Լեհաստանում Բելառուսի հետախուզական ծառայությունների համար լրտեսության կասկածանքով երկու մարդ է ձերբակալվել
2 րոպեի ընթերցում

Լեհաստանի անվտանգության ծառայությունները ձերբակալել են Բելառուսի և Լեհաստանի քաղաքացիների, ովքեր կասկածվում են Բելառուսի հետախուզական ծառայությունների համար լրտեսական գործունեություն իրականացնելու մեջ։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ, այդ մասին հուլիսի 2-ին հայտնել է Լեհաստանի անվտանգության ծառայությունների խոսնակ Յացեկ Դոբժինսկին։
Նրա խոսքով՝ Բելառուսի հետախուզության կողմից վարձված անձինք Վարշավայում մասնակցել են բելառուսական համայնքի կողմից կազմակերպված միջոցառումներին, որտեղ լուսանկարել և տեսագրել են մասնակիցներին։
«Հավաքված նյութերը՝ փոխանցված արևելյան սահմանով, օգտագործվել են [Բելառուսի նախագահ Ալեքսանդր] Լուկաշենկոյի ծառայությունների և ռեժիմի քարոզչության կողմից»,- գրել է նա X սոցիալական հարթակում։
Նշվում է, որ այս ձերբակալությունները կապված են ավելի լայն գործի հետ, որի շրջանակում արդեն անցյալ տարվա նոյեմբերին կալանավորվել էին երեք բելառուս և երկու ուկրաինացի քաղաքացի։
Դատարանի որոշմամբ՝ Բելառուսի 19-ամյա քաղաքացին կալանավորվել է երեք ամսով, իսկ Լեհաստանի 44-ամյա քաղաքացուն արգելվել է լքել երկիրը, նա գտնվում է ոստիկանության վերահսկողության տակ։
Ինչպես հաղորդում է Reuters-ը, Լեհաստանը բազմիցս մեղադրել է Բելառուսին և նրա դաշնակից Ռուսաստանին իր տարածքում լրտեսական գործողություններ իրականացնելու մեջ, ինչը երկու երկրներն էլ հերքում են։
Մեծ թվով բելառուս ընդդիմադիրներ ապաստան են գտել Լեհաստանում՝ հատկապես 2020 թվականի ընտրություններից հետո տեղի ունեցած զանգվածային բողոքի ակցիաների ճնշումից հետո։