Երևան

ՀՀ վարչապետի գլխավորությամբ քննարկվել է «Կոնդ» թաղամասի քաղաքաշինական հայեցակարգը

2 րոպեի ընթերցում

ՀՀ վարչապետի գլխավորությամբ քննարկվել է «Կոնդ» թաղամասի քաղաքաշինական հայեցակարգը

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել խորհրդակցություն, որի ընթացքում քննարկվել է «Կոնդ» թաղամասի քաղաքաշինական հայեցակարգը։

Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է ՀՀ վարչապետի աշխատակազմի տարածած հաղորդագրությունից, քաղաքաշինության կոմիտեի նախագահ Եղիազար Վարդանյանը նշել է, որ առաջարկվող մոդելը հիմնված է թաղամասի պատմական միջավայրի պահպանման, տնտեսական զարգացման և մշակութային ակտիվացման համադրման վրա: Ըստ այդմ՝ նախատեսվող աշխատանքներն ուղղված են լինելու հուշարձանների, պատմական ժառանգության պահպանմանը, ինժեներական և տրանսպորտային ենթակառուցվածքների բարելավմանը, տնտեսական արդյունավետության, ներդրումային գրավչության բարձրացմանը, զբոսաշրջության ակտիվացմանը և այլն:

Ընդգծվել է, որ «Կոնդ» թաղամասի վերակառուցման գործընթացի համար անհրաժեշտ է իրականացնել քաղաքաշինական կարգավորումներ, այդ թվում՝ գործառնական նշանակության փոփոխություն, ճակատների ճարտարապետական պահանջների սահմանում, հարկայնության և կառուցապատման չափորոշիչների որոշում և հանրային ներդրումներ, այդ թվում՝ հուշարձանների պահպանում, վերականգնում, փողոցային ցանցի արդիականացում, ինժեներական ենթակառուցվածքների, փողոցային լուսավորության և թաղամասի մուտքերի կազմակերպում:

Քննարկման շրջանակում անդրադարձ է կատարվել թաղամասի զարգացման գործընթացում վերականգնման և կառավարման համալիր մոտեցումների կիրառմանը:

Վարչապետ Փաշինյանն ընդգծել է, որ հայեցակարգի հաջող իրականացման համար անհրաժեշտ է մշակել հստակ գործողությունների ծրագիր՝ ճշգրիտ համադրելով քաղաքաշինական, սոցիալական և տնտեսական գործոնները:

Կարդացեք հոդվածը` English
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում