ԱՀԿ ղեկավարը հանտավիրուսի տարածումը չի նմանեցնում համավարակի
2 րոպեի ընթերցում

Ատլանտյան օվկիանոսում զբոսանավի ուղևորների շրջանում հանտավիրուսի տարածումը կարծես թե նման չէ կորոնավիրուսի տարածման սկզբին։
Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով «ՌԻԱ Նովոստի»-ին, այս մասին ասել է Առողջապահության համաշխարհային կազմակերպության գլխավոր տնօրեն Թեդրոս Ադհանոմ Գեբրեյեսուսը։
AFP-ն գրել է, որ նա չի հավատում, որ մայիսի սկզբին Ատլանտյան օվկիանոսի զբոսանավի վրա հանտավիրուսի բռնկման հետևանքով ստեղծված իրավիճակը նման է COVID-19 համավարակի վաղ փուլերին։
Ըստ Գեբրեյեսուսի՝ աշխարհի մնացած մասի համար ռիսկերը ներկայումս ցածր են։
Ատլանտյան օվկիանոսի զբոսանավում վիրուսի բռնկման մասին հաղորդվել է մայիսի սկզբին։ Նավի վրա եղել է 149 մարդ։ Վերջին հաղորդագրությունների համաձայն՝ յոթ ուղևորի մոտ ախտորոշվել է հիվանդություն։ Նրանցից երեքը մահացել են։
Շվեյցարիայի կառավարությունն էլ ավելի վաղ հայտնել էր, որ երկրում մեկ տղամարդ է հոսպիտալացվել հանտավիրուսով. նա մինչ այդ ճանապարհորդել էր MV Hondius զբոսանավով։ Կառավարությունը կարծում է, որ հիվանդության տարածման վտանգ չկա։
Հանտավիրուսը հարուցիչների խումբ է, որը վնասում է թոքերն ու երիկամները: Վիրուսի տարբերակների մեծ մասը կարող է փոխանցվել միայն կրծողների կամ նրանց կղանքի հետ շփման միջոցով: