Վարչապետ Փաշինյանը Բագրատաշենում ներկա է գտնվել նորակառույց մանկապարտեզի բացմանը
2 րոպեի ընթերցում

Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը Տավուշի մարզ կատարած այցի շրջանակում այցելել է Նոյեմբերյան համայնքի Բագրատաշեն բնակավայր, ներկա գտնվել բնակավայրի նորակառույց մանկապարտեզի բացման արարողությանը:
‹‹Արմենպրես››-ի հաղորդմամբ՝ վարչապետ Փաշինյանն այցի վերաբերյալ համապատասխան տեսանյութ է հրապարակել ‹‹Ֆեյսբուք››-ի իր էջում:
Բացման հանդիսավոր արարողությունից հետո վարչապետը շրջայց է կատարել նորակառույց մանկապարտեզում՝ ծանոթանալով սաների համար նախատեսված պայմաններին: Վարչապետին մանրամասն տեղեկություններ է հաղորդել Քաղաքաշինության կոմիտեի նախագահ Եղիազար Վարդանյանը:
Շրջայցի ընթացքում վարչապետն ուշադրություն է հրավիրել այն հանգամանքի վրա, որ նոր կառուցվող նմանատիպ մանկապարտեզների համար առավել նախընտրելի է ամբողջական փաթեթով նախագիծը:
‹‹Այնտեղ, որտեղ պետք է զրոյից կառուցել, կարծում եմ, այս մանկապարտեզի ձևի վրա պետք է կենտրոնանանք: Սա արդեն փաթեթով պատրաստված կառույց է, որը համալրված է նաև խաղահրապարակով և այլևս որևէ բան չկա այստեղ անելու: Ամեն ինչ փաթեթային է. կառուցում ու փոխանցում ես համայնքին, և վերջինս արդեն անելիք չունի: Մեզ համար էլ է հարմար, քանի որ մենք իմանում ենք, որ աշխատանքն ավարտել ենք և հանձնել համայնքին››,-շեշտել է վարչապետն՝ ընդհանուր առմամբ, գոհունակություն արտահայտելով կառուցված մանկապարտեզի աշխատանքների վերաբերյալ:
Վարչապետ Փաշինյանը շփումներ է ունեցել նաև տեղի բնակիչների հետ, ծանոթացել բնակավայրում առկա խնդիրներին և պատասխանել նրանց հուզող հարցերին:
Նոյեմբերյան համայնքի Բագրատաշեն բնակավայրի նորակառույց մանկապարտեզը նախատեսված է 140 երեխայի համար և ապահովված է ինչպես խաղահրապարակով, այնպես էլ կանաչ տարածքներով: