Հայաստանը կարող է մտնել աշխարհի լավագույն հնգյակ GPU-ների քանակով․ Firebird AI-ի հետ պայմանագիր է ստորագրվել
10 րոպեի ընթերցում
Հայաստանի բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության և Firebird AI ընկերության միջև ապրիլի 17-ին ստորագրվեց բարձր արտադրողականությամբ հաշվողական ռեսուրսների ձեռքբերման պայմանագիր, որի համաձայն՝ պետությունը ձեռք կբերի 25 միլիոն ԱՄՆ դոլար արժողությամբ համապատասխան ռեսուրսներ։
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ պայմանագիրը ստորագրեցին ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության գլխավոր քարտուղար Դավիթ Գասպարյանը և Firebird AI ընկերության հիմնադիր և տնօրեն Ալեքսանդր Եսայանը:
Կարևորելով պայմանագրի կնքումը՝ ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանը նշեց, որ նախաձեռնությունը ունի ռազմավարական նշանակություն Հայաստանի տեխնոլոգիական զարգացման համար և հանդիսանում է պետություն-մասնավոր համագործակցության կարևոր օրինակ։
«Այսօր այն, ինչ մեզ հետ տեղի է ունենում, Հայաստանի Հանրապետության և սփյուռքի մեր հայրենակիցների ջանքերի համատեղման արդյունքն է։ Առանց մեկը մյուսի այս նախագիծը, իհարկե, տեղի չէր ունենա։ Այն երազողները, որոնք շատ կոնկրետ պատկերացնում էին, թե ինչպես կարելի է օգտագործել NVIDIA-ում մեր ընկերների ներկայությունը, և այն մարդիկ, որոնք այդ պահին հնարավորություն ունեին ազդելու Հայաստանի Հանրապետության կառավարության ներսում կայացվող որոշումների վրա, սկսեցին միասին մտածել, երազել և իրականացնել այդ գաղափարը։ Արդյունքում՝ Հայաստանի Հանրապետության և Միացյալ Նահանգների միջև քաղաքական ամենաբարձր մակարդակում կնքված ռազմավարական պայմանավորվածությունները հնարավորություն տվեցին այս նախագծին կյանք տալ, այն վերածել իրականության»,- ընդգծեց նախարարը։
Հայրապետյանի խոսքով՝ Firebird AI ընկերության հետ համագործակցությունը նպատակ ունի խթանել արհեստական բանականության, գիտության, ինժեներիայի և նորարարության զարգացումը Հայաստանում։
Նախարարն ընդգծեց, որ նախագծի շրջանակում ձեռք բերվող հաշվարկային ռեսուրսները կտրամադրվեն արհեստական բանականության ոլորտի մասնագետներին, հետազոտողներին, գիտնականներին, գիտահետազոտական և կրթական հաստատություններին, ինչպես նաև ստարտափներին։
«Այս ամբողջը իրագործելու համար դեռ նախորդ տարի ստեղծեցինք մի հարթակ, որը կոչվում է արհեստական բանականության վիրտուալ ինստիտուտ։ Այդ վիրտուալ ինստիտուտի միջոցով, արդեն ունենալով բարձր արտադրողականությամբ հաշվողական ռեսուրսներ, դրանք կտրամադրենք նորարարներին, հետազոտողներին, գիտնականներին և ստարտափներին։
Կարծում եմ՝ սա պետություն-մասնավոր համագործակցության փայլուն օրինակ է, որովհետև այդ ռեսուրսները, փաստորեն, Firebird ընկերությունը տրամադրում է բացառիկ արտոնություններով։ Այսինքն՝ այն ծառայությունը, որը նախատեսվում է արտահանել այլ երկրներ, բնականաբար, տրամադրվելու է այլ պայմաններով։
Սա ևս մեկ գեղեցիկ համագործակցություն է երկու կողմերի միջև՝ Հայաստանի Հանրապետության կառավարության և Firebird ընկերության։ Սա համատեղ ներդրում է տեխնոլոգիական զարգացման, մեր պետության տնտեսության զարգացման և նորարարությունների ոլորտներում»,- ավելացրեց նախարարը։
Նախարարը շնորհակալություն հայտնեց ծրագրի իրականացման գործում ներգրավված բոլոր կառույցներին և անձանց՝ ընդգծելով, որ այն համատեղ աշխատանքի արդյունք է։
Firebird AI ընկերության հիմնադիր և տնօրեն Ալեքսանդր Եսայանն իր հերթին արձանագրեց, որ ծրագիրը մեկ անձի կամ փոքր խմբի նախաձեռնություն չէ, այլ լայն համագործակցության արդյունք։
«Երազողներ շատ կային, բայց միայնակ, իհարկե, անհնար էր այն իրագործել։
Ուստի ցանկանում եմ շնորհակալություն հայտնել այն բոլոր մարդկանց, որոնք աջակցել են հենց առաջին օրից՝ գաղափարի ծնվելուց, իմ և Ռև Լիբարեդյանի միջև տեղի ունեցած խոսակցությունից սկսած մինչև կառավարության ջանքերը՝ արդեն ԱՄՆ-Հայաստան հարաբերությունների շրջանակում։ Այդ համագործակցությունը հնարավորություն տվեց ոչ միայն իրականացնել բիզնես ծրագիրը, այլև ստանալ քաղաքական անհրաժեշտ թույլտվությունները՝ Firebird ընկերության միջոցով նման չիպերի ձեռքբերման համար»,- ընդգծեց նա։
Firebird AI-ի հիմնադիրի խոսքով՝ արդեն ստացված լիցենզիաների ծավալը Հայաստանին տալիս է մրցակցային լուրջ առավելություն միջազգային մակարդակում։
«Այսօր իրականացվող առաջին փուլը, ինչպես նաև արդեն ստացված երկրորդ փուլի թույլտվությունը, որի գործարկման մասին շուտով կհայտարարենք, Հայաստանը դարձնում են աշխարհում գրեթե ամենամեծ երկիրը՝ այս ծավալով ստացված լիցենզիայով։
Նույնիսկ Արաբական Միացյալ Էմիրությունները և Սաուդյան Արաբիան հայտարարել են ավելի մեծ ծրագրերի մասին, սակայն մեր՝ արդեն ստացված թույլտվությունների ծավալը գերազանցում է այդ երկրների ցուցանիշներին»,- նշեց Եսայանը։
Նրա խոսքով՝ ծրագիրը նախատեսում է ոչ միայն տեխնոլոգիական ենթակառուցվածքների զարգացում, այլև դրանց լայն կիրառություն գիտության և բիզնեսի մեջ։
«Մենք հենց առաջին օրվանից միմյանց հետ քննարկել ենք, թե ինչպես այս ծառայողական ռեսուրսը կարող է ծառայել մեր թե՛ համալսարաններին, թե՛ ստարտափ համակարգին, և թե՛ այն ընկերություններին, որոնք նոր են սկսում գործունեություն ծավալել այս ուղղությամբ։ Եվ այն, ինչ խոստացել էինք, այժմ, կարելի է ասել, արդեն ձևակերպել ենք փաստաթղթային տեսքով։
Մենք Firebird-ում, իհարկե, շատ հպարտ ենք և ուրախ, որ կարողանում ենք մասնակցել այս ծրագրին, և դա լինելու է շարունակական։
Շուտով նաև կհայտարարենք Firebird Labs-ի մասին, որը մեր կողմից աջակցություն կլինի ստարտափներին՝ արդեն կրթական ոլորտում, ինչի մասին, իհարկե, հետագայում ավելի մանրամասն կխոսենք»,- հավելեց Եսայանը։
NVIDIA ընկերության փոխնախագահ Ռև Լեբարեդյանն իր հերթին նշեց, որ նախաձեռնությունը ձևավորվել է տարիներ առաջ և անցել է երկար ճանապարհ։
«Այն գաղափարը, որ պետք է ստեղծել արհեստական բանականության ենթակառուցվածք, որպեսզի Հայաստանը ոչ միայն հասնի մյուսներին, այլ նաև դառնա առաջատար, ձևավորվել է դեռևս 2018 թվականին՝ հեղափոխությունից հետո։ Այդ ժամանակ ես եկա Հայաստան՝ հանդիպելու վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ՝ քննարկելու տեխնոլոգիաների նշանակությունը և այն, թե ինչ կարելի է անել Հայաստանում՝ ճիշտ տեխնոլոգիական էկոհամակարգ ձևավորելու համար։
Շուտով, երբ վարչապետը այցելեց Միացյալ Նահանգներ, մենք նրան տարանք NVIDIA, որտեղ քննարկեցինք, թե ինչ կարող է անել Հայաստանը՝ օգնելու հայերին թռիչք կատարել դեպի ապագա։
Երբ նա հարցրեց մեր գլխավոր տնօրենին՝ Ջենսեն Հուանգին, թե ինչ պետք է անի Հայաստանը բարձր տեխնոլոգիաների ոլորտը առաջ մղելու համար, նա պատասխանեց․ «Դուք պետք է ձեր ժողովրդի համար անեք այն, ինչ ես արել եմ իմ ժողովրդի համար»,- ընդգծեց նա։
Լեբարեդյանի խոսքով՝ հաջողության համար կարևոր է եղել տարբեր կողմերի համատեղ աշխատանքը։
«Շատ անհաջող փորձեր եղան։ Շատերը չէին հասկանում, թե ինչի մասին ենք խոսում, երբ ասում էինք արհեստական բանականություն, բայց հիմա արդեն գիտեն, որ դա արժեք ունի և իրական գործընթաց է։
Ի վերջո, մենք կարողացանք բոլոր անհրաժեշտ բաղադրիչները միավորել։ Ունեցանք Կառավարության անհրաժեշտ աջակցությունը։ Միացան նաև ճիշտ մարդիկ»,-ընդգծեց նա։
NVIDIA ընկերության փոխնախագահը ներկայացրեց նաև ծրագրի տեխնիկական ծավալները։
«Առաջին փուլը արդեն գործարկվում է․ խոսքը մոտ 6000 GPU-ի մասին է, ինչը Հայաստանին դնում է այնպիսի երկրների շարքում, ինչպիսին Գերմանիան է՝ GPU-ների քանակով։
Տարեվերջին, երբ կգործարկվի երկրորդ փուլը, Հայաստանը կհայտնվի աշխարհի լավագույն հնգյակում՝ ոչ թե մեկ շնչին բաժին ընկնող, այլ ընդհանուր GPU-ների քանակով»,- շեշտեց Լեբարեդյանը։
Նրա խոսքով՝ Հայաստանը պետք է արագ օգտագործի ստեղծված հնարավորությունը։
«Բայց այստեղ կանգ առնել չի կարելի։ Պետք է օգտագործենք մեր առավելությունը և հնարավորինս արագ առաջ շարժվենք։ Պետք է լինենք այս տեխնոլոգիայի առաջնագծում և առաջ անցնենք մյուսներից, քանի դեռ ունենք այդ հնարավորությունը։
Այսօր ունենք նպաստավոր պայմաններ․ ունենք մարդկանց վստահությունը, ունենք Միացյալ Նահանգների կառավարության աջակցությունը, և մեր ճանապարհին իրական խոչընդոտներ չկան»,- ընդգծեց նա։
Ելույթի ավարտին նա շեշտեց, որ ծրագիրը դեռ սկզբնական փուլում է։
«Մենք կառուցում ենք հիմքի առաջին շերտը։ Առջևում շատ այլ շերտեր կան, որոնք պետք է կառուցենք։ Եվ սա հնարավորություն կտա մեր փոքր երկրին փոքր բնակչությամբ, գործել այնպես, ինչպես միլիարդավոր բնակչություն ունեցող երկրները՝ ունենալով համապատասխան հզորություն, կարողություններ և արտադրողականություն»,- եզրափակեց Լեբարեդյանը։