Firebird ընկերության մեգանախագիծը մտել է կառուցման և սարքավորումների տեղակայման եզրափակիչ փուլ

6 րոպեի ընթերցում

Firebird ընկերության արհեստական բանականության (ԱԲ) մեգանախագիծը, որը Հայաստանը դիրքավորում է որպես Կովկասի տարածաշրջանի առաջատար ԱԲ գերհամակարգչային կենտրոն, անցնում է կառուցման և սարքավորումների տեղակայման եզրափակիչ փուլ։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ՀՀ ԲՏԱ նախարար Մխիթար Հայրապետյանը, տեխնոլոգիական համայնքի ներկայացուցիչներն ու լրատվամիջոցներն առաջին անգամ այցելեցին Հրազդանի մոտակայքում գտնվող ԱԲ տվյալների կենտրոն և Firebird-ի համահիմնադիր Ալեքսանդր Եսայանի ուղեկցությամբ շրջայց կատարեցին կառուցվող համալիրում՝ առաջին անգամ անմիջականորեն ծանոթանալով նախագծին՝ մինչև դրա գործարկումը։

Firebird-ի եռափուլ ընդլայնման ռազմավարությունը նախատեսում է, որ NVIDIA Blackwell և Vera Rubin գրաֆիկական պրոցեսորների (GPU) ընդհանուր թիվը մինչև 2027 թվականի ավարտը կգերազանցի 100 000-ը։

Հանդիպման ժամանակ Firebird ընկերությունը հայտարարեց Հայաստանում իր ԱԲ մեգանախագծի առաջին փուլի կառուցման և սարքավորումների տեղակայման վերջնական փուլի մեկնարկի մասին՝ արձանագրելով տարածաշրջանի ԱԲ ամենահավակնոտ ենթակառուցվածքային նախագծի գործարկման կարևորագույն հանգրվանը։ 

200 000 ք/մ ընդհանուր տարածքում տեղակայված ԱԲ գործարանի առաջին փուլի կառուցումն այժմ մոտենում է ավարտին։ Գործարկումից հետո կենտրոնում կաշխատեն ավելի քան 6000 NVIDIA Blackwell գրաֆիկական պրոցեսներ (GPU), որոնք 18 մեգավատտ ընդհանուր հզորությամբ կապահովեն մինչև 110․6 էքսաֆլոպ ԱԲ հաշվողական (FP4 Tensor) հզորություն։ Այդ ցուցանիշների շնորհիվ՝ նախագիծը կդառնա ԱԲ տվյալների խոշորագույն կենտրոնը տարածաշրջանում։

Մեգանախագիծը կապահովի այն հաշվարկային հզորությունները, որոնք անհրաժեշտ են ԱԲ առաջատար համակարգերի մշակման, լայնածավալ գիտական հետազոտությունների, բարդ ինժեներական մոդելավորման, ռոբոտատեխնիկայի, ավիատիեզերական և կենսաբժշկական տեխնոլոգիաների, կորպորատիվ հաշվողական խնդիրների, ինչպես նաև հաջորդ սերնդի խելացի հավելվածների համար։

Հաշվարկային հզորության առավելագույն խտությունն ու էներգաարդյունավետությունն ապահովելու նպատակով ԱԲ տվյալների կենտրոնում ներդրվել են Vertiv Holdings ընկերության ջրային և օդային սառեցման առաջատար համակարգեր, ինչպես նաև Schneider Electric-ի էներգամատակարարման ենթակառուցվածքները, որոնք նախատեսված են կենսական նշանակության ԱԲ համակարգերի անխափան շահագործման համար։ Ջրային հովացման համակարգն աշխատելու է փակ ցիկլով և, տեխնիկական բնութագրերի համաձայն, ջրի փոխարինում պահանջվելու է ընդամենը մի քանի տարին մեկ անգամ։ Գործարանն աշխատելու է էկոլոգիապես մաքուր պայմաններում և շրջակա միջավայրի վրա չի ունենալու բացասական ազդեցություն։

Կոմունիկացիոն և ինտերնետ ենթակառուցվածքը ապահովելու է Team Telecom Armenia ընկերությունը՝ տարածաշրջանում եզակի, հաջորդ սենդի (NGN) օպտիկամանրաթելային ցանցի միջոցով և մինչև 1 Տերաբիթ/վայրկյան թողունակությամբ՝ պահանջարկի աճին համընթաց ընդլայնման զգալի հնարավորությամբ։

ԲՏԱ նախարար Մխիթար Հայրապետյանը նշեց, որ տվյալ մեգանախագիծը ոչ միայն հզոր ենթակառուցվածք է, այլև Հայաստանի ապագայի տեխնոլոգիական տնտեսության կարևորագույն հիմնաքարը։

«Մեր ռազմավարական նպատակն է երկիրը վերածել գլոբալ «ԱԲ գործարանների պարտեզի», որտեղ գերհզոր հաշվարկային հնարավորությունները, տեղական տաղանդն ու նորարարական էկոհամակարգը կաշխատեն փոխլրացմամբ։ Firebird-ի շնորհիվ՝ Հայաստանը սպառողից վերածվում է աշխարհի արհեստական բանականության բարձր տեխնոլոգիական արդյունք և լուծումներ առաջարկող երկրի, որը պատրաստ է սահմանել ապագայի խաղի կանոնները»,- ասաց Հայրապետյանը։

Firebird ընկերության համահիմնադիր Ալեքսանդր Եսայանը նշեց, որ Հայաստանի չափերի երկրի համար նման մասշտաբի ենթակառուցվածք ստեղծելն ընդամենը մի քանի տարի առաջ անիրատեսական կթվար, բայց այսօր հպարտությամբ կարելի է արձանագրել, որ առաջին հայտարարությունից ընդամենը տասն ամիս անց նախագծի հեղինակները մտել են արդեն նախագծի իրացման եզրափակիչ փուլ։

«Սա մի նախաձեռնություն է, որը հիմք է դնելու Հայաստանի նոր տեխնոլոգիական տնտեսությանը։ Արհեստական բանականությունն արագորեն վերածվում է աշխարհի ամենակարևոր ռազմավարական ռեսուրսի, և այն երկրները, որոնք այսօր համարձակ ներդրումներ են կատարում ԱԲ հաշվողական ենթակառուցվածքներում, վաղը կսահմանեն խաղի կանոնները համաշխարհային նորարարության ոլորտում։ Այս նախագծով Հայաստանը ձեռք է բերում ոչ միայն այդ ապագային մասնակից դառնալու, այլև աշխարհի առաջատար տեխնոլոգիական պետությունների հետ հավասար պայմաններում մրցելու իրական հնարավորությունը»,- ասաց Եսայանը։ 

Նախագծի առաջին փուլում ներդրումների ընդհանուր ծավալը կազմել է 500 միլիոն դոլար։ Երկրորդ փուլի ավարտին ընդհանուր ներդրումները կհասնեն շուրջ 4 միլիարդ դոլարի, իսկ ենթակառուցվածքին կավելանա ավելի քան 41 000 գրաֆիկական պրոցեսոր (GPU), ինչը Հայաստանը կդասի ԱԲ հաշվարկային հզորությամբ աշխարհի հինգ առաջատար երկրների շարքին։ Առաջին փուլի գործարկումը նախատեսված է 2026 թվականի հուլիսին։ Firebird-ի եռափուլ ընդլայնման ռազմավարության շրջանակում նախատեսվում է, որ մինչև 2027 թվականի ավարտը նախագծի գրաֆիկական պրոցեսորների ընդհանուր քանակը կգերազանցի 100 000-ը՝ NVIDIA Blackwell և Vera Rubin տեխնոլոգիաների հիման վրա՝ էլ ավելի ամրապնդելով Հայաստանի դիրքը արհեստական բանականության դարաշրջանում։      

Հայերեն Русский