Հատուկ նախագծեր

«Երևանյան բեսթսելեր». «Քեզնից հեռու, քեզ հետ» գիրքն՝ առաջատար. հայ գրականություն. մարտ, 2026

8 րոպեի ընթերցում

«Երևանյան բեսթսելեր». «Քեզնից հեռու, քեզ հետ» գիրքն՝ առաջատար. հայ գրականություն. մարտ, 2026

«Արմենպրես» լրատվական գործակալության «Երևանյան բեսթսելեր» հեղինակային նախագիծն այս շաբաթ ներկայացնում է հայ գրողների գեղարվեստական ստեղծագործությունների լավագույն տասնյակը՝ ըստ մարտի վաճառքի տվյալների:

Առաջին տեղում է Գրիգոր Քեշիշյանի «Քեզնից հեռու, քեզ հետ» գիրքը։ Սիրո, հայրենասիրության, հայրենադարձության դժվար ու լուսավոր կողմերի մասին «Քեզնից հեռու, քեզ հետ» վիպակը 1940-ականներին Լիբանանից հայրենադարձված Գրիգոր Քեշիշյանի զգացմունքների ամփոփումն է մի գեղեցիկ սիրո պատմության տեսքով։ Վիպակը նամակների ժողովածու է, որ հայրենադարձման իր հերթին սպասող Սամվելը գրում է արդեն հայրենի հողի վրա ապրելու երազանքին հասած իր սիրելիին։ Բաժանումը ծանր վերք է բացում սիրելիների սրտերում, իսկ վերամիավորման սպասումը՝ բացահայտում նրանց ճակատագրի անսպասելի ոլորանները։

Աննա Առաքելյանի «Սպանիր ներսիդ թիթեռներին» գիրքը երկրորդ տեղում է։  Գիրքը մարդու ներքին պայքարի մասին է, այն պահի, երբ նա սկսում է հասկանալ, որ իր ներսի գեղեցիկ զգացումները միշտ չէ, որ իրեն դեպի լավն են տանում։ Գիրքը պատմում է մարդու մասին, ով երկար ժամանակ ապրել է հույսերով, իդեալական պատկերացումներով և սիրո մասին ստեղծած պատրանքներով։ Այդ հույսերը նրան ուժ են տվել, բայց միաժամանակ խլել են սթափ մտածելու կարողությունը։ Պատմության առանցքում գալիս է բեկումնային պահը, երբ մարդը ընտրության առաջ է կանգնում։ Կամ շարունակում է ապրել թիթեռներով, սպասումներով ու դատարկ խոստումներով, կամ համարձակվում է ընդունել իրականությունը այնպիսին, ինչպիսին կա։ Թիթեռներին «սպանելը» այստեղ դաժանություն չէ, այլ գիտակցված քայլ՝ հրաժարվել պատրանքներից և սկսել ապրել սթափ ու ազնիվ ինքն իր հետ։

Ռաֆայել Մարգարյանի «Սպասիր ինձ երկնքում» գիրքը երրորդ տեղում է։ Այս պատմության մեջ յուրահատուկ կերպով ընդգծվում է մարդկային բարությունը անձնազոհությունը, սերը և հավատը: Միևնույն ժամանակ ուշադրության են արժանանում կյանքի և աշխարհի մութ կողմերը, որոնք ամեն բան սևուսպիտակ են ներկում` հետք թողնելով սյուժեի վրա: Սակայն գրքում արտացոլված հավատն անչափ մեծ է, որ դրանք մի օր կլուսավորվեն, և աշխարհում կիշխի սերն ու բարեսրտությունը...

Ռուբեն Եսայանի «Մյուսը» գիրքը չորրորդ տեղում է։ Երևանում սեպտեմբեր-հոկտեմբեր ամիսների ընթացքում երեք երեխա է անհետացել: Յուրաքանչյուր երեխայի անհետացման վայրում հայտնաբերվել է միևնույն ձեռակերտ տիկնիկը՝ երեք տիկնիկներ, որոնք ավելի շատ հարցեր են առաջացնում, քան պատասխաններ տալիս: Շատերը խուճապի մեջ են, քանի դեռ ոստիկանությունը չի բացահայտել, թե ինչ կամ ով է թաքնված երեխաների առեղծվածային անհետացումների ետևում: Խորհրդավոր գործի հետաքննությունը հանձնվել է Քննչական կոմիտեի ավագ քննիչ Ազնավուր Արամյանին, որը շուտով հասկանում է, որ գործ ունի Հայաստանի պատմության ամենամութ և ամենասարսափելի դեպքերից մեկի հետ...

Ռաֆայել Մարգարյանի «Մնա ժպիտիս մեջ» գիրքը հինգերորդ տեղում է։ Այս պատմությունը «Սպասիր ինձ երկնքում» գրքի շարունակությունն է: Սա պատմություն է հավատալու, և սերը չկորցնելու մասին: Եվ ապացույցն է այն բանի, որ լույսը ծագում է իր ճիշտ ժամանակին, երբ շուրջբոլորը խրթին խավար է։ Ընթերցելով այս պատմությունը կիմանաք՝ ինչ փորձությունների միջով են ստիպված լինում անցնել արդեն սիրված հերոսները. որտեղ են գտնում իրենց հոգին ջերմացնող լույսը... Եվ թե ինչպես է ներկայի ու անցյալի միահյուսումը յուրահատուկ գործվածքի պես պատկերում հանգուցալուծումը...Այս գիրքը ոչ ոքի անտարբեր չի թողնի...

Գրիգոր Քեշիշյանի «Իսկ դու ինձ սիրո՞ւմ ես» գիրքը վեցերորդ տեղում է։ Իսկական սերը հաղթում է ցանկացած հեռավորություն։ Անցյալն ու ներկան խաչվում են, հիշողությունն ու հույսը` միախառնում՝ փորձելով պատասխանել մեկ վճռորոշ հարցի. արդյո՞ք սիրահարները քաջություն կունենան դիմադրելու ժամանակի ծանր հարվածներին և սիրելու իրենց հայրենիքը։ Չէ՞ որ հայրենիքը հողն է, որի վրա քայլում է սիրելիդ…

Էդգար Հարությունյանի «Լիլիթ» գիրքը յոթերորդ տեղում է։ Մենք սովոր ենք կարծել, թե ողնաշարը պարզապես մարմնի հենարանն է։ Բայց հեղինակի համար այն հիշողության, ցավի և վերածննդի քարտեզն է։ Գիրքը հենց այդ քարտեզի մասին է. 33 պատմություն, որոնք խորհրդանշում են մարդու ողնաշարի 33 ողերը՝ կառուցելով մեր ներքին առանցքը։

Ռաֆայել Մարգարյանի «Օգնիր սրտիս բաբախել» գիրքը ութերորդ տեղում է։ Գիրքը միստիկ տարրերով համեմված հոգեբանական վեպ է, որտեղ պատմվում է Ֆրանսիայում ապրող Ռևերդիների ընտանեկան դրամատիկ պատմությունը: Այստեղ հատվում է իրականության և անիրականի նուրբ սահմանը, սակայն այդ հատումը տեղի է ունենում արտասովոր կերպով: Այստեղ անիրականը ինչ-որ տեղ իրականությունն է, իսկ իրականությունը սկիզբ է առնում անիրականից... Այս պատմության էջերում նրբորեն ներկայացված է ծնողի և զավակի փոխադարձ սերը, նրանց կապը մինչև իսկ կյանքի ավարտից հետո...Պատմության էպիկենտրոնը մարդու հոգին է և այն, թե այդ հոգու ներսում որքան սեր ու հոգատարություն կարող է ապրել հարազատի հանդեպ:

 Գրիգոր Քեշիշյանի «Հանդիպում անցյալի հետ» գիրքը իններորդ տեղում է։ Լիբանանից Հայաստան տեղափոխված սովետահայ գրող Գրիգոր Քեշիշյանի «Հանդիպում անցյալի հետ» ժողովածուն ներառում է մի շարք պատմվածքներ և ժամանակին շատ հայտնի ու սիրված «Կտակ» վիպակը: Վիպակը ճակատագրի բերումով ԱՄՆ-ում հայտնված հայի զավակների մասին է, որոնք, տասնամյակներ անց, վերադառնում են Հայաստան՝ այստեղ իրենց ընտանիքի հետ վերամիավորվելու: Ժողովածուում է նաև հայտնի նկարիչ Գառզուի մասին պատմվածքը: Բոլոր ստեղծագործություններում կարմիր թելով անցնում է անցյալի հետ առերեսվելու գաղափարը:

Եղիշե Չարենցի «Երկիր Նաիրի»-ն տասներորդ տեղում է։ «Երկիր Նաիրի»-ն նվիրված է Եղիշե Չարենցի հայրենի քաղաքին՝ Կարսին, որտեղ անցել է նրա պատանեկությունը։ Քաղաքի անկումից հետո Չարենցը գրել է նրա վերջին տարիների պատմությունը, որում Կարսը կարծես կորստի խորհրդանիշ է։

Ցանկում ներառված չեն «Երևանյան բեսթսելեր» մրցանակի արժանացած գրքերը

Վարկանիշային ցուցակի կազմման հարցումներին մասնակցել են «Բուկինիստ» (011-53-74-13), «Հայ գիրք-Դարան» (56-80-38), «Զանգակ» (011-22-33-66), «Նոր գրախանութ» ( 044-53-74-74) գրախանութների և գրատների ցանցերը:

ՏեղՓոփոխ․Գիրք  Հրատ․Քանակ
10

Գրիգոր Քեշիշյան,

«Քեզնից հեռու, քեզ հետ» 

Դավինչի146
2+5

Աննա Առաքելյան,

«Սպանիր ներսիդ թիթեռներին» 

հեղ․ հրատ144
3-1Ռաֆայել Մարգարյան, «Սպասիր ինձ երկնքում»հեղ․ հրատ127
4նոր

Ռուբեն Եսայան,

«Մյուսը» 

Զանգակ98
5-2

Ռաֆայել Մարգարյան,

«Մնա ժպիտիս մեջ» 

հեղ․ հրատ72
6+2

Գրիգոր Քեշիշյան,

 «Իսկ դու ինձ սիրո՞ւմ ես»

Դավինչի68
7նոր

Էդգար Հարությունյան,

 «Լիլիթ»

հեղ․ հրատ45
8+2

Ռաֆայել Մարգարյան,

 «Օգնիր սրտիս բաբախել»

հեղ․ հրատ34
9*

Գրիգոր Քեշիշյան,

 «Հանդիպում անցյալի հետ»

Դավինչի25
10*

Եղիշե Չարենց,

 «Երկիր Նաիրի»

Էդիթ Պրինտ24
Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում