Հայաստան

Ծիծեռնակաբերդի հուշահամալիրը նրանց համար ոչ այլ ինչ է, քան «երեք մանեթանոց լացի» հարթակ. Վարչապետն անդրադարձել է համալիրի նորոգման շուրջ խոսակցություններին

3 րոպեի ընթերցում

Ծիծեռնակաբերդի հուշահամալիրը նրանց համար ոչ այլ ինչ է, քան «երեք մանեթանոց լացի» հարթակ. Վարչապետն անդրադարձել է համալիրի նորոգման շուրջ խոսակցություններին

Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիրի շինարարությանն ու  դրա շուրջ տարվող խոսակցություններին։

«Համոզված եմ, շատերդ այսօր եղել եք Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում և տեսել եք կառավարության նախաձեռնած նորոգման աշխատանքների արդյունքները երեք մույթերում, տեսել եք չնորոգված մույթերի դուրս պրծած քարերը, որոնք վախ են առաջացնում։ Հույս ունեմ, հետևություններ արել եք այս ընթացքում Ծիծեռնակաբերդի հուշահամալիրի նորոգման շուրջ էժան շոուներ կազմակերպողների վերաբերյալ: Պատերազմի եռագլուխ կուսակցության կողմից սնվող «երեք մանեթանոց լաց» դնողների նպատակն էր,  որ այս կամ նախորդ ապրիլի 24-ին փլուզվեր Ծիծեռնակաբերդի հուշահամալիրը կամ առնվազն մասնակի քար ընկներ, որպեսզի իրենք իրենց  երեք մանեթանոց լացուկոծը դնեին և շարունակեին։ Բայց մենք կանխեցինք դա։ Իրականացրեցինք երեք ամենավատ վիճակում գտնվող մույթերի  անհետաձգելի նորոգումը և ինչպես  տեսնում եք՝ ապրիրի 24-ին նույնպես նրանց կանխատեսած որևէ իրադարձություն, որի շուրջ նրանք ավանսով ողբում էին, տեղի չունեցավ»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ասել է վարչապետը ֆեյսբուքի իր էջում:

Նա նշել է նաև, որ 2015 թվականին Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի շենքի շահագործման պահից ի վեր,  թանգարանի տան տանիքը կաթում էր և այդ ընթացքում տանիքի առնվազն մի մեծ հատվածը ամբողջությամբ նորոգվել  և բերվել է այնպիսի տեսքի, որը պատշաճ է թանգարանին։

«Ես ուզում եմ հույս հայտնել, որ մեր քաղաքացիները պատերազմի եռագլուխ կուսակցության այս էժան գործելակերպից հետևություններ են արել , որովհետև Ծիծեռնակաբերդի հուշահամալիրը նրանց համար ոչ այլ ինչ է, քան երեք մանեթանոց լացի հարթակ»,-ասել է նա։

Անդրադառնալով  սոցիալական ցանցերում գրառումներին, թե Ծիծեռնակաբերդի հուշահամալիրը  առավոտից փակված էր քաղաքացիների համար, Փաշինյանն ասել է, որ  հուշահամալիրը 1967 թվականից ի վեր արարողակարգային միջոցառումների պահին մի որոշ ժամանակով փակվում է։

«Պետությունն ունի արարողակարգեր, ունի պարտավորություններ, ունի ընթացակարգեր և Հայաստանի Հանրապետությունն այսօր ամենաբարձր մակարդակով , ինչպես նախորդ ողջ շրջանում, պետք է հարգանքի տուրք մատուցի Հայոց ցեղասպանության, Մեծ եղեռնի զոհերի հիշատակին։ Եթե այդ արարողակարգային միջոցառումները տեղի չունենան, դա ևս մեկ լրացուցիչ աղմուկի պատճառ կդառնա»,-եզրափակել է Նիկոլ Փաշինյանը։

 

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում