Քաղաքականություն

Ամբողջ աշխարհը գիտի, որ Սամվել Կարապետյանը չի կարող լինել վարչապետի թեկնածու. Փաշինյան

2 րոպեի ընթերցում

Ամբողջ աշխարհը գիտի, որ Սամվել Կարապետյանը չի կարող լինել վարչապետի թեկնածու. Փաշինյան

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը վերահաստատեց, որ գործող Սահմանադրության կարգավորումներով Ռուսաստանի Դաշնության քաղաքացիություն ունեցող գործարար, «Ուժեղ Հայաստան» կուսակցության նախագահ Սամվել Կարապետյանը չի կարող Հայաստանում լինել պատգամավորի և վարչապետի թեկնածու:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Փաշինյանն այս մասին ասաց լրագրողների հետ զրույցում՝  արձագանքելով այն դիտարկմանը, թե «Ուժեղ Հայաստան» քաղաքական ուժի ընտրական ցուցակը գլխավորում է Նարեկ Կարապետյանը, սակայն ուժն իր վարչապետի թեկնածու է ներկայացնում Սամվել Կարապետյանին:

«Ամբողջ աշխարհը գիտի, որ Ձեր նշած անձը չի կարող լինել պատգամավորի և վարչապետի թեկնածու: Եթե Հայաստանում դեռ մարդ կա, որի համար սրա հետ կապված ամեն ինչ դեռ պարզ չի, ի՞նչ կարող եմ ասել, ես ընդամենը կարող եմ արձանագրել ակնհայտը»- ասաց Փաշինյանը:

Հայաստանի Սահմանադրության 148-րդ հոդվածի համաձայն՝ Կառավարության անդամը պետք է բավարարի պատգամավորին ներկայացվող պահանջները։ Սահմանադրության 48-րդ հոդվածի համաձայն՝ Ազգային ժողովի պատգամավոր կարող է ընտրվել քսանհինգ տարին լրացած, վերջին չորս տարում միայն Հայաստանի Հանրապետության քաղաքացի հանդիսացող, վերջին չորս տարում Հայաստանի Հանրապետությունում մշտապես բնակվող, ընտրական իրավունք ունեցող և հայերենին տիրապետող յուրաքանչյուր ոք: Սամվել Կարապետյանը վերջին 4 տարիներին մշտապես Հայաստանում չի բնակվել, ինչպես նաև շրջանառվող լուրերի համաձայն՝ նա ունի նաև Ռուսաստանի և Կիպրոսի քաղաքացիություն։

Կարդացեք հոդվածը` Englishქართული
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում