Կրթություն

«Արհեստական բանականության սերունդ» դպրոցական ծրագիրը կրթական մեծ ռեֆորմի մի մասն է. ամփոփվեցին առաջին փուլի արդյունքները

4 րոպեի ընթերցում

«Արհեստական բանականության սերունդ» դպրոցական ծրագիրը կրթական մեծ ռեֆորմի մի մասն է. ամփոփվեցին առաջին փուլի արդյունքները

Երևանում կայացավ «Արհեստական բանականության սերունդ» դպրոցական ծրագրի առաջին շրջանավարտների ավարտական միջոցառումը։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ԿԳՄՍ նախարարության և Հայաստանի գիտության և տեխնոլոգիաների հիմնադրամի (FAST) համագործակցությամբ իրականացվող այս ծրագիրն աշխարհում առաջիններից է, որի շրջանակում ավագ դպրոցի աշակերտները ստանում են խորացված ԱԲ կրթություն հանրակրթական համակարգում։

ԿԳՄՍ փոխնախարար Արաքսիա Սվաջյանը նշեց, որ հաշվի առնելով ժամանակակից կրթության առջև ծառացած մարտահրավերները ու նաև արհեստական բանականության նման տեմպերով աճը՝ այս ծրագիրը շատ կարևոր նշանակության ունի հանրակրթության ոլորտում։  

«Սա նորարարական ծրագրերից է, որը դրվատանքի է արժանանում նաև տարբեր միջազգային հարթակներում։ Բոլորովին վերջերս ունեցել ենք երկրորդ կարգի մրցանակ Միացյալ Նահանգներում անցկացված մրցույթում, ինչը ևս մեկ անգամ վկայում է այն մասին, որ մեր գործընկերոջ՝ FAST հիմնադրամի հետ համատեղ ջանքերով անցկացվող ծրագիրը հնարավորություն է տալիս պետական հանրակրթական դպրոցներում սովորող շրջանավարտներին դառնալ ավելի մրցունակ, ժամանակակից կրթության ոլորտում ու արդի աշխարհում լինել ավելի պատրաստի կարողունակություններով օժտված շրջանավարտ»,- ասաց Սվաջյանը։

Փոխնախարարը հավելեց, որ ծրագիրը լինելու է շարունակական։ Այս տարի տեղի է ունենում ծրագրի փորձարկման առաջին փուլի ամփոփումը, սակայն ԿԳՄՍ նախարարությունն արդեն իսկ նախորդ տարի ընդլայնել է դպրոցների ցանկը, որովհետև գերատեսչությունը նպատակադրվել է ծրագրի շահառու դպրոցների թվաքանակը հասցնել 45-ի՝ ընդլայնելով նաև աշխարհագրությունը։ Բոլոր խոշոր համայնքներում գործող ավագ դպրոցների աշակերտները, որոնք հետաքրքրված կլինեն արհեստական բանականությունը հանրակրթական դպրոցներում խորացված ուսումնասիրելու հարցում, միանշանակ կմասնակցեն ծրագրին։

FAST հիմնադրամի գործադիր տնօրեն Սյուզաննա Շամախյանն իր հերթին նշեց, որ իրենք ԿԳՄՍ նախարարության հետ տարիներ շարունակ աշխատել են՝ կազմակերպելով տարաբնույթ միջոցառումներ։ 

«Եկավ այն պահը, երբ որոշեցինք համատեղ ծրագիր իրականացնել հանրակրթության ոլորտում, որովհետև շատ խնդիրներ առաջանում են նրանից, որ տարբեր երեխաներ հատկապես մարզային դպրոցներում հնարավորություն չունեն լավ մաթեմատիկական կրթություն ստանալ, ուստի նախարարության հետ մենք այս ծրագիրն իրականացնող հիմնական գործընկերն ենք։ Մշակում ենք հիմնական բովանդակությունն ու ԿԳՄՍ նախարարություն հետ կյայքի կոչում համատեղ ջանքերով։ Սա, ըստ էության, կրթական մեծ ռեֆորմի մի մասն է»,- ասաց Շամախյանը։

Նրա խոսքով՝ ծրագրի ամենակարևոր բաղադրիչն այն է, որ հնարավոր է բարդ ու նեղ մասնագիտական կրթություն տալ հանրակրթական դպրոցներում՝ ծրագիրը հասցնելով մասնագիտացված կրթօջախի մակարդակին, որը մրցունակ է ոչ միայն Հայաստանում, այլև ամբողջ աշխարհում։ Ծրագիրն արդեն իսկ արժանացել է մրցանակների՝ շահառու աշակերտներին տալով միջազգային մրցույթներին մասնակցելու հնարավորություն։

Միջոցառման ընթացքում 7 մարզի 14 ավագ դպրոցների 207 շրջանավարտներ ստացան ավարտական վկայականներ։ Նրանք անցել են «Արհեստական բանականության սերունդ» կրթական ծրագրի ամբողջական դասընթացը։

Կարդացեք հոդվածը` English
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում