2 րոպեի ընթերցում
Կոտայքում՝ հացի և Շիրակում՝ կաթնամթերքի արտադրամասերում հայտնաբերվել են մի շարք խախտումներ։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդագրություն է տարածել Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինն՝ ընդգծելով, որ երկու արտադրամասերի գործունեությունն էլ կասեցվել է։
«Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի կողմից անհատ ձեռնարկատեր Էլյա Ղազարյանին պատկանող հացի արտադրամասում (Կոտայքի մարզ, ք․ Հրազդան, Երևանյան փողոց) իրականացված ստուգման ընթացքում պարզվել է, որ խախտվել են օրենսդրությամբ ամրագրված սանիտարահիգիենիկ նորմերի պահանջները։
Մասնավորապես՝ արտադրական շինությունների նախագծումը, կառուցվածքը, դասավորվածությունը չեն բացառել պարենային հումքի և սննդամթերքի, աղտոտված և մաքուր գույքի խաչաձևվող հոսքերը, չի բացառվել կեղտի կուտակումը, արտադրվող սննդամթերքում մասնիկներ թափվելու հնարավորությունը, արտադրական շինությունների մակերևույթին կոնդենսատի, բորբոսի առաջացումը։ Հատակի, պատերի մակերևույթը պատրաստված չի եղել անջրանցիկ, լվացվող, ախտահանվող նյութերից, դռները եղել են անհարթ, պատրաստված չեն եղել չներծծող նյութերից։
«Շիրակ Վելլի» («Shirak Valley») կաթնամթերքի արտադրամասում (ՀՀ, Շիրակի մարզ, ք․ Գյումրի) իրականացված ստուգման ընթացքում պարզվել է, որ խախտվել են սանիտարահիգիենիկ սահմանված նորմերը։
Մասնավորապես՝ արտադրական շինության առաստաղը գտնվել է ոչ նորոգ վիճակում, առկա է եղել կեղտի կուտակում և մասնիկների թափվելու հնարավորություն»,– ասված է ՍԱՏՄ-ի տարածած հաղորդագրության մեջ։
Երկու դեպքում էլ սահմանվել է վերջնաժամկետ արձանագրված խախտումները վերացնելու համար։