Քաղաքականություն

TRIPP-ի իրականացման շրջանակային համաձայնագիրն առավելագույնը մեկ ամսվա ընթացքում վերջնական կստորագրվի. Փաշինյան

4 րոպեի ընթերցում

TRIPP-ի իրականացման շրջանակային համաձայնագիրն առավելագույնը մեկ ամսվա ընթացքում վերջնական կստորագրվի. Փաշինյան

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ «TRIPP» նախագծի շրջանակում նախատեսվում է վերագործարկել Մեղրիի երկաթուղին, ինչպես նաև Հայաստանի տարածքով ստեղծել նոր տրանսպորտային և ենթակառուցվածքային կապեր։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նախընտրական քարոզարշավի շրջանակներում Գողթ բնակավայրի բնակիչների հետ հանդիպման ընթացքում Փաշինյանն անդրադարձել է ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոյի՝ Հայաստան կատարած այցին և նշել, որ մայիսի 26-ին Երևանում նախաստորագրվել է «TRIPP» նախագծի իրականացման շրջանակային համաձայնագիրը։

«Միացյալ Նահանգների պետքարտուղար Մարկո Ռուբիոն ժամանեց Հայաստան և արտաքին գործերի նախարարի հետ նախաստորագրեցին TRIPP նախագծի իրագործման շրջանակային համաձայնագիրը։ Առավելագույնը մեկ ամսվա ընթացքում այն վերջնական կստորագրվի»,- ասել է Փաշինյանը։

Նրա խոսքով՝ նախագծի ամենաակնհայտ բաղադրիչներից մեկը Մեղրիի երկաթուղու վերաբացումն է։

«Մեղրիի երկաթուղին վերաբացվելու է, և այդ երկաթուղուց օգտվելու է ինչպես Ադրբեջանը՝ Նախիջևանի և Ադրբեջանի հիմնական մասի միջև կապի համար, այնպես էլ Հայաստանը՝ երկրի հյուսիսային և հարավային հատվածների միջև երկաթուղային կապ ստեղծելու նպատակով։ Մենք այսօր հարավից դեպի հյուսիս, այսինքն՝ Սյունիքի հատվածում երկաթուղի չունենք, և մենք ստանալու ենք այդ երկաթուղին»,- նշել է վարչապետը։

Նա հավելել է, որ երկաթուղու վերագործարկումը կարևոր նշանակություն կունենա նաև բեռնափոխադրումների համար, մասնավորապես Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի արտադրանքի տեղափոխման առումով։

«Սա նշանակում է մեզ համար հնարավորություն, որ մենք Սյունիքից առնվազն խտանյութը բերենք միանգամից երկաթուղով և դեպի Սյունիք էլ ապրանքներ տանենք»,- ասել է Փաշինյանը։

Նրա խոսքով՝ Հայաստանը նաև տրանզիտային եկամուտներ է ստանալու։

«Ամեն գնացք, որ մեր տարածքով անցավ, դրա համար վճարելու են, այդ գումարները գալու են Հայաստանի Հանրապետության պետական բյուջե»,- նշել է վարչապետը։

Փաշինյանի խոսքով՝ այդ միջոցները կարող են ուղղվել ճանապարհաշինությանը, սոցիալական ծրագրերին և այլ պետական կարիքների։

Նա ընդգծել է նաև, որ երկաթուղային փոխադրումների ավելացումը կարող է նվազեցնել ծանրաբեռնված բեռնատարների ազդեցությունը ճանապարհների վրա։

Բացի երկաթուղուց, Փաշինյանի խոսքով, TRIPP նախագիծը նախատեսում է նաև գազամուղների, նավթամուղների, էլեկտրահաղորդման գծերի և ինտերնետային մալուխների անցկացում Հայաստանի տարածքով։

«Այդ ամեն ինչի համար Հայաստանը ստանալու է տրանզիտի փող»,- ասել է նա։

Վարչապետի խոսքով՝ այդ ենթակառուցվածքները հնարավորություն կտան Հայաստանին ինչպես ներմուծումներ, այնպես էլ արտահանումներ իրականացնել։

Փաշինյանը նշել է նաև, որ ծրագրի իրականացումը ենթադրում է մեծ ներդրումներ և նոր աշխատատեղերի ստեղծում։

Նրա խոսքով՝ նախագծի շրջանակում Հայաստանը նաև երկաթուղային կապ կստանա Իրանի հետ։

Փաշինյանի խոսքով՝ արդյունքում Հայաստանը կարող է դառնալ հյուսիս-հարավ և արևելք-արևմուտք տրանսպորտային խաչմերուկ։

«Մենք նաև արտահանման և ներկրման համար Պարսից ծոցի և Սև ծովի միջև ստանում ենք երկաթուղային կապ»,- ասել է Փաշինյանը։

Մայիսի 26-ին Հայաստանն ու Ամերիկայի Միացյալ Նահանգները նախաստորագրել են «Թրամփի ուղի՝ հանուն միջազգային խաղաղության և միջազգային բարգավաճման» նախագծի վերաբերյալ ռազմավարական համագործակցության մասին շրջանակային համաձայնագիրը։ Փաստաթղթի նախաստորագրումը տեղի է ունեցել ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոյի՝ Հայաստան այցի շրջանակներում։ Հայկական կողմից փաստաթուղթը ստորագրեց ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը, ամերիկյան կողմից՝ ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն։ 

Կարդացեք հոդվածը` EnglishEspañolРусскийTürkçe
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում