Սպորտ

«Արարատ-Արմենիա»-ի ֆուտբոլիստ Ժիրայր Շաղոյանը` Հայաստանի Պրեմիեր լիգայի չեմպիոնության մասին

2 րոպեի ընթերցում

«Արարատ-Արմենիա»-ի ֆուտբոլիստ Ժիրայր Շաղոյանը` Հայաստանի Պրեմիեր լիգայի չեմպիոնության մասին

«Արարատ Արմենիա»-ի կազմում Հայաստանի ֆուտբոլի առաջնության 2025/26 մրցաշրջանի հաղթող և ազգային թիմի անդամ Ժիրայր Շաղոյանը Պրեմիեր լիգայի չեմպիոնությունը բարդ մրցաշրջանի կարևոր ձեռքբերումն է համարում:

«Այս մրցաշրջանը բավականին երկար ստացվեց: Մրցաշրջանի ընթացքում ձեռքբերումներ ունեցանք, կային նաև բացթողումներ: Մենք կարողացանք մեր մեջ ուժ գտնել ու նորից բարձրանալ մրցաշարային աղյուսակի առաջին հորիզոնական, նույնիսկ այն ժամանակ, երբ անհաջող շրջան ունեինք»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ` լրագրողների հետ զրույցում ասաց Շաղոյանը:

Կիսապաշտպանի խոսքով` այս մրցաշրջանը նոր գլխավոր մարզչի՝ Մանուել Տուլիպայի հետ ինքնատիպ էր, քանի որ նա պորտուգալական դպրոցի ներկայացուցիչ է և ունի իր ուրույն ֆուտբոլային փիլիսոփայությունը:

«Մենք պետք է ձգտենք խաղի ժամանակ կատարել այն առաջադրանք, որը ստանում ենք մարզչից մարզումների ընթացքում։ Դա մեզ թույլ կտա առավել մեծ հաջողությունների հասնել»,-առանձնացրեց նա:

Հայաստանի ֆուտբոլի առաջնության այս տարվա չեմպիոնը «Արարատ-Արմենիա»-ն է, որը հավաքեց 60 միավոր: Սա «Արարատ-Արմենիա»-ի երրորդ չեմպիոնությունն է։ Ակումբը Հայաստանում լավագույնն էր  նաև 2018–19 և 2019-20 մրցաշրջաններում։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում