«Բաց կառավարման շաբաթվա» շրջանակում քննարկվել են թվային ժողովրդավարության գործիքները
5 րոպեի ընթերցում

«Բաց կառավարման շաբաթվա» շրջանակում անցկացվել է «Թվային ժողովրդավարություն և թափանցիկ կառավարում» թեմայով պանելային քննարկում։
Քննարկման ընթացքում պետական կառույցների, քաղաքացիական հասարակության և փորձագիտական համայնքի ներկայացուցիչներն անդրադարձել են թվային փոխակերպման, հանրային ծառայությունների արդիականացման, ինչպես նաև մասնակցային կառավարման գործիքների զարգացման հարցերին Հայաստանում։
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ քննարկումը կազմակերպվել էր «Հայաստանի ժողովրդավարություն և տարածաշրջանային զարգացում» ծրագրի շրջանակում, որը ֆինանսավորվում է Շվեդիայի միջազգային զարգացման համագործակցության գործակալության (SIDA) կողմից և իրականացվում «Գլոբալ համակարգի միջազգային հիմնադրամի» միջոցով։
Բացման խոսքով հանդես է եկել ԱՅ ԷՖ Ի ԷՍ-ի հայաստանյան մասնաճյուղի տնօրեն Ժերոմ Լեյրոն՝ ընդգծելով, որ թվային փոխակերպումը գնալով ավելի է ազդում այն բանի վրա, թե ինչպես են կառավարությունները հաղորդակցվում քաղաքացիների հետ, մատուցում ծառայություններ, կառավարում տվյալները և խթանում հանրային մասնակցությունը։

«Եթե թվային գործիքները մշակվում և կիրառվում են պատասխանատու կերպով, դրանք կարող են օգնել կառավարումն ավելի թափանցիկ, ներառական, հասանելի և քաղաքացիների կարիքներին արձագանքող դարձնելու գործում»,- նշել է նա։
Լեյրոն շնորհակալություն է հայտնել ՀՀ կառավարության, քաղաքացիական հասարակության, միջազգային կազմակերպությունների և փորձագիտական համայնքի ներկայացուցիչներին քննարկմանը մասնակցելու համար՝ ընդգծելով, որ «Բաց կառավարման շաբաթը» հնարավորություն է տալիս վերաիմաստավորել թափանցիկության, մասնակցայնության և նորարարության դերը ժողովրդավարական կառավարման մեջ։ Բացման խոսքով հանդես է եկել նաև Բաց կառավարման գործընկերությունը համակարգող, վարչապետի աշխատակազմի մասնակցային և բաց կառավարման հարցերի վարչության պետ Լիլիա Աֆրիկյանը՝ նշելով, որ «Բաց կառավարման գործընկերության» անդամ 75 երկրներում անցկացվում են տարբեր միջոցառումներ՝ կապված արդիական մարտահրավերների և հանրային պահանջների հետ։

«Մենք այսօր որոշեցինք խոսել հանրային երկխոսության մասին, որը մեր երկրում արտահայտվում է հանրային մասնակցության տեսքով՝ ինչ է մասնակցային կառավարումը, ինչ տենդենցներ ունենք, ինչ նախաձեռնություններ կան»,- նշել է Աֆրիկյանը։
Նրա խոսքով՝ վարչապետի աշխատակազմում մեկ տարի գործող մասնակցային և բաց կառավարման վարչությունը մի շարք քայլեր է իրականացրել՝ հիմնվելով տարբեր զեկույցների, առաջարկությունների և հանրության կողմից բարձրացված հարցերի վրա։
Աֆրիկյանը նշել է, որ իրականացվող մեխանիզմները միտված են քաղաքականությունների մշակման գործընթացում հանրային ներգրավվածության ապահովմանը, նոր գաղափարների և հանրային լսումների խթանմանը, ինչպես նաև որոշումների կայացումն ավելի փաստահենք և քաղաքացիների կարիքների վրա հիմնված դարձնելուն։

Նա անդրադարձել է նաև տեխնոլոգիական զարգացմանն ու արհեստական բանականության կիրառման հնարավորություններին՝ նշելով, որ դրանք կարող են հեշտացնել բյուրոկրատական գործընթացներն ու վերլուծությունները։
«Այսօր արագ զարգանում է նաև արհեստական բանականությունը։ Դա որոշակի առումով խուճապ է առաջացնում մարդկանց մոտ, բայց երբ տեսնում ես, թե ինչպես են ճիշտ կիրառվում այդ մեխանիզմները բյուրոկրատական գործընթացներն ու վերլուծությունները հեշտացնելու համար, դա որոշակի հույս է ներշնչում»,- նշել է նա։
Աֆրիկյանը կարևորել է նաև Ազգային ժողովի կողմից ընդունված «Կիբեռանվտանգության մասին» և «Հանրային տեղեկությունների մասին» օրենքները՝ նշելով, որ դրանք հիմք են հանդիսանալու ոչ միայն թվայնացման, այլ նաև տվյալների քաղաքականության զարգացման համար։
Քննարկման ընթացքում Հայաստանի տեղեկատվական համակարգերի գործակալության տնօրեն Արթուր Սարգսյանը ներկայացրել է թվային քաղաքականության, տեղեկատվական համակարգերի կարգավորման և լիազոր մարմնի դերի վերաբերյալ թեմաները։

«Թվային ժողովրդավարական գործիքները Հայաստանում և դրանց դերը մասնակցայնության խթանման գործում» թեմայով պանելային քննարկումը վարել է Լիլիա Աֆրիկյանը։
Քննարկմանը որպես խոսնակներ մասնակցել են «Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն» ՀԿ ներկայացուցիչ Անուշ Հակոբյանը, Հայաստանի Կայուն զարգացման նպատակների ազգային նորարարական կենտրոնի ներկայացուցիչ Նաիրի Շորճեանը և «Արմավիրի զարգացման կենտրոն» ՀԿ ղեկավար Նաիրա Առաքելյանը։
Միջոցառումն ավարտվել է ամփոփիչ ելույթներով, որոնցով հանդես են եկել Ժերոմ Լեյրոն և Լիլիա Աֆրիկյանը։