Ռուսաստան

Հայաստանն ու Ռուսաստանը պայմանավորվել են մի քանի հայկական ձեռնարկություններում բուսասանիտարական ստուգումներ անցկացնելու մասին

2 րոպեի ընթերցում

Հայաստանն ու Ռուսաստանը պայմանավորվել են մի քանի հայկական ձեռնարկություններում բուսասանիտարական ստուգումներ անցկացնելու մասին

Ռուսաստանի Դաշնության անասնաբուժական և բուսասանիտարական վերահսկողության դաշնային ծառայությունը (Ռոսսելխոզնադզոր) Հայաստանի Հանրապետության սննդամթերքի անվտանգության տեսչության պետ Տիգրան Պետրոսյանի հետ բանակցություններից հետո հայտարարել է մի քանի հայկական ձեռնարկություններում ստուգումներ անցկացնելու պայմանավորվածության մասին։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ «Ռոսսելխոզնադզոր»-ի տարածած հաղորդագրության համաձայն՝ հայկական կողմի խնդրանքով՝ «Ռոսսելխոզնադզոր»-ը նաև կստուգի այն ձեռնարկությունները, որոնց առաքումները Ռուսաստան կասեցվել էին «կեղծ, ենթադրաբար եվրոպական ծագում ունեցող ձկնամթերքի կասկածելի ներմուծման պատճառով»։

«Ներմուծված ծիածանափայլ իշխանի, այդ թվում՝ լուսանկարների նախնական ստուգումը և վերլուծությունը «Ռոսսելխոզնադզոր»-ում կասկածներ են առաջացրել արտադրանքի արտադրության համար օգտագործված հումքի ծագման վերաբերյալ։ Անասնաբուժական փաստաթղթերում հայտարարագրված ծիածանափայլ իշխանը ձևաբանական բնութագրերով չէր համապատասխանում ներմուծված ձկանը։ Այն ուներ այս տեսակի համար ոչ տիպիկ գունավորում և անբնականորեն մեծ քաշ՝ ավելի քան 5,5 կգ։ Սա ցույց է տալիս, որ ձուկը պատկանում էր սաղմոնի այլ ընտանիքի կամ այլ տեսակի»,-ասված է ծառայության հաղորդագրության մեջ։

Նշվում է, որ ձեռք բերված համաձայնություններից հետո և հայկական կողմի խնդրանքով, «Ռոսսելխոզնադզոր»-ը նախատեսում է ստուգել Հայաստանի  բուսաբուծական ձեռնարկությունները՝ ապահովելու համար իսկապես հայկական և բուսասանիտարական առումով անվտանգ արտադրանքի մատակարարումը։

«Ծառայությունը մտահոգություն է հայտնել Հայաստանից Ռուսաստան ներմուծվող կարանտինային արտադրանքում ԵԱՏՄ անդամ պետությունների կողմից կարանտինացված օրգանիզմների հայտնաբերման աճող թվի վերաբերյալ»,-նշել է «Ռոսսելխոզնադզոր»-ը։

Բացի այս, հաղորդագրության մեջ նաև նշվում է, որ ներկայում ծառայության տարածքային գրասենյակը ուժեղացրել է Հայաստանից Ռուսաստան մատակարարվող կարանտինային ապրանքների բուսասանիտարական վերահսկողությունը։

Կարդացեք հոդվածը` EnglishفارسیРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում