Մեկնարկել է «Ազգային գրադարանային շաբաթ» ծրագիրը
2 րոպեի ընթերցում

Հայկական գրադարանային ասոցիացիայի նախաձեռնությամբ ապրիլի 13-ից մեկնարկել է «Ազգային գրադարանային շաբաթ» ծրագիրը: Այս տարի այն կրում է «Դպրոցական գրադարանները նորարարության տիրույթում» խորագիրը:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունից հայտնում են, որ միջոցառումների հիմնական նպատակն է հանրության ուշադրությունը սևեռել դպրոցական գրադարաններին՝ կարևորելով կրթամշակութային գործընթացում դրանց դերը:
«Ազգային գրադարանային շաբաթ» ծրագրի շրջանակում ապրիլի 13-20-ն իրականացվելու են ճանաչողական այցեր, փորձի փոխանակման նպատակով կազմակերպվող հանդիպումներ, սեմինարներ՝ ՀՀ հանրակրթական ուսումնական հաստատությունների գրադարանային աշխատողների մասնակցությամբ:
Դպրոցական գրադարանների հիմնախնդիրներն արձանագրելու և լուծման ուղիներ գտնելու նպատակով ապրիլի 15-ին ժամը 13:00-ին տեղի կունենա կլոր սեղան-քննարկում՝ գրադարանային ոլորտի պետական կառույցների և Երևանի դպրոցական գրադարանների աշխատանքները համակարգող ներկայացուցիչների, ինչպես նաև դպրոցների գրադարանավարների մասնակցությամբ:
Ազգային գրադարանային շաբաթը կամփոփվի ապրիլի 20-ին:
«Ազգային գրադարանային շաբաթ» ամենամյա ծրագիրը կազմակերպվում և անցկացվում է 2002 թվականից՝ «Հայկական գրադարանային ասոցիացիա» ՀԿ-ի կողմից:
Այն հարթակ է առկա հիմնախնդիրների և դրանց կարգավորման ուղիների վերհանման, Հայաստանի գրադարանային ոլորտի զարգացման և գրադարանների դերի բարձրացման համար: