Ֆինանսներ

Միջազգային ֆինանսական կառույցների ներկայացուցիչները Թբիլիսիում մասնակցել են LFG-ի կայուն զարգացման հաշվետվության ներկայացմանը

3 րոպեի ընթերցում

Միջազգային ֆինանսական կառույցների ներկայացուցիչները Թբիլիսիում մասնակցել են LFG-ի կայուն զարգացման հաշվետվության ներկայացմանը

Օրերս Թբիլիսիում Lion Finance Group միջազգային ֆինանսական խումբը, որի մաս է կազմում Ամերիաբանկը, ներկայացրեց իր կայուն զարգացման հաշվետվությունը: «Կայուն զարգացման հաշվետվություն 2025. ռազմավարությունից դեպի ազդեցություն» փաստաթղթի ներկայացմանը նվիրված միջոցառմանը մասնակցել են ներդրողներ, միջազգային ֆինանսական հաստատությունների, կարգավորող մարմինների և գործընկեր կազմակերպությունների ներկայացուցիչներ։ 

Միջոցառման շրջանակում կայացան պանելային մի քանի քննարկումներ, որոնք կենտրոնացած էին կայուն և ներառական տնտեսության զարգացման գործում ֆինանսական հատվածի դերի վրա։ Ամերիաբանկի ֆինանսական գծով տնօրեն Հովհաննես Թորոյանը վարել է քննարկումներից մեկը, որի խորագիրն էր «Ինչպես է կայուն զարգացումը վերափոխում կապիտալը, ռիսկը և երկարաժամկետ արժեքը»: Բանախոսները ներկայացնում էին միջազգային առաջատար այնպիսի ֆինանսական հաստատություններ, ինչպիսիք են East Capital Group-ը, J.P. Morgan-ը և S&P Global-ը։

Միջոցառման շրջանակում ներկայացված հաշվետվության մեջ շեշտվում է, որ ֆինանսական ներառականությունն առաջնահերթություն է և՛ Հայաստանում, և՛ Վրաստանում: Հատկապես կարևոր է երեխաներին և երիտասարդներին ֆինանսական գիտելիքներով զինելը: Որպես այս նպատակի իրագործման վառ օրինակ հիշատակվում է 2025 թվականին Ամերիաբանկի գործարկած MyAmeria Star հավելվածը, որը մշակված է հատուկ 6-ից 18 տարեկանների համար։ Հարթակը հիմնական ֆինանսական հասկացությունները ներկայացնում է տարիքին համապատասխան և գրավիչ ձևով՝ օգտատերերին հնարավորություն տալով ստանալ ֆինանսական գիտելիքներ առօրյա գործողությունների միջոցով։ 

Շահառուներին ուղղված խոսքում Lion Finance Group-ի նախագահ Մել Քարվիլը նշել է. «Ֆինանսական հատվածի զարգացմանը զուգահեռ, մեծանում է բնապահպանական նկատառումների, տեխնոլոգիական նորարարությունների և շահագրգիռ կողմերի փոփոխվող սպասումների ազդեցությունը բիզնեսի գործունեության և կապիտալի բաշխման վրա։ Այս պայմաններում ուժեղ կառավարումը, ճիշտ ռազմավարությունը և բիզնեսին պատասխանատու մոտեցումը կենսական են կայունությունը պահպանելու և մնայուն արժեք ստեղծելու համար»։

 

 

 

 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում