Մեկնարկել է Երևանի կարճամետրաժ ֆիլմերի 9-րդ միջազգային կինոփառատոնը
3 րոպեի ընթերցում

Կինոյի տան դահլիճում տեղի է ունեցել Երևանի կարճամետրաժ ֆիլմերի 9-րդ միջազգային կինոփառատոնի բացման հանդիսավոր արարողությունը: Միջոցառմանը ներկա է եղել և ելույթով հանդես է եկել ԿԳՄՍ նախարարի տեղակալ Դանիել Դանիելյանը:
ԿԳՄՍ նախարարի տեղակալը ողջունել է ներկաներին՝ կարևորելով փառատոնը նոր համագործակցությունների հաստատման, համատեղ ծրագրերի իրագործման, ոլորտային քննարկումների կայացման տեսանկյունից:
Նախարարի տեղակալի դիտարկմամբ՝ Երևանի միջազգային կարճամետրաժ ֆիլմերի փառատոնը մշակութային կյանքի ամենակայացած իրադարձություններից է.
«Փառատոնը նպաստում է մշակույթի տնտեսականացմանը, ինչը պետական քաղաքականության առաջնահերթություններից է: Ուրախալի է արձանագրել, որ ամեն տարի ընդլայնվում է փառատոնի աշխարհագրությունը. այս տարի ունեցել ենք հայտեր 95 երկրից, ինչը բացառիկ ցուցանիշ է: Կինոարտադրության ոլորտում այսօրինակ նախագծերը թույլ են տալիս ընդլայնել մշակույթի սահմանները՝ որպես շուկա դիտարկելով ամբողջ աշխարհը և ներկայանալով այնպիսի արտադրանքով, որը համահունչ է աշխարհի պահանջներին»,– «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ փոխնախարարի խոսքերն են մեջբերված նախարարության տարածած հաղորդագրության մեջ։
Դանիել Դանիելյանը կարևորել է փառատոնը նաև մշակութային ապակենտրոնացման տեսանկյունից։ Բացի Երևանից, փառատոնն անցկացվում է նաև մարզերում. այն արդեն իսկ անցկացվել է Տավուշի, Սյունիքի, Լոռու, Կոտայքի, Գեղարքունիքի մարզերում, իսկ այս տարի տեղի կունենա նաև Գյումրիում: Փառատոնն ունի նաև կրթական բաղադրիչ. նախատեսվում են ստեղծագործական հանդիպումներ, ֆիլմերի դիտում-քննարկումներ, վարպետության դասեր, կլոր սեղաններ, շնորհանդեսներ, փորձի փոխանակում։
Դանիել Դանիելյանը կարևորել է մշակութային ժառանգության պահպանումը՝ կարևորելով նաև շարունակաբար զարգացումը: Նա շնորհակալություն է հայտնել բոլոր գործընկերներին համատեղ աշխատանքի և հաջող արդյունքի համար:
Երևանի կարճամետրաժ ֆիլմերի միջազգային կինոփառատոնի տնօրեն Գուժ Թադևոսյանը նշել է, որ փառատոնի նպատակն է ստեղծել հարթակ՝ բացահայտելու երիտասարդ նոր անունների, որոնք կունենան ինքնադրսևորվելու, իրենց ստեղծագործությունները ցույց տալու, տարբեր ծրագրերի միջոցով մեծ աշխարհին ներկայանալու հնարավորություն: Նա շնորհակալություն է հայտնել աջակից բոլոր կողմերին, որոնք նպաստում են հայկական կինոյի զարգացմանը:
Փառատոնի բացումն ազդարարվել է «Մշուշը վերացել է» (ռեժիսոր՝ Սեյեդ Ալի Ղասեմի, Իրան) ֆիլմով:
Փառատոնն անցկացվում է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ: Փառատոնի գլխավոր հովանավորն է Երևանի քաղաքապետարանը: Բոլոր միջոցառումների մուտքն ազատ է։
Փառատոնը կանցկացվի հունիսի 25-29-ը Երևանում և Գյումրիում։