է։ Ես որպես վարչապետ ծառայելու պատասխանատվությունը ստանձնել եմ պարտքի խորը զգացումով և հաստատակամ վստահությամբ, որ կարող եմ օգնել դրական փոփոխություններ կատարել։ Այն պահին, երբ հասկացա, որ այլևս չեմ կարող իրականացնել իմ մանդատն իմ սկզբունքներին և համոզմունքներին համապատասխան, որոշեցի հրաժարական տալ», - X-ի իր միկրոբլոգում գրել էր նա։