Հայաստանի իշխանությունները նախատեսում են խստացնել պատասխանատվությունը ընտրակաշառք բաժանելու համար
2 րոպեի ընթերցում

Հայաստանում իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը օրենսդրական նախաձեռնությամբ հանդես կգա, որով շատ լուրջ խստացումներ են նախատեսվելու ընտրակաշառք բաժանելու համար։
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ խորհրդարանում լրագրողների հետ զրույցում այս մասին ասել է Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վահագն Ալեքսանյանը։
«Մենք հիմա շատ կարևոր օրենսդրական փոփոխությունների նախաձեռնման փուլում ենք, հիմա այդ քննարկումներն են ընթանում, որ հետագայում ամեն ինչ շատ ավելի հստակ լինի ընտրակաշառքի մասով։ Առնվազն այն, ինչ ես եմ հասկացել մեր իրավաբանների հետ խորհրդակցությունների արդյունքում, այն է, որ այս պահի դրությամբ մեր օրենսդրությունը բավականաչափ հստակ չէ, և ընտրակաշառատու սրիկաները կարողանում են մանևրել։ Առնվազն ընտրակաշառք բաժանելու մասով շատ լուրջ խստացումներ ենք նախատեսում և քաղաքական դաշտի մաքրում ենք նախատեսում ընտրակաշառոտու սրիկաներից»,- ասել է Ալեքսանյանը։
Հիշեցնենք, որ Հայաստանում հունիսի 7-ին կայացած խորհրդարանական ընտրությունների նախընտրական քարոզարշավի ամբողջ հնթացքում Հայաստանի հակակոռուպցիոն կոմիտեն պարբերաբար հայտնում էր «Ուժեղ Հայաստան» դաշինքի, «Հայաստան» դաշինքի և «Բարգավաճ Հայաստան» կուսակցության ներկայացուցիչների կողմից ընտրակաշառք բաժանելու դեպքեր բացահայտելու մասին՝ ներկայացնելով նաև դրա մասին վկայող ձայնագրություններ։