Մարզեր

Մեծ Մասրիկում բացվել է գերոնտոլոգիական կենտրոն

3 րոպեի ընթերցում

Մեծ Մասրիկում բացվել է գերոնտոլոգիական կենտրոն

Գեղարքունիքի մարզի Վարդենիս համայնքի Մեծ Մասրիկ գյուղում հանդիսավորությամբ բացվել է «Մեծ Մասրիկ» գերոնտոլոգիական կենտրոնը, որտեղ կմեկնարկի սոցիալական բազմաֆունկցիոնալ ծառայությունների նոր մոդելի փորձնական ծրագիրը՝ ուղղված տարեցների կյանքի որակի բարելավմանը և համայնքային աջակցության ընդլայնմանը։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Վարդենիսի համայնքապետարանի աշխատակազմից, բացման արարողությանը ներկա են եղել Գեղարքունիքի մարզպետի տեղակալ Վահան Զարոյանը, Վարդենիս համայնքի ղեկավար Ահարոն Խաչատրյանը, ոլորտային մասնագետներ, գործընկեր կազմակերպությունների ներկայացուցիչներ, հյուրեր և համայնքի բնակիչներ։

Համայնքի ղեկավար Ահարոն Խաչատրյանը կենտրոնի բացումը համարել է կարևոր քայլ համայնքում տարեցների նկատմամբ հոգատարության, արժանապատիվ ծերության ապահովման  և համայնքային աջակցության նոր մշակույթի ձևավորման ճանապարհին։

«Հուլիսի 1-ից կմեկնարկի նաև «Գերո-խնամք Վարդենիս» ծրագիրը, որի նպատակն է Վարդենիս համայնքում ներդնել և փորձարկել տարեցների համար համայնքային աջակցության և սոցիալական բազմաֆունկցիոնալ ծառայությունների նոր, ժամանակակից մոդել։

«Մեծ Մասրիկ» գերոնտոլոգիական կենտրոնը կդառնա համայնքում տարեցների սոցիալական ներառման, համայնքային աջակցության, առողջ ծերացման և բազմաֆունկցիոնալ ծառայությունների զարգացման կարևոր հարթակ՝ նպաստելով նրանց կյանքի որակի բարելավմանը և հասարակական ակտիվության պահպանմանը։

Վստահ եմ, որ այս կենտրոնը և մեկնարկող ծրագիրը կդառնան հաջողված օրինակ՝ ապացուցելով, որ տարեցների նկատմամբ հոգատարությունն ու արժանապատիվ ծերության ապահովումը մեր հասարակության կարևորագույն արժեքներից են»,-ավելացրել է Ահարոն Խաչատրյանը։

Համայնքի ղեկավարն իր շնորհակալությունն է հայտնել ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությանը, ՀՀ առողջապահության նախարարությանը, «Փարոս» հիմնադրամին, «ՐԱՅԶ-Հայաստան» ծրագրի գործընկեր կազմակերպություններին, «Տարեցների առողջության և խնամքի ապահովման ասոցիացիային», ինչպես նաև առողջապահության և սոցիալական ոլորտների բոլոր մասնագետներին ու կազմակերպություններին, որոնց համատեղ ջանքերի շնորհիվ այս կարևոր նախաձեռնությունը կյանքի է կոչվել։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում