Իրավունք

Վարելու իրավունքն առանց քննության վերականգնելու հնարավորությունը չի տարածվի բոլոր դեպքերի վրա. ՆԳՆ

3 րոպեի ընթերցում

Վարելու իրավունքն առանց քննության վերականգնելու հնարավորությունը չի տարածվի բոլոր դեպքերի վրա. ՆԳՆ

Վարելու իրավունքից զրկված անձանց համար առանց որակավորման քննությունների իրավունքը վերականգնելու նոր կարգավորումը կգործի միայն կոնկրետ դեպքերում։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին մամուլի ասուլիսի ժամանակ ասաց ՆԳՆ իրավաբանական վարչության պետ Ռուսլան Մարանդյանը։

Նրա խոսքով՝ փոփոխությունը վերաբերում է այն անձանց, որոնց վարելու իրավունքը դադարել է Հայաստանի Հանրապետության ոստիկանության կողմից կայացված և ուժի մեջ մտած վարչական ակտի հիմքով, և որոնց վարելու իրավունքը տրամադրված է եղել Հայաստանի Հանրապետության իրավասու մարմինների կողմից։

Մարանդյանը հստակեցրեց, որ երկու նախապայմանների առկայության դեպքում զրկման ժամկետի ավարտից հետո անձը մեկ տարվա ընթացքում կարող է դիմել վարելու իրավունքի վերականգնման համար, վճարել 50 հազար դրամ պետական տուրք, և նրա վարելու իրավունքը կվերականգնվի առանց որակավորման քննությունների։

«Այս փոփոխությունը որևէ աղերս չունի անվտանգության նշաձողն իջեցնելու հետ։ Որևէ բան Ներքին գործերի նախարարության կողմից չի արվում և չի արվելու անվտանգության հաշվին»,-ընդգծեց Մարանդյանը։

Վարելու իրավունքի վերականգնումից հետո անձի համար կսահմանվի մեկ տարվա փորձաշրջան։ Այդ ընթացքում նրան սովորական 13 միավորի փոխարեն կտրամադրվի 6 միավոր։

ՆԳՆ իրավաբանական վարչության պետի խոսքով՝ այս կարգավորումը վարորդի վարքագծի նկատմամբ վերահսկողությունը պահպանելու նպատակ ունի։

Եթե փորձաշրջանի ընթացքում անձը սպառի տրամադրված 6 միավորը, ապա նա կրկին կզրկվի վարելու իրավունքից՝ մեկ տարի ժամկետով։

Մարանդյանը նաև նշեց, որ անձն այս հնարավորությունից կարող է օգտվել միայն մեկ անգամ։

Միաժամանակ, ՆԳՆ ներկայացուցիչը պարզաբանեց, որ վարելու իրավունքը վերականգնելու նախկին՝ որակավորման քննությունների միջոցով գործող կարգը պահպանվում է մի շարք դեպքերում։

Մասնավորապես, այն կշարունակի գործել, եթե վարելու իրավունքի դադարումը կապված է անձի անգործունակ ճանաչվելու, առողջական որոշակի խնդիրների, դատարանի օրինական ուժի մեջ մտած դատական ակտի, ինչպես նաև օտարերկրյա պետության իրավասու մարմնի ակտի հետ։

Մարանդյանի խոսքով՝ փոփոխությունների հիմքում միջազգային փորձի ուսումնասիրությունն է, որտեղ շեշտադրում է կատարվում ոչ միայն քննությունների, այլև վարորդի վարքագծի փոփոխության վրա։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում