«USOOMFest 2026»-ը՝ մասնագիտական կողմնորոշման լավագույն հարթակ. Երևանում մեկնարկեց կրթական էքսպո-ցուցահանդեսը
5 րոպեի ընթերցում

«USOOMFest 2026» կրթական էքսպո-ցուցահանդեսը, որը մեկնարկեց ապրիլի 11-ին Ալ.Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում, մեկ հարկի տակ է համախմբել շուրջ երկու տասնյակ կրթական հաստատությունների՝ բազմապրոֆիլ բուհեր, նեղ մասնագիտական ուսումնական հաստատություններ ու առաջատար դպրոցներ:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ միջոցառումը լավագույն հարթակը կարող է դառնալ մասնագիտական կողմնորոշման համար, քանի որ այցելուները կարող են շրջել կրթական հաստատությունների տաղավարներում, ծանոթանալ նրանց ծրագրերին, ռազմավարությանն ու հեռանկարներին։
«USOOMFest 2026»-ի կազմակերպիչ Սերգեյ Քոչարյանի խոսքով՝ այցելուները հնարավորություն կունենան ծանոթանալ ավիացիայի, ճարտարապետության, դիզայնի և այլ ոլորտների արդիական ծրագրերին, մասնակցել հետաքրքիր ու ժամանցային խաղերի և հետևել ցուցադրական ելույթների:

«Այստեղ են համախմբվել Հայաստանում գործող լավագույն կրթական հաստատությունները, որոնց ներկայացուցիչներին մասնակիցները կարող են ուղղել թե՛ կրթական ծրագրերին, թե՛ ընդունելությանը, թե՛ ապագա կարիերային վերաբերող հարցեր»,-նշեց նա։
Հայաստանում ֆրանսիական համալսարանի հաղորդակցության գծով տնօրեն Ռոզա Մանուկյանն էլ նշեց, որ այսօր դպրոցականներին հաճախ են հարցնում, թե ավարտելուց հետո ինչ են անելու։ «Մեր օրերում մասնագիտություն ընտրելը սովորական երևույթ չէ. աշխարհն այնքան արագ է պտտվում, որ նույնիսկ չենք կարող կանխատեսել, թե վաղը որ հմտություններն են ամենապահանջվածը լինելու։ Այժմ, երբ տեղեկատվությունը բոլորին շատ հասանելի է, իսկ արհեստական բանականությունը փոխում է բոլորիս աշխատելու, սովորելու, նույնիսկ մտածելու ձևերը, շատ կարևոր է տեղեկատվությանը ոչ միայն տիրապետել, այլև կարողանալ այն ճիշտ օգտագործել, վերլուծել, համադրել ու տարբերել կարևորն անկարևորից։ Հենց այստեղ է առաջ գալիս որոշում կայացնող անհատի դերը։ Բարձրագույն կրթության այսօրվա ամենակարևոր առաքելությունը որոշում կայացնող անհատ կրթելն է»,-ընդգծեց նա։

Մանուկյանն ասաց, որ Ֆրանսիական համալսարանում փորձում են փոփոխվող աշխարհի մարտահրավերներն ինտեգրել։ 2025-ին բոլոր ուսանողների համար կազմակերպել են ԱԲ գործիքների կիրառության հատուկ դասընթաց, որի նպատակն է եղել նրանց պատրաստել մարտահրավերներին, մրցունակ դարձնել աշխատաշուկայում։ Բուհը շարունակում է մեծ տեղ հատկացնել բարձրագույն կրթության հիմնարար բաղադրիչին՝ գիտելիքի փոխանցմանն ավանդական ձևով։ «Հենց այդ ճանաչողական հմտությունների զարգացումն է, որ վաղը տարբերակելու է երիտասարդ մասնագետներին ու նրանց դարձնելու է որոշում կայացնող մասնագետներ։ Բարձրագույն կրթությունը նաև կապեր և ցանց ստեղծելն է։ Երբ ընդունվում եք համալսարան, հանդիպում եք համակուրսեցիների, դասախոսների, գործընկերների, գործատուների և այլոց։ Նրանք այդ համայնքի մի մասն են։ Ճիշտ համայնք ընտրելու դեպքում այն ձեզ զորեղացնում է, որովհետև մասնագիտական ուղին հաճախ կառուցվում է ոչ միայն գիտելիքների, այլև կապերի շնորհիվ»,-շեշտեց Ռոզա Մանուկյանն ու հավելեց՝ Ֆրանսիական համալսարանն ամենօրյա կապեր ունի բիզնես աշխարհի հետ, ինչի շնորհիվ կարողանում է հետևել աշխատաշուկայի պահանջներին ու արձագանքել այդ փոփոխություններին։
Վերջին հարցումների արդյունքում՝ Ֆրանսիական համալսարանի շրջանավարտների ընդամենը 3 տոկոսն է աշխատանք փնտրում։
Հայ-շվեյցարական հյուրընկալություն ակադեմիայի գլխավոր տնօրեն Խաչիկ Հակոբյանը հիշեցրեց, որ ակադեմիան իր դռները բացել է 2025-ի նոյեմբերի 1-ին։ «Այն ներկայացնում է Լոզանի հյուրընկալության միջազգային դպրոցի ծրագրերը Հայաստանում։ Սա մեզ համար մեծ պատիվ է, իսկ ուսանողների համար մեծ հնարավորություն է միջազգային շուկայում լինել մրցունակ, կրթված, կարողանալ ներկայանալ հայկական հյուրընկալությամբ»,-ասաց նա։

London Eye միջազգային ուսումնական կենտրոնի միջազգային ծրագրերի համակարգող Դիանա Հովնանյանն էլ ընդգծեց, որ իրենց կենտրոնը գործում է 18 տարի։ Տարիներ շարունակ կազմակերպում են World Education Fair-ը միջազգային գործընկերների՝ համալսարանների, դպրոցների համար, իսկ «USOOMFest 2026»-ը կազմակերպում են առաջին անգամ։ «Առաջատար հաստատություններ են այստեղ ներկայացված, շղթան լայն է՝ դպրոցական, ուսանողական ծրագրեր, բակալավրիատ, մագիստրատուրա և այլն։ Կարծում եմ՝ լավ հնարավորություն է բոլոր հաստատությունների ծրագրերի առավելություններին ծանոթանալու համար»,- ասաց նա։
Միջոցառմանը մասնակցում են Յորքի համալսարանի եվրոպական կամպուսը, «Գրիգորիս» բժշկահումանիտար քոլեջը, Ավիաուսումնական կենտրոնը, Հայաստանում ֆրանսիական, Հայաստանի եվրոպական համալսարանը և այլ հաստատություններ։