Եվրոպա

Մեծ Բրիտանիան և Լեհաստանը կստորագրեն անվտանգության և պաշտպանության համաձայնագիր

2 րոպեի ընթերցում

Մեծ Բրիտանիան և Լեհաստանը կստորագրեն անվտանգության և պաշտպանության համաձայնագիր

Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերը և Լեհաստանի վարչապետ Դոնալդ Տուսկը մայիսի 27-ին Լոնդոնում կստորագրեն անվտանգության և պաշտպանության համաձայնագիր: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնել է Մեծ Բրիտանիայի վարչապետի գրասենյակը։

Նշվում է, որ փաստաթուղթը կընդգրկի սահմանների պահպանության, կազմակերպված հանցավորության դեմ պայքարի, կոլեկտիվ պաշտպանության ուժեղացման և Եվրամիության հետ համագործակցության խորացման հարցերը։

«Այդ համաձայնագիրը խոշորագույն քայլ է Լեհաստանի հետ պաշտպանության և անվտանգության ոլորտում մեր հարաբերություններում։ Այն մեզ թույլ  կտա դիմակայել ժամանակակից սպառնալիքներին անվտանգության բնագավառում, որոնք կարող են լինել պակաս տեսանելի, բայց ոչ պակաս վտանգավոր: Համաձայնագիրը նաև վերահաստատում է իմ հանձնառությունը՝ ավելի սերտորեն համագործակցելու եվրոպացի գործընկերների հետ՝ անվտանգության ամրապնդման, մեր քաղաքացիների համար հնարավորությունների ընդլայնման և կայունության ապահովման համար»,- ասել է Սթարմերը։

Նրա խոսքով՝ նախաձեռնության շրջանակում միացյալ ցամաքային զորքերը կանցկացնեն լայնածավալ համատեղ վարժանքներ՝ անօդաչու թռչող սարքերի, ռադիոէլեկտրոնային պայքարի և ինժեներական աջակցության բնագավառում օպերատիվ համատեղելիության բարձրացման, ինչպես նաև ցամաքային զորքերի զարգացման համար։

Մեծ Բրիտանիայի վարչապետի գրասենյակից հայտնել են նաև, որ Սթարմերը մտադիր է Տուսկի հետ քննարկել Եվրոպայում «հիբրիդային գրոհների աճի հարցը»։

Ավելի վաղ Սթարմերի կառավարությունը նմանատիպ համաձայնագրեր է կնքել Ֆրանսիայի և Գերմանիայի հետ:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում