Կրթություն

ՀՀ ԿԳՄՍ փոխնախարարը հետևել է անգլերենի միասնական քննության ընթացքին

2 րոպեի ընթերցում

ՀՀ ԿԳՄՍ փոխնախարարը հետևել է անգլերենի միասնական քննության ընթացքին

Ընթացքի մեջ է 2026 թվականի միասնական քննությունների հիմնական փուլը. Դիմորդները հունիսի 16-ին քննություն են հանձնում օտար լեզուներից (անգլերեն, ֆրանսերեն, գերմաներեն, իսպաներեն, իտալերեն, պարսկերեն):

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանն այցելել է Երևանի թիվ 57 հիմնական դպրոցում տեղակայված քննական կենտրոն՝ հետևելու քննական գործընթացին:

Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է ԿԳՄՍ նախարարության տարածած հաղորդագրությունից, քննության մեկնարկից առաջ նախարարի տեղակալը շրջել է քննասենյակներում և զրուցել դիմորդների հետ, հետաքրքրվել՝ առաջին, թե երկրորդ անգամ են մասնակցում քննությանը, ինչ արդյունքներ են գրանցել, մասնագիտական ինչ կողմնորոշում ունեն: Արաքսիա Սվաջյանը հաջողություն է մաղթել դիմորդներին:

Նշյալ քննական կենտրոնում քննություն է հանձնում շուրջ 110 դիմորդ:

Բուհերի ընդունելության միասնական և ներբուհական քննությունների 2-րդ՝ հիմնական փուլում հայտագրվել է 16 426 դիմորդ:

Հաջորդ միասնական քննությունը տեղի կունենա հունիսի 19-ին՝ «Մաթեմատիկա» առարկայից. այս փուլի վերջին քննական օրը հունիսի 30-ն է։ 

Համաձայն ԳԹԿ-ի ներկայացրած տվյալների՝ հիմնական փուլում հայտագրված ամենաշատ դիմորդները քննություն են հանձնում անգլերենից՝ 5757, այնուհետև մաթեմատիկայից՝ 5467, երրորդ տեղում «Հայոց լեզու և հայ գրականություն» առարկան է՝ 4232 դիմորդ։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում