Պայմանական վաղաժամկետ ազատման կարգը կկատարելագործվի․ ԱԺ հանձնաժողովը դրական եզրակացություն է տվել նախագծին
4 րոպեի ընթերցում

Ազգային ժողովի պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի ապրիլի 29-ի նիստում քննարկվել է «Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում փոփոխություն և լրացումներ կատարելու մասին» և «Հայաստանի Հանրապետության քրեակատարողական օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքների նախագծերի փաթեթը, որը միտված է պայմանական վաղաժամկետ ազատման ինստիտուտի կատարելագործմանը։
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ հիմնական զեկուցող, Արդարադատության նախարարի տեղակալ Գևորգ Քոչարյանի խոսքով՝ գործող կարգավորմամբ դատապարտյալը կարող է պայմանական վաղաժամկետ ազատվել, եթե կրել է օրենքով նախատեսված պատժի նվազագույն ժամկետը, դրսևորել է պատշաճ վարքագիծ, և դատարանը գնահատել է, որ նրա վերասոցիալականացումը հնարավոր է, իսկ նոր հանցանք կատարելու հավանականությունը՝ ցածր։
«Նոր հանցանքի ռիսկի գնահատման ժամանակ հաշվի է առնվում նաև տուժողին պատճառված վնասի հատուցումը»,- հավելել է փոխնախարարը։
Փոխնախարարը նշել է, որ նախագծով առաջարկվում է վնասի հատուցումը դիտարկել որպես դատապարտյալի վարքագծի ցուցիչ, այլ ոչ թե նոր հանցանքի ռիսկի անմիջական չափանիշ։
«Գործնականում դատարանները հաճախ մերժում են պայմանական վաղաժամկետ ազատման միջնորդությունները՝ պատճառաբանելով վնասի չհատուցումը, մինչդեռ քրեակատարողական հիմնարկներում դատապարտյալների աշխատելու և եկամուտ ստանալու հնարավորությունները սահմանափակ են։
Առաջարկվող փոփոխությամբ ամրագրվում է, որ դատապարտյալի վարքագիծը չի կարող գնահատվել որպես ոչ պատշաճ միայն այն հիմքով, որ նա չի հատուցել կամ այլ կերպ չի հարթել տուժողին պատճառված վնասը։ Այդ դեպքում դատարանը կարող է կայացնել պայմանական վաղաժամկետ ազատման որոշում՝ միաժամանակ դատապարտյալի վրա դնելով վնասը հատուցելու կամ այլ կերպ հարթելու պարտականություն փորձաշրջանի ընթացքում։ Պարտավորությունը չկատարելու դեպքում, պրոբացիայի ծառայության միջնորդությամբ, դատարանը կարող է վերացնել պայմանական վաղաժամկետ ազատման որոշումը, և անձը կշարունակի պատիժը կրել քրեակատարողական հիմնարկում»,- ասել է փոխնախարարը։
Քոչարյանը տեղեկացրել է, որ փոփոխություններ են առաջարկվում նաև Քրեակատարողական օրենսգրքում։ Մասնավորապես՝ նախատեսվում է ստեղծել վերասոցիալականացման գնահատման հանձնաժողով, որը պարբերաբար կգնահատի դատապարտյալի հետ տարվող աշխատանքների արդյունքները և կներկայացնի համապատասխան եզրակացություն։
«Եթե ներկայում գնահատումն իրականացվում է 3-ից 6 ամիս պարբերականությամբ, ապա նախագծով առաջարկվում է սահմանել 3-ից 12 ամիս միջակայք՝ հաշվի առնելով, որ որոշ դեպքերում 6 ամիսը բավարար չէ վերասոցիալականացման արդյունավետությունը լիարժեք գնահատելու համար»,- նշել է փոխնախարարը։
Բացի այդ, առաջարկվում է պայմանական վաղաժամկետ ազատման գործընթացում գործողությունների մի մասը վերապահել անմիջապես քրեակատարողական հիմնարկներին։ Նախատեսվում է, որ հենց հիմնարկը կազմի դատապարտյալի վերաբերյալ զեկույցը և այն ներկայացնի ու պաշտպանի դատարանում՝ հաշվի առնելով, որ անհրաժեշտ տվյալներն ու փաստաթղթերը գտնվում են այնտեղ։
ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովը դրական եզրակացություն է տվել օրենքների նախագծերի փաթեթին։