Հայաստան

Հայաստանը 7 հորիզոնականով բարելավել է դիրքերը Խաղաղության համաշխարհային ինդեքսում

2 րոպեի ընթերցում

Հայաստանը 7 հորիզոնականով բարելավել է դիրքերը Խաղաղության համաշխարհային ինդեքսում

Էկոնոմիկայի և խաղաղության ինստիտուտը հրապարակել է 2026թ. Խաղաղության համաշխարհային ինդեքսը, որում Հայաստանը 163 երկրների շարքում 1.825 միավորով 51-րդ հորիզոնականում է։  

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Հայաստանը նախորդ տարվա համեմատ 7 հորիզոնականով բարելավել է դիրքերը։

Այս ցուցանիշով Հայաստանն առաջատարն է Հարավային Կովկասում, իսկ Արևելյան Եվրոպա և Կենտրոնական Ասիա տարածաշրջանի 15 երկրներից 6-րդն է՝ Բուլղարիայից, Ուզբեկստանից, Ղազախստանից, Ռումինիայից և Տաջիկստանից հետո։ Հայաստանում խաղաղության վիճակը գնահատվել է «բարձր» (2025թ․-ից սկսած): Ադրբեջանը և Վրաստանը զբաղեցրել են համապատասխանաբար 110-րդ և 94-րդ տեղերը:

Ըստ զեկույցի՝ Հայաստանի դիրքերի բարելավումն արտացոլում է Ադրբեջանի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացը: Նշվում է, որ երկու երկրները 2025թ․ օգոստոսին ԱՄՆ-ում ստորագրել են խաղաղության համաձայնագիր, իսկ հետագա քայլերը ներառում են սահմանազատում, վառելիքի մատակարարումներ և Ադրբեջանը Նախիջևանի հետ կապող տրանսպորտային ուղու կառուցում:  

Գնողունակության համարժեքության տեսանկյունից ռազմական ծախսերը ՀՆԱ-ում, ըստ զեկույցի, 2025թ․ կազմել են 6․06%։

Վերլուծությունից պարզ է դառնում, որ Հայաստանի ընդհանուր միավորը բարելավվել է 4%-ով․ ամենամեծ առաջընթացը տեղի է ունեցել «հասարակական անվտանգություն և պաշտպանություն» բաղադրիչով՝ 9․3%։ Այս բաղադրիչում բռնի ցույցերի ցուցանիշը գրանցել է 42.9% բարելավում, իսկ քաղաքական ահաբեկչության ցուցանիշը՝ 33.3%: Աննշան բարելավում կա «շարունակվող ներքին և միջազգային հակամարտություններ» բաղադրիչով՝ 1.8%։

Կարդացեք հոդվածը` EnglishفارسیFrançaisTürkçe
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում