Պետեր Մադյարն ընտրվել է Հունգարիայի վարչապետի պաշտոնում
1 րոպեի ընթերցում

Հունգարիայի ընտրություններում հաղթած «Տիսա» կուսակցության առաջնորդ Պետեր Մադյարը ընտրվել է Հունգարիայի վարչապետի պաշտոնում:
‹‹Արմենպրես››-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում է Guardian-ը:
Նշվում է, որ Հունգարիայի խորհրդարանի առաջին նիստում նրա թեկնածությանը կողմ են քվեարկել 140, դեմ՝ 54, 1՝ ձեռնպահ պատգամավոր։
Քվեարկության արդյունքների հրապարակումից անմիջապես հետո Մադյարը երդվել է որպես երկրի նոր կառավարության ղեկավար։ Նա կփոխարինի Վիկտոր Օրբանին, ով 16 տարի անխափան կառավարումից հետո իր «Ֆիդես-Հունգարիայի քաղաքացիական միություն» կուսակցությունը տեղափոխում է ընդդիմություն։
Հունգարիայի խորհրդարանական ընտրությունները տեղի են ունեցել ապրիլի 12-ին։ Հունգարիայի ընտրական հանձնաժողովի տվյալների համաձայն՝ «Տիսա»-ն ստացել է խորհրդարանի 199 տեղից 138-ը, ինչը բավարար է սահմանադրական մեծամասնության համար։ Երկրորդ տեղն զբաղեցրած «Ֆիդես»-ը պետք է ստանա 55 մանդատ: