Արդյոք աշխատող հայրերն օգտվում են հայրության արձակուրդից․ հրապարակվել են հետազոտության արդյունքները
5 րոպեի ընթերցում

Որքանո՞վ են աշխատող հայրերը տեղեկացված հայրության արձակուրդից, արդյոք օգտվում են իրենց ընձեռած այդ հնարավորությունից․ այս և այլ հարցերի պատասխաններն արտացոլվել են ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի հայաստանյան գրասենյակի նախաձեռնությամբ կատարված հետազոտությունում, որն իրականացրել է ԵՊՀ Սոցիալական հետազոտությունների իննովացիոն կենտրոնը։
Հետազոտությունն իրականացվել է 2026 թվականի մարտին Արագածոտնի, Շիրակի, Լոռու և Տավուշի մարզերում։ Հարցմանը մասնակցել է 384 աշխատող հայր։ «Արմենպրես»-ի մամուլի սրահում հրավիրված ասուլիսում ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի հայաստանյան գրասենյակի ղեկավար Լուսինե Սարգսյանը նշեց, որ նպատակն է բացահայտել հայրության արձակուրդից օգտվելու մակարդակը, վեր հանել խնդիրները։
«Պատահական չէ, որ այսօր ենք ներկայացնում հետազոտության արդյունքները։ Հայաստանն արդեն երկրորդ տարին է նշում է Հայրերի օրը։ Շնորհավորում եմ բոլոր հայրերին՝ մաղթելով առողջություն ու հաջողություն։ Ինչ վերաբերում է հետազոտությանը, ապա մենք փորձ ենք արել վեր հանել բոլոր բացերը, խնդիրները, որոնց բախվում են հայրերը։ Հույս ունենք, որ բարձրացած հարցերը հետագայում օգտակար կլինեն պետական համակարգի մեր գործընկերների համար՝ հասկանալու, թե հաջորդող տարիներին ինչ ուղղությամբ պետք է առաջ շարժվենք»,-ասաց Լուսինե Սարգսյանը։

Ներկայացնելով հետազոտության բուն արդյունքները՝ ԵՊՀ Սոցիալական հետազոտությունների իննովացիոն կենտրոնի տնօրեն Արեմ Մկրտչյանը նշեց, որ թիրախավորել են մարզկենտրոնները, մարզում մեծությամբ երկրորդ քաղաքները, ամենամեծ բնակչություն ունեցող գյուղերը։
«Հայրության արձակուրդից օգտվելու մակարդակը մնում է ցածր։ Հետազոտության արդյունքների համաձայն՝ շուրջ 11 տոկոսն է օգտվել այդ հնարավորությունից։ Մյուս կողմից դրական ցուցանիշ է այն, որ այս իրավունքի մասին տեղեկացված հայրերի շրջանում այդ արձակուրդից օգտվելու ցուցանիշն ավելի բարձր է»,-ասաց Արեմ Մկրտչյանն՝ ընդգծելով, որ տեղեկացվածության ցածր մակարդակն ուղիղ ազդում է հայրության արձակուրդից օգտվելու գործընթացի վրա։

Դրանից բացի հայրության արձակուրդից չօգտվելու կամ սահմանափակումներ առաջացնելու վրա ազդում են նաև այլ գործոններ, օրինակ՝ հայրերի զբաղվածության բնույթը։ Այսինքն, շատ դեպքերում այնպիսի բնույթի աշխատանք են անում, որ արձակուրդի պարագայում փոխարինման հարց է առաջանում, ինչը որոշ դեպքերում գործատուի համար դժվար է լինում։ Մյուս գործոնը մտածողությունն է։
«Ինչպես գիտենք հատկապես մարզերում գերդաստանային կենսակերպի գործոնը կա։ Տանը կան մարդիկ, որ երեխաների խնամքի հարցերով են զբաղվում և դա է պատճառը, որ հարցվածներ հայերի մի մասը նշել է, որ երեխայի խնամքը կանացի պարտականություն է։ Այսինքն, ստացվում է հայրության արձակուրդից չօգտվելը կամ մտածելակերպի խնդիր է կամ դրա կարիքը չկա, որովհետև տանը գտնվող ընտանիքի մյուս անդամներն այդ հարցում աջակցում են մայրիկին»,-ասաց Արեմ Մկրտչյանը։
Ստացվում է աշխատանք պետք է տարվի քաղաքացիների իրազեկվածության ուղղությամբ, կա նաև խնդիր գենդերային դերի պատկերացումների հետ։
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության աշխատանքի և զբաղվածության վարչության պետ Ժորա Սարգսյանը նկատեց, որ հետազոտությունը կարևոր հարցեր է վեր հանում, ինչը հաշվի կառնվի հետագա աշխատանքներում։
«Այո, իրազեկվածության մակարդակը բարձրացնելը շատ կարևոր է։ Մենք այդ ուղղությամբ նկատելի աշխատանք իրականացնում ենք, ինչը շարունակելի կլինի։ Ինչ վերաբերում է մեր կողմից իրականացվող քաղաքականությանը, ապա նշեմ, որ ՀՀ աշխատանքային օրենսգրքում կա կարգավորումների ավելի լայն շրջանակ, որը վերաբերում է երեխա խնամողին։ Մենք այստեղ նկատի ունենք նաև հայրերին։ Օրինակ՝ հայրերը ևս իրավունք ունեն վերցնել երեխայի խնամքի արձակուրդ մինչև երեխայի 3 տարին լրանալը։ Աշխատատեղն այս ընթացքում պահպանվում է։ Հաջորդ օրինակը, տղամարդիկ, իրենց կնոջ հղիության ու ծննդաբերության շրջանում, իրավունք ունեն իրենք որոշեն, թե երբ են ցանկանում օգտագործել ամենամյա վճարովի արձակուրդը»,-ասաց Ժորա Սարգսյանը։

Վերջին փոփոխությունը վերաբերում է ծնողական ժամին, որից կարող են օգտվել և հայրերը, և մայրերը։ Մինչև 12 տարեկան երեխա ունեցողները կարող են իրենց աշխատավարձի պահպանմամբ օգտվել ծնողական ժամի հնարավորությունից։ Մինչև 2 երեխայի դեպքում տրվում է 30 րոպե, 3 և ավելի երեխայի դեպքում 1 ժամ։
