Եվրոպա

Հունգարիայի վարչապետը պաշտպանել է երկրի իրավունքն էներգակիրներին ընտրելու հարցում

2 րոպեի ընթերցում

Հունգարիայի վարչապետը պաշտպանել է երկրի իրավունքն էներգակիրներին ընտրելու հարցում

Հունգարիան, ինչպես ԵՄ-ի ցանկացած այլ երկիր, ինքնիշխանություն ունի էներգակիրների գնման հարցում: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով The Guardian պարբերականը, այս մասին լրագրողներին ասել է Հունգարիայի վարչապետ Պետեր Մադյարն իր Լեհաստանի վարչապետ պաշտոնակից Դոնալդ Տուսկի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ, որտեղ կողմերն ամփոփել են Վարշավայում կայացած բանակցությունների արդյունքները:

«Եվրամիության կազմի մեջ են մտնում ինքնիշխան պետություններ, ուստի նրանք ունեն նաև ինքնիշխան իրավունք որոշելու, թե որ ուղղությամբ են ցանկանում շարժվել տարբեր հարցերում», - ասել է Մադյարը՝ մեկնաբանելով լրագրողի տրված հարցն իր լեհ պաշտոնակից  Դոնալդ Տուսկին, թե Վարշավան ինչպես է արձագանքում  Բուդապեշտի կողմից ռուսական էներգակիրների գնումների շարունակմանը:

Իր հերթին Լեհաստանի վարչապետ Դոնալդ Տուսկը հայտարարել է, որ Լեհաստանը պատրաստ է ապահովել նավթի և գազի մատակարարումների այլընտրանքային երթուղիներ Հունգարիայի համար, եթե այդ երկիրը հետաքրքրություն ցուցաբերի և հրաժարվի ռուսական էներգակիրներից։

«Լեհաստանը պատրաստ է օգնություն ցույց տալ և համագործակցել Հունգարիայի հետ՝ այդ երկրի էներգետիկ անվտանգության ապահովման նպատակով: Դիվերսիֆիկացիայի շնորհիվ մեզ հաջողվել է շատ կարճ ժամանակում ազատվել մեկ պետությունից կախվածությունից», - ասել է Տուսկը: Լեհաստանի վարչապետն ընդգծել է, որ Հունգարիայի էներգետիկ գնումների վերաբերյալ որոշումները «նրա ինքնիշխան իրավունքն են»:

Միևնույն ժամանակ Տուսկը հայտարարել է, որ Լեհաստանը և Հունգարիան պատրաստ են աշխատելու Ուկրաինայի՝ ԵՄ-ին անդամակցության վերաբերյալ ընդհանուր եվրոպական պաշտոնական դիրքորոշման վրա:

«Ուկրաինան շատ է շահագրգռված Եվրամիությանը արագացված անդամակցելու հարցում: Լեհաստանը բարյացակամ է վերաբերվում այդ պլաններին, սակայն, հաշվի առնելով մեր փորձը, այդ թվում՝ տնտեսական իրավիճակը, մենք կհետևենք բոլոր կանոններին, որոնք ժամանակին Լեհաստանը պարտավոր էր կատարել ԵՄ-ին անդամակցելիս», - հավելել է Լեհաստանի վարչապետը:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում