ՀՀ ԿԲ-ն շրջանառության մեջ է դրել ՀՀ նոր հուշադրամ
5 րոպեի ընթերցում

Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկը 2026 թվականի հունիսի 16-ին շրջանառության մեջ է դրել «Ալեք Մանուկյանի ծննդյան 125-ամյակ» ոսկե հուշադրամը:
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ հուշադրամի դիմերեսին հայ բարերարի հավաքական կերպարը խորհրդանշող հուշակոթողն է («Հայ բարերարների ճեմուղի» հուշահամալիր, հեղինակ՝ Ֆ. Առաքելյան), «ԵՐԱԽՏԱՊԱՐՏՈՒԹՅՈՒՆ» և «GRATITUDE» մակագրությունները:

Դարձերեսին Ալեք Մանուկյանի դիմապատկերը և ստորագրությունն են:

Էսքիզների հեղինակներ՝ Հարություն Սամուելյան (դիմերես), Վարդան Վարդանյան (դարձերես):
Հուշադրամը հատվել է Նիդեռլանդների արքայական դրամահատարանում:
Անվանական արժեքը - 10 000 դրամ
Մետաղը/հարգը – ոսկի 9000
Քաշը – 8,6 գ
Տրամագիծը - 22,0 մմ
Որակը - պրուֆ
Դրամաշուրթը - ատամնավոր
Թողարկման քանակը - 300 հատ
Ալեք Մանուկյանի ծննդյան 125-ամյակին նվիրված հուշադրամ
ԱԼԵՔ ՄԱՆՈՒԿՅԱՆ (1901–1996 թթ.)` ամերիկահայ հայտնի գործարար և մեծ բարերար:
Ծնվել է Քասաբայում, Զմյուռնիայի մոտ (Իզմիր)։ Տեղի հայկական դպրոցում սովորելուն զուգահեռ աշխատել է տարբեր վայրերում՝ ձեռք բերելով ձեռներեցության նշանակալի փորձ։
1920 թ․ տեղափոխվել է ԱՄՆ և 1924 թ-ից հաստատվել Դետրոյթում (Միչիգան նահանգ), որտեղ աշխատել է ավտոմեքենաների պահեստամասեր արտադրող մի շարք գործարաններում։
1929 թ. հիմնել է սեփական ձեռնարկությունը՝ «Մասքո կորպորացիան», որն սկզբում զբաղվել է ավտոարդյունաբերական պահեստամասերի արտադրությամբ, ապա ձեռք է բերել միջազգային ճանաչում՝ շնորհիվ «Դելտա» միաբռնակ ծորակի և սանտեխնիկական սարքավորումների արտադրության։
1930 թ. անդամագրվել է Հայկական բարեգործական ընդհանուր միությանը (ՀԲԸՄ) և որպես նախագահ պաշտոնավարել 1953–1989 թթ.։ Նրան հետագայում փոխարինել է դուստրը՝ Լուիզ Սիմոնը:
1942 թ. իր կնոջ՝ Մարի Մանուկյանի հետ հիմնել է «Ալեք և Մարի Մանուկյան հիմնադրամը» և մեծ գումարներ նվիրաբերել հայկական ծրագրերի իրականացմանը բազմաթիվ երկրներում՝ Հայաստան, ԱՄՆ, Կանադա, Արգենտինա, Ուրուգվայ, Հոլանդիա, Ֆրանսիա, Լիբանան, Երուսաղեմ, Իրան, Ավստրալիա։ Էական ներդրումներ ուղղվել են եկեղեցու, դպրոցների, մշակութային կենտրոնների, գրադարանների, ծերանոցների կառուցմանը և բարենորոգմանը, համալսարաններում հայագիտական ամբիոնների հիմնադրմանը, երիտասարդական կազմակերպությունների աջակցմանը:
Բարեգործական ավանդի համար արժանացել է բազմաթիվ միջազգային մրցանակների ու մեծարման, մի շարք համալսարանների պատվավոր դոկտորի կոչումների: 1994 թ. նրան շնորհվել է Հայաստանի ազգային հերոսի կոչում և հանձնվել Հայրենիքի շքանշան: Հայաստանում և աշխարհի բազմաթիվ քաղաքներում նրա անունով անվանակոչվել են դպրոցներ ու փողոցներ:
Մեծ բարերարի և նրա կնոջ աճյունները հանգչում են Մայր Աթոռ Սուրբ էջմիածնում՝ իրենց իսկ նվիրաբերությամբ կառուցված «Ալեք և Մարի Մանուկյան» գանձատան դիմաց:
Հուշադրամները թանկարժեք մետաղներից պատրաստված դրամներ են, որոնք թողարկվում են երկրի ազգային, միջազգային, պատմամշակութային, հոգևոր և այլ արժեքները հասարակությանը ներկայացնելու, դրանք մետաղի տեսքով հավերժացնելու, ինչպես նաև դրամագիտական շուկայի պահանջարկը բավարարելու նպատակով:
Ինչպես ցանկացած դրամ, հուշադրամներն ունեն անվանական արժեք, որով և ներկայանում են որպես վճարամիջոց: Սակայն հուշադրամների անվանական արժեքը շատ ավելի ցածր է ինքնարժեքից, որը բաղկացած է հուշադրամի պատրաստման համար օգտագործված թանկարժեք մետաղի արժեքից, արտադրության և այլ ծախսերից: Ցածր անվանական արժեքն ու բարձր ինքնարժեքը հնարավորություն են տալիս այս տեսակի դրամը դիտարկելու ոչ թե որպես դրամաշրջանառության մեջ օգտագործվող վճարամիջոց, այլ որպես հավաքորդական առարկա: Հուշադրամներն ունեն նաև ՀՀ կենտրոնական բանկի կողմից սահմանված վաճառքի գին:
Հուշադրամները՝ հանդիսանալով հավաքորդական առարկա, թողարկվում են խիստ սահմանափակ քանակով և չեն վերաթողարկվում:
Դրամագետները, հավաքորդներն ու պարզապես ցանկացողները կարող են գնել ՀՀ հուշադրամները ՀՀ կենտրոնական բանկի «Դրամագետ» վաճառասրահից, որը գործում է ԿԲ ներսում և բաց է բոլորի համար:
«Դրամագետ» վաճառասրահում ներկայացված դրամագիտական արժեքների գներին կարող եք ծանոթանալ այս հղումով։