Իսրայելի բանակը հրահանգել է խաղաղ բնակիչներին լքել Լիբանանի հարավում գտնվող Տիր քաղաքը
1 րոպեի ընթերցում

Իսրայելը նախազգուշացրել է Լիբանանի հարավում գտնվող Տիր քաղաքի բնակիչներին առաջիկա ավիահարվածների մասին և պահանջել անհապաղ տարհանվել դեպի երկրի հյուսիս։
Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով ՏԱՍՍ գործակալությունը, Իսրայելի պաշտպանության բանակի ներկայացուցիչը հայտարարել է, որ ավիահարվածները կուղղվեն իրանամետ շիական «Հեզբոլլահ» կազմակերպության ռազմական ենթակառուցվածքներին։
X սոցիալական ցանցում արաբերենով տարածված հայտարարության մեջ նա նշել է, որ հարվածները կուղղվեն ոչ միայն Տիրին, այլև նրա արվարձաններին։
Մայիսի 26-ին Տիր քաղաքի մոտ գտնվող փախստականների ճամբարի վրա Իսրայելի կողմից հասցված ավիահարվածի հետևանքով զոհվել է 16 մարդ, այդ թվում՝ երկու երեխա և երեք կին:
Մարտի 11-ին Տիրի վրա հասցված ավիահարվածների հետևանքով վնասվել էին քաղաքի հնագիտական վայրերը: