Մշակույթ

Հայկական արվեստը՝ համաշխարհային համատեքստում. Երևանում կանցկացվի մշակույթին նվիրված համաժողով

3 րոպեի ընթերցում

Հայկական արվեստը՝ համաշխարհային համատեքստում. Երևանում կանցկացվի մշակույթին նվիրված համաժողով

Հայկական արվեստը համաշխարհային համատեքստում ուսումնասիրելու նպատակով Հայաստանում կանցկացվի երկօրյա համաժողով։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ մայիսի 15-ին և 16-ին Armenian Modern and Contemporary Art Project (AMCA)-ը կներկայացնի «Մշակութային համատեքստ և ինքնություն․ հայկական արվեստը համաշխարհային երկխոսության մեջ» միջազգային համաժողովը։

Այն կմիավորի հետազոտողների, համադրողների և տարբեր հաստատությունների Հայաստանից, Եվրոպայից և առավել լայն տարածաշրջանից։

Երկօրյա ծրագիրը կառուցված է չորս հիմնական ուղղությունների շուրջ՝ հաստատություններ, աջակցություն և մշակութային քաղաքականություն, թվային գիտելիք և արվեստի ապագա, գեղարվեստական երկխոսություններ և ազդեցություններ, ժամանակակից հայկական արվեստի շարժումներ։ 

Համաժողովը AMCA նախաձեռնության առաջին խոշոր հանրային միջոցառումն է: AMCA-ն երկարամյա նախագիծ է, որը ձևավորվել է միջազգային հետազոտությունների և համագործակցության արդյունքում։ Այն նպատակ ունի արձագանքել համաշխարհային արվեստի պատմության մեջ հայկական արվեստի սահմանափակ ներկայացվածությանը և նպաստել ապագա հրատարակությունների ստեղծմանն ու թվային արխիվի զարգացմանը։

Մասնակիցների թվում են միջազգային առաջատար մասնագետներ դոկտոր Իեն Ռոբերթսոնը, Պեդրո Լապան և Ալֆրեդո Կրամերոտտին, ինչպես նաև տարածաշրջանային հաստատություններ և արվեստագետներ։ 

«Հայկական արվեստը երկար տարիներ մնացել է համաշխարհային արվեստի պատմության լուսանցքում՝ ոչ թե արժեքի բացակայության, այլ բավարար ներկայացվածության և համակարգված հետազոտության պակասի պատճառով»,- նշում է AMCA ղեկավար Զառա Ուզունյան-Հալպինը։ 

«Այս համաժողովը կարևոր քայլ է միջազգային մասնագիտական երկխոսության ձևավորման, նոր համագործակցությունների ստեղծման և հայկական արվեստը գլոբալ մշակութային քարտեզի վրա առավել տեսանելի դարձնելու ուղղությամբ»,- նշում է AMCA-ի փոխտնօրեն և հետազոտությունների ղեկավար, համաժողովի նախագահող դոկտոր Իեն Ռոբերթսոնը։ 

Համաժողովն իրականացվում է Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության աջակցությամբ, Հայաստանում Գյոթե ինստիտուտի և EUNIC-ի հետ գործընկերությամբ։

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում