3 րոպեի ընթերցում
Հայաստանի Հանրապետությունում ջրային խնդիրները առաջիկա հնգամյակում լինելու են պետական քաղաքականության առաջնահերթ ուղղություններից մեկը։
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ կառավարության նիստում այս մասին հայտարարել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Վարչապետը նշել է, որ Հայաստանում գրեթե չկա բնակավայր, որտեղ ջրի հետ կապված խնդիրներ չլինեն։
Նրա խոսքով՝ բազմաթիվ համայնքներում ոռոգման ջրի պակասի պատճառով քաղաքացիները ոռոգման նպատակով օգտագործում են խմելու ջուրը, ինչը հանգեցնում է ինչպես ջրի կորուստների, այնպես էլ մատակարարվող ջրի ծավալի նվազման։
«Հաջորդ 5 տարում ջրային խնդիրները մեզ համար լինելու են 5 առաջնահերթություններից մեկը։ Ինչպես նախորդ շրջանում խաղաղության օրակարգն էր մեզ համար առաջնահերթություն, հաջորդ հնգամյակում ջրի հետ կապված հարցերը լինելու են բացարձակ առաջնահերթություն»,-ասել է Փաշինյանը։
Նրա գնահատմամբ՝ առանց ջրային ոլորտում խորքային և համակարգային բարեփոխումների, տնտեսության հետագա զարգացումը կարող է կանգ առնել։
«Մեր տնտեսությունը եկել, զարգացել, հասել է մի կետի, որ առանց ջրային ոլորտում ֆունդամենտալ բարեփոխումների մենք կսկսենք տեղապտույտի վիճակում հայտնվել»,-ընդգծել է նա։
Վարչապետը նշել է, որ այս ուղղությամբ նախապատրաստական աշխատանքները շարունակվում են արդեն շուրջ երկու տարի, և առաջիկայում հնարավոր կլինի անցնել ծրագրերի իրականացման փուլին։
Միաժամանակ նա ընդգծել է խնդրի մասշտաբայնությունը՝ նշելով, որ խոսքը վերաբերում է երկրի ջրային ենթակառուցվածքների լայնածավալ վերափոխմանը։
Փաշինյանի խոսքով՝ հանրապետությունում առկա են ինչպես չոռոգվող հողատարածքներ, այնպես էլ բնակավայրեր և առանձին թաղամասեր, որտեղ ջրի հասանելիությունը սահմանափակ է։
Նա նաև ուշադրություն է հրավիրել կոյուղու և ջրահեռացման համակարգերի խնդրին՝ նշելով, որ նույնիսկ Երևանում կան ամբողջական թաղամասեր, որոնք չունեն կոյուղու համակարգ։
Վարչապետը կարևորել է նաև օգտագործված ջրի կառավարման հարցը՝ ընդգծելով, որ ապագայում պետք է բացառվի ջրի արտահոսքը բնություն՝ առանց մաքրման։
«Մեր ռազմավարական մոտեցումն այն է, որ օգտագործումից հետո որևէ ջուր առանց մաքրման չպետք է բաց թողնվի բնություն»,-նշել է նա։
Փաշինյանը հավելել է, որ ոլորտում բարեփոխումները պահանջում են ոչ միայն ենթակառուցվածքային ներդրումներ, այլև կրթական և սոցիալ-հոգեբանական աշխատանքի իրականացում՝ ջրի օգտագործման մշակույթի ձևավորման ուղղությամբ։