Կրթություն

«Դասարան + Դասական» թատերական կրթական ծրագրի հայտերը կընդունվեն մինչև մայիսի 17-ը

2 րոպեի ընթերցում

«Դասարան + Դասական» թատերական կրթական ծրագրի հայտերը կընդունվեն մինչև մայիսի 17-ը

Հայաստանի կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ մեկնարկում է «Դասարան + Դասական» թատերական կրթական ծրագիրը, որն այս տարի կանցկացվի հունիսի 2-18-ը։

Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է ԿԳՄՍ նախարարության տարածած հաղորդագրությունից, ծրագրին կարող են դիմել ՀՀ հանրակրթական դպրոցներում և միջին մասնագիտական ուսումնական հաստատություններում սովորող 14–18 տարեկան պատանիները։

Ծրագրին մասնակցությունն անվճար է, մասնակիցների ընտրությունը կատարվում է մրցույթով, որը բաղկացած է երկու փուլից՝

  • առցանց հայտի և տեսանյութի ներկայացում,
  • հարցազրույց նախնական փուլը հաղթահարած դիմորդների համար։

Մասնակցության համար անհրաժեշտ է՝

  • նկարահանել մինչև 3 րոպե տևողությամբ տեսանյութ
  • մինչև մայիսի 17-ը լրացնել առցանց հայտը՝ https://forms.gle/9w1DvCS5E9fjzN8b7

Մրցույթի արդյունքում ՀՀ տարբեր դպրոցների 72 աշակերտներ հնարավորություն կստանան մասնակցելու «Դասարան + Դասական» թատերական կրթական ծրագրին։

Ծրագիրը կիրականացվի երկու վայրում՝

  • Երևանում՝ Գաբրիել Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնում
  • Գյումրիում՝ Վարդան Աճեմյանի անվան պետական դրամատիկական թատրոնում

Երևանում կձևավորվեն դրամատիկ, մնջախաղի, մյուզիքլի և պարի խմբեր, Գյումրում՝ դրամատիկ խումբ։ Ծրագրի ընթացքում մասնակիցները կաշխատեն խմբերով՝ մասնագետների և դասախոսների ղեկավարությամբ։ Ծրագրի ավարտին կստեղծվի էտյուդներից կազմված բեմադրություն, որը կներկայացվի հանդիսատեսին Գաբրիել Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնում։

Ծրագիրն իրականացնում է Գաբրիել Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնը․ այն միտված է ամրապնդելու դպրոց–թատրոն կապը և նպատակ ունի նպաստելու մասնակիցների մասնագիտական կողմնորոշմանը, ինչպես նաև ապահովելու մշակութային փորձառություն, գիտելիքների և հմտությունների զարգացում։

«Դասարան + Դասական» թատերական կրթական ծրագրի վերաբերյալ առցանց տեղեկատվական հանդիպումը տեղի կունենա մայիսի 12-ին ժամը 15:00-ին հետևյալ հղմամբ՝ https://meet.google.com/rxy-ghnn-wqi:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում