Չարլզ 3-րդը Բուքինգհեմյան պալատի վերանորոգումից հետո չի բնակվի այնտեղ
2 րոպեի ընթերցում

Մեծ Բրիտանիայի թագավոր Չարլզ 3-րդը չի բնակվի Բուքինգհեմյան պալատում, երբ այնտեղ 2027 թվականին ավարտվեն 10 տարի տևող վերանորոգման աշխատանքները։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է Reuters գործակալությունը՝ վկայակոչելով Բուքինգհեմյան պալատի պաշտոնյաներին։
Բուքինգհեմյան պալատի վերանորոգման ծախսերը կազմում են 369 միլիոն ֆունտ ստեռլինգ (487 միլիոն դոլար). պալատում փոխվում են էլեկտրական լարերը, խողովակները, ջեռուցման համակարգերը։ Սակայն Չարլզ թագավորը որոշել է մնալ իր և թագուհի Քամիլայի պաշտոնական լոնդոնյան նստավայրում՝ Քլարենս հաուսում։
Բուքինգհեմյան պալատը եղել է բրիտանացի միապետների լոնդոնյան հիմնական նստավայրը 1837 թվականին Վիկտորիա թագուհու գահակալությունից ի վեր։
Թագավորի գանձապահ Ջեյմս Չալմերսը հայտնել է, որ պալատը կմնա արարողակարգային և պաշտոնական միջոցառումների, պետական այցերի հիմնական վայրը։
«Այն կա և կմնա «միապետության գլխավոր կենտրոնակայանը», մեր պետական շենքերի գոհարը, որի տանիքին հպարտորեն ծածանվում է միապետի դրոշը, երբ Նորին Մեծությունը Լոնդոնում է», - ասել է նա լրագրողներին։
Ո՛չ Չարլզը, ո՛չ էլ հանգուցյալ թագուհի Եղիսաբեթը 2019 թվականից ի վեր չեն գիշերել պալատում։ Թագավորն այնտեղ կպահպանի մասնավոր սենյակներ, որոնք կարող են օգտագործվել որպես կացարան։
Չալմերսի խոսքով՝ ամեն տարի պալատ է այցելում մոտ 700 000 մարդ, և հանրության համար պալատի հասանելիությունը կմեծանա։