Նիկոլ Փաշինյանը դատի կտա Սամվել Կարապետյանին «հալյուցինացիաներ առաջացնող չինական սնկերի» վերաբերյալ հայտարարության համար
2 րոպեի ընթերցում

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն արձագանքել է «Ուժեղ Հայաստան» կուսակցության նախագահ Սամվել Կարապետյանի այն հայտարարությանը, թե «իր տեղեկություններով՝ Հայաստանի վարչապետը Չինաստանից իր հետ մեկ տոննա հալյուցինացիա առաջացնող սունկ է բերել, որն ամեն օգտագործում է ելույթ ունենալուց առաջ»։
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Սամվել Կարապետյանը նման հայտարարություն էր արել մայիսի 7-ին կայացած մամուլի ասուլիսի ժամանակ՝ լրագրողներին կոչ անելով լուրջ չվերաբերվել Նիկոլ Փաշինյանի ելույթներին և հայտարարություններին։
Նիկոլ Փաշինյանից Սամվել Կարապետյանի հայտարարության վերաբերյալ լրագրողները մեկնաբանություն խնդրեցին Կառավարության նիստից հետո նրա ճեպազրույցի ընթացքում։ Փաշինյանն այդ պահին նշեց, որ չի կարող մեկնաբանել մի հայտարարություն, որը չի լսել։
Փաշինյանն այնուհետև Կարապետյանի հայտարարությանն արձագանքել է «Ֆեյսբուք»-ի իր էջում հրապարակած տեսանյութով։ Փաշինյանն ասել է, որ դատի է տալու Սամվել Կարապետյանին։
«Ինձ ցույց տվեցին կալուգացի օլիգարխի տխմար հայտարարությունը հալյուցինացիա առաջացնող մեկ տոննա սնկերի վերաբերյալ։ Բնականաբար, դատի եմ տալու կալուգացի օլիգարխին և բառիս իրավական իմաստով մեկ տոննա հալյուցինացիա առաջացնող սունկ եմ կերցնելու կալուգացի օլիգարխին։ Կներեք կոշտ բառապաշարիս համար, բայց, ի վերջո, ամեն ինչ չափ ու սահման ունի»,- ասել է Փաշինյանը։