Եվրոպա

Սերբիայում մեկնարկել են «Պլատինե գայլ 26» զորավարժությունները՝ ԱՄՆ-ի մասնակցությամբ

2 րոպեի ընթերցում

Սերբիայում մեկնարկել են «Պլատինե գայլ 26» զորավարժությունները՝ ԱՄՆ-ի մասնակցությամբ

Սերբիայի հարավում մեկնարկել են «Պլատինե գայլ 26» բազմազգ մարտավարական զորավարժությունները, որոնց մասնակցում են զորակազմեր Ադրբեջանից, Բոսնիա և Հերցեգովինայից և ՆԱՏՕ-ի որոշ երկրներից՝ ԱՄՆ զինված ուժերի Եվրոպական հրամանատարության աջակցությամբ: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է ՏԱՍՍ-ը՝ հղում անելով Սերբիայի պաշտպանության նախարարությանը։

Ըստ գերատեսչության՝ 550 զինծառայողի մասնակցությամբ զորավարժությունները կտևեն մինչև հունիսի 13-ը: Բույանովաց քաղաքի շրջանում մեկնարկած զորավարժություններին, բացի սերբ և ամերիկացի զինվորականներից, մասնակցում են զորակազմեր Ադրբեջանից, Բոսնիա և Հերցեգովինայից, Հունաստանից, Մեծ Բրիտանիայից, Հունգարիայից, Իտալիայից, Ռումինիայից, Հյուսիսային Մակեդոնիայից և Չեռնոգորիայից: Նրանք կանցկացնեն խաղաղապահ գործողություններ իրականացնելիս փոխգործակցության վարժանքներ:

«Պլատինե գայլ» զորավարժությունների շարքը Սերբիայում անցկացվում է 2014 թվականից: Հանրապետության Պաշտպանության նախարարության տվյալներով՝ զորավարժությունները «հաստատում են Սերբիայի զինված ուժերի հանձնառությունը՝ համագործակցելու բոլոր գործընկերների հետ և պահպանելու խաղաղությունն ու կայունությունը»:  

2022 թվականին զորավարժությունները չեն անցկացվել Սերբիայի կառավարության կողմից ընդունված միջազգային բոլոր զորավարժությունների մորատորիումի պատճառով: 2023 թվականին զորավարժությունները վերսկսվել են:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում