Wildberries-ը Հայաստանում Յունիբանկի հետ համատեղ գործարկել է ապառիկ գնումների ծառայություն

3 րոպեի ընթերցում

Wildberries-ը Յունիբանկի հետ համագործակցությամբ Հայաստանում օգտատերերին հնարավորություն է տալիս ձևակերպել գնումներ ապառիկով։

Պատվերի ձևակերպման փուլում՝ զամբյուղում կամ «Վճարել հիմա» կոճակը սեղմելիս, օգտատերը վճարման տարբերակներում տեսնում է Յունիբանկը։ Ապառիկ ձևակերպելու համար համակարգը օգտատիրոջը տեղափոխում է բանկի էջ, որտեղ նա անցնում է հայտի դիտարկման և հաստատման գործընթացը։

Ապառիկը հնարավոր է ձևակերպել մինչև 2 500 000 հայկական դրամի չափով, մինչև 36 ամիս ժամկետով․ կոնկրետ պայմանները բանկը սահմանում է յուրաքանչյուր հաճախորդի համար անհատապես։ Տոկոսադրույքը և մարման պայմանները ցուցադրվում են ձևակերպման փուլում։

Եթե գնորդը որոշի հրաժարվել ապրանքից, վճարված գումարները կվերադարձվեն։ Այս դեպքում վարկային պայմանագրի պարտավորությունները կվերահաշվարկվեն կամ կփակվեն։

«Մեզ համար կարևոր է, որ յուրաքանչյուր գնորդ ունենա ընտրության ազատություն, այդ թվում՝ վճարման եղանակների ընտրության հարցում։ Յունիբանկի հետ ինտեգրացիան թույլ է տալիս օգտատերերին առաջարկել թափանցիկ և արագ ծառայություն անմիջապես հարթակի ներսում։ Մենք տեսնում ենք, որ ժամանակակից ֆինանսական լուծումների հասանելիությունը ուղղակիորեն ազդում է հաճախորդների հավատարմության վրա․ երբ մարդը կարողանում է հենց հիմա ձեռք բերել ցանկալի ապրանքը և վճարել դրա համար իրեն հարմար ժամկետներում՝ դա փոխում է գնումների ամբողջ մոտեցումը։ Մենք շարունակելու ենք նման գործիքների ներդրումը՝ Wildberries-ում գնումները հնարավորինս հասանելի դարձնելու համար», — նշել է Wildberries-ի Հայաստանի տարածաշրջանային տնօրեն Դավիթ Միրզոյանը։

«Յունիբանկը շարունակում է զարգացնել թվային ֆինանսական լուծումները՝ վարկավորման գործընթացը դարձնելով հնարավորինս պարզ և հարմար հաճախորդների համար։ Մենք Հայաստանի սպառողական վարկավորման շուկայի առաջատարներից ենք, և մեզ համար կարևոր է, որ բանկային ծառայությունները հասանելի լինեն հենց այնտեղ, որտեղ դա հարմար է հաճախորդին։ Wildberries-ի հետ համագործակցության շնորհիվ գնորդները կարող են ապառիկ ձևակերպել անմիջապես գնումի ընթացքում՝ ընդամենը մի քանի քայլով։ Նոր ծառայությունը հնարավորություն է տալիս ձեռք բերել ցանկալի ապրանքները՝ առանց երկար խնայելու կամ գնումը հետաձգելու անհրաժեշտության», - նշել է Յունիբանկի վարչության նախագահի առաջին տեղակալ, մանրածախ բիզնեսի զարգացման և վաճառքների տնօրեն Գուրգեն Ղուկասյանը։

Հայերեն