Ծանրամարտի հավաքականների գլխավոր մարզիչներն ամփոփել են Եվրոպայի առաջնության արդյունքները
2 րոպեի ընթերցում

Հայաստանի ծանրամարտի տղամարդկանց ու կանանց թիմերի գլխավոր մարզիչները` Հակոբ Փիլոսյանն ու Արտաշես Ներսիսյանն ամփոփել են մարզիկների կատարած աշխատանքը Եվրոպայի առաջնությունում:
«Այս առաջնությունը լավն էր մեզ համար: Ունեցանք 6 մեդալ՝ երկու ոսկե մեդալ, 3 արծաթե մեդալ ու մեկ բրոնզե մեդալ: Ինձ համար որպես հավաքականի գլխավոր մարզիչ առաջին փորձությունն էր: Գուցե ինձ ժամանակ է պետք, որ էլ ավելի լավ հասկանամ, թե ինչու որոշ մարզիկների մոտ բացթողումներ եղան»,-«Արմենպրես»-ի մամուլի սրահում` լրագրողների հետ զրույցում ասաց Հայաստանի ծանրամարտի տղամարդկանց թիմի գլխավոր մարզիչ Հակոբ Փիլոսյանը:

Կանանց հավաքականի գլխավոր մարզիչ Արտաշես Ներսիսյանի կարծիքով` ի տարբերություն տղամարդկանց թիմի, կանանց ընտրանու դեպքում ընտրությունը կանանց ծանրամարտում քիչ է:

«Մենք մասնակցեցինք ամբողջ թիմով, քանի որ այժմ թիմում սերնդափոխություն է: Մի քանի մարզիկներ հրաժեշտ տվեցին սպորտին: Շատ եմ ցավում, որ նախորդ տարվա պես չկարողացանք թիմային հաշվարկում լինել առաջինը: Նախորդ տարվա մեդալների համեմատ մենք որակապես աճել ենք: Այս մրցաշարը կայացած եմ համարում, բայց աշխատելու տեղ ունենք: Հայաստանում կանանց ծանրամարտով զբաղվողների թիվը քիչ է: Եվ հենց դա է խնդիրը, որ սերնդափոխությունն այդպես սահուն չի լինում»,-ասաց նա:
Հայաստանի հավաքականից Եվրոպայի առաջնության ոսկե մեդալակիր են դարձել Վարազդատ Լալայանը, Էմմա Պողոսյանը ու Գարիկ Կարապետյանը, արծաթե մեդալակիրներ են դարձել Գառնիկ Չոլաքյանը, Ալեքսանդրա Գրիգորյանը, Գոռ Սահակյանն ու Արա Աղանյանը: Բրոնզե մեդալ է նվաճել Մարտին Պողոսյանը: Աննա Ամրոյանն էլ ոսկե մեդալակիր էր դարձել հրում վարժությունում, իսկ Լիանա Գյուրջյանը` արծաթե:
Հայաստանի ծանրամարտի տղամարդկանց հավաքականը երկրորդ տարին անընդմեջ Եվրոպայի առաջնության թիմային հաշվարկի հաղթողն է:Կանանց ընտրանին թիմային հաշվարկում երրորդն է: